Ընդդիմության անցումը վերջնագրի լեզվին և Եվրախորհրդարանի նոր բանաձևը. նախորդ շաբաթը Հայաստանում

11.04.2011, 11:39
Ընդդիմության անցումը վերջնագրի լեզվին և Եվրախորհրդարանի նոր բանաձևը. նախորդ շաբաթը Հայաստանում
Ընդդիմության անցումը վերջնագրի լեզվին և Եվրախորհրդարանի նոր բանաձևը. նախորդ շաբաթը Հայաստանում

Արմատական ընդդիմության հերթական հանրահավաքը, Եվրախորհրդարանի նոր բանաձևը և փորձագետների գնահատականները ձևավորել են նախորդ շաբաթվա պատկերը Հայաստանում:

Դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ հաջորդ հանրահավաքը որոշիչ կլինի: Սակայն այս անգամ ևս հեղափոխություն տեղի չունեցավ, չնայած առաջնորդները կրկին «քաղաքացիական անհնազանդության ակցիայի» կոչ էին անում:

«Մենք ողջ Հայաստանի տարածքում քաղաքացիական անհնազանդության ակցիայի ենք նախապատրաստվում, քանի որ 100 հազար մարդկանց դիմումը (թույլ տալ հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում)  մերժվեց քաղաքապետարանի կողմից», - հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Արդյունքում, ինչպես և նախորդ անգամ, իրավապահ մարմինները թույլ տվեցին ցուցարարներին մտնել Ազատության հրապարակ: Սակայն դա չհանգստացրեց ընդդիմադիր շարժման առաջնորդներին: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մտավախություն ունի, որ երկրի իշխանությունները մտադիր են Ազատության հրապարակը ներառել այն տարածքների ցուցակում, որտեղ արգելվում է քաղաքական միջոցառումներ անցկացնել:

«Խորհրդարանի ետնաբեմում ասեկոսեներ են շրջանառվում, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են Ազատության հրապարակը հանգստի գոտի հայտարարել և ներառել այն տարածքների ցուցակում, որտեղ արգելվում է քաղաքական ակցիաների անցկացումը», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ նման օրենքի ընդունումը կարող է «պայթեցնել ներքաղաքական իրավիճակը»:

Տեր-Պետրոսյանն առանձնացրեց երեք հիմնական պահանջ (քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացում և 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացում) և հայտարարեց, որ եթե Հայաստանի իշխանությունները մինչև ընդդիմության հաջորդ հանրահավաքը, որը տեղի կունենա ապրիլի 28-ին, չկատարեն այդ պահանջները, ապա ընդդիմությունը ստիպված կլինի կտրուկ փոխել իր ռազմավարությունը և գործողությունների բնույթը:

«Մենք դեռ միտված չենք խոսել իշխանությունների հետ վերջնագրի լեզվով, սակայն ժողովրդի համբերությունը սահմանի ունի: Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբի, կամ Հայաստանի իշխանությունների և հասարակության միջև վերջնական ջրբաժանի օր», - եզրափակել է նա:

ԵՄ-ն կապեր է հաստատելու չճանաչված պետությունների հետ

Նախորդ շաբաթ Եվրախորհրդարանի կողմից ընդունված նոր բանաձևը կապերի հաստատում է նախատեսում չճանաչված պետությունների, այդ թվում նաև Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը այդ բանաձևը Հայաստանի նպատակաուղղված աշխատանքի արդյունք բնութագրեց:

«Նոր բանաձևը Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ այցելությունների,  ինչպես նաև եվրապատգամավորների հետ հայ պատգամավորների, ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ երկրներում հայ դիվանագետների կողմից կատարված նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է», - նշել է Շարմազանովը:

Կովկասի ինստիտուտնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը ևս դրական է գնահատել նոր բանաձևը՝ նշելով, որ դա վկայում է այն մասին, որ կա չճանաչված պետությունների հետ հարաբերությունների փոփոխության անհրաժեշտության գիտակցում:

Նրա խոսքերով՝ գոյություն ունեցող իրողությունների ճանաչման ուղին բավականին երկար է, քանի որ խոսքը միջազգային իրավունքի մասին է, որն իր էությամբ չի էլ կարող փոխվել ամեն անգամ, երբ որևէ իրադարձություն է տեղի ունենում:

Հայկական քաղաքական իրողություններն Անդրանիկ Միհրանյանի աչքերով

Քաղաքագետ, Նյու Յորքի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի պետական մանկավարժական համալսարնում և անդրադարձել է Հայաստանի քաղաքական կյանքի գրեթե բոլոր կողմերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ փորձագետը նշել է, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի խախտման հավանականությունը շատ փոքր է, քանի որ պատերազմի արդյունքը երբեք չի կարող կանխատեսելի լինել:

Միաժամանակ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից հետ Միհրանյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համարում է հետխորհրդարային տարածքի ամենախոցելի քաղաքական գործիչը:

«...21-րդ դարում այն երկրում, որը ցանկանում է ժողովրդավարական պետություն լինել, չի կարելի իշխանությունը փոխանցել ժառանգաբար: Եթե նման ցանկություն կա (ժողովրդավարության), ապա, խնդրեմ, թող կուսակցություններ ստեղծվեն, արդար պայքար մղվի, ընդդիմություն ստեղծվի: Ալիևն այս իմաստով շատ խոցելի իրավիճակում է գտնվում», - ասել է Միհրանյանը:

Փորձագետն անդրադարձել է նաև բոլորին մտահոգող խնդրին՝ արդյո՞ք «վարակիչ են» արաբական աշխարհի հեղափոխական շարժումները մեր տարածաշրջանի համար: Միհրանյանի կարծիքով՝ Հայաստանում արաբական սցենարի կրկնություն չի լինի:

«Բոլոր այդ երկրներում (արաբական) ամենաքիչը 20-40 տարի իշխանության գլխին կանգնած է եղել միևնույն առաջնորդը, ով իր ղեկավարած տարիների ընթացքում զտումներ է իրականացրել իր շրջապատում, վերնախավում շրջանառություն, նոր քաղաքական դեմքերի հայտնվել չի թույլատրել:  Հայաստանի մասին շատ բան կարելի է ասել, սակայն անհեթեթ կլիներ ասել, թե Հայաստանում ինչ-որ մեկը փորձել է բռնազավթել իշխանությունը», - նշել է քաղաքագետը:-0-