Սերժ Սարգսյան. նախագահության երեք տարի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ երեք տարի առաջ՝ 2008թ.-ի ապրիլի 9-ին, ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, սահմանեց ամենագլխավոր նպատակը՝ ուժեղ, հպարտ և ժողովրդավարական պետության կառուցում, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ:
Այս նպատակների իրականացման համար օգտագործվում են հայկական իրողությունների համար բացարձակապես նոր մոտեցումներ, որոնք հիմնված են լայն քաղաքական համագործակցության, ընդդիմախոսների կարծիքները հաշվի առնելու և երկրի գրեթե բոլոր հասարակական-քաղաքական շերտերի շահերը ներկայացնող ուժերի ներկայացուցիչների հետ շահագրգիռ քննարկումների սկզբունքների հիման վրա: Համագործակցության և երկրի քաղաքական ներուժի օգտագործման պատրաստակամությունը դրսևորվեց նաև առանցքային պաշտոններին կոալիցիոն կուսակցությունների ցանկերում չներառված մասնագետների նշանակում նախատեսող՝ Հայաստանի համար համեմատաբար նոր մոտեցմամբ: Նախագահը համոզված է, որ միայն ուժեղ քաղաքական կուսակցությունը կարող է գնալ նման քայլի:
Սոցիալական խնդիրների լուծում. նախագահն ակտիվ գործողությունների է սպասում
Սարգսյանի նախագահության առաջին տարիները համընկան վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որի հետևանքները չէին կարող չանդրադառնալ Հայաստանում նախատեսված ծրագրերի իրագործման վրա: Այնուամենայնիվ, երկիրը դուրս եկավ ճգնաժամից առանց ողբերգական կորուստների և լուրջ ցնցումների:
Այսօր, ՀՀ նախագահի կարծիքով, եկել է ակտիվ գործողությունների ժամանակը սոցիալական խնդիրների լուծման հարցում: Ինչպես հայտարարում է Սարգսյանը, ժողովուրդը պետք է զգա դրական փոփոխություններն արդեն 2011թ.-ի մայիս-հունիսին: Խոսքն, առաջին հերթին, գնաճի հետ կապված խնդիրների լուծման մասին է` գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավման համատեքստում:
Գյուղը, գյուղացին և գյուղատնտեսությունն առաջնահերթ կլինեն 2011թ.-ին: Գյուղացուն կօգնեն իրացնել արտադրանքը, գյուղ կուղղեն էժան վարկային միջոցներ, կիրականացվեն խոշոր նախագծեր: «Հողի հետ աշխատող մարդը պետք է արժանավայել ապրի», - համոզված է ՀՀ նախագահը:
Աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների սահուն բարձրացումից բացի, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված մեկ այլ կարևորագույն գործիք դարձավ գազի գների զսպումը: Թերևս Հայաստանում առաջին անգամ սոցիալապես խոցելի շերտերի համար բնական վառելիքի գինը նվազեց 30 տոկոսով:
Վերջին տարիներին հատուկ ուշադրության է արժանանում մարզերի զարգացումը, ինչն արտահայտվում է ինչպես մարզային ծրագրերի պետական ֆինանսավորման կտրուկ աճով, այնպես էլ փոքր և միջին ձեռներեցության խթանմամբ ու նոր աշխատատեղերի ստեղծմամբ:
Առողջ քննադատությունը պետք է ի գիտություն ընդունել
Սերժ Սարգսյանը նոր ավանդույթ ներդրեց Հայաստանի քաղաքական կյանքում՝ ազգային հրատապ հարցերի շուրջ բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների անցկացում: Կառուցողական համագործակցության պատրաստակամությունը, այդ թվում նաև` իշխանության ընդդիմախոսների հետ, ՀՀ նախագահի սկզբունքային դիրքորոշումն է:
Նախագահը կարծում է, որ հաճախ քննադատությունը լուրջ նկատողություններ և առաջարկներ է պարունակում, որոնք հարկավոր է օգտագործել «Մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած բարի և օգտակար խորհուրդ: Մենք պարտավոր ենք մեր աշխատանքների մեջ ներգրավել այն մարդկանց, ովքեր ճիշտ և օգտակար խորհուրդներ են տալիս», - հայտարարում է ՀՀ նախագահը:
Արմատական ընդդիմության բոլոր պնդումներին և Հայաստանի ժողովրդավարությունը նկարագրելիս գույների խտացմանը հակառակ՝ իշխանություններն իսկապես ժողովրդավարական գործընթացների զարգացման ուղղվածություն են ընտրել: Այս ամենը կարելի է հաստատել գոնե նրանով, որ ընդդիմությունն անցկացնում է իր ակցիաներ այնտեղ, որտեղ ցանկանում է և այն ժամանակ, երբ ցանկանում է, իսկ ընդդիմադիր մամուլը երբեմն այնպիսի գործողություններ է թույլ տալիս, որոնք ամեն զարգացած երկրում չէ, որ հանդուրժելի կլինեին:
Իշխանությունները ընդդիմադիրների քայլերին հանգիստ են վերաբերվում, հանրահավաքների ժամանակ ոչ մի արտառոց միջադեպ, որպես կանոն, տեղի չի ունենում բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ դուրս են գալիս օրենքի սահմաններից:
Օրենքը մեկն է բոլոր համար
ՀՀ նախագահը միշտ հայտնի է եղել իր կայուն անբարյացակամ վերաբերմունքով ամենաթողության, էթիկայի նորմերը, իսկ երբեմն նաև Քրեական օրենսգրքի հոդվածներն անտեսելու միջոցով ինքնահաստատման ձգտման նկատմամբ: ՀՀ նախագահը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ այս ուղին բռնած մարդիկ չպետք է որևէ լավ բան ակնկալեն: Այս զգուշացումները հաստատող քայլերն երկար սպասել չտվեցին:
Այս համատեքստում ամենաաղմկահարույց պատմությունը դարձավ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Սակայն, այնուամենայնիվ, մեծ արձագանք ստացավ ոստիկանության՝ անձեռնմխելի գեներալ-քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնազրկումը, իսկ հետո նաև ձերբակալությունը:
Նախագահը համառորեն խորհուրդ է տալիս հրաժարվել հին սովորություններից, որոնք անհամատեղելի են համընդհանուր կանոնների հետ՝ հակառակ դեպքում խոստանալով բավականին տխուր հետևանքներ:
Արտաքին քաղաքականություն
ՀՀ նախագահի արտաքին-քաղաքական ուղղվածությունը նշանավորվեց նոր նախաձեռնություններով, որոնք, մասնավորապես, կապված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական շահերի հստակ և կոշտ պաշտպանության հետ: Երևանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի: Հայկական կողմն այս դիրքորոշումից ոչ մի քայլ հեռու չգնաց:
Ամբողջովին ցրվեցին մտավախությունները, իսկ հաճախ նաև շահարկումներն այն հարցի շուրջ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, մասնավորապես՝ ԱՄՆ-ում այս հարցի շուրջ կոնկրետ դիրքորոշման ձևավորմանը:
Այս բանավեճերում վերջակետ դրեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Երևանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից 1915թ.-ի Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ հստակ գնահատական է ակնկալում:
«Մեր ցանկությունը միշտ եղել և մնում է այն, որ ԱՄՆ նախագահն իր ամենամյա ելույթում (ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված ուղերձում) շատ հստակ գնահատականներ տա և, բնականաբար, հնչեցնի «ցեղասպանություն» բառը», - օրերս հայտարարեց Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ժամանակին նա այդ մասին խնդրել է ԱՄՆ նախագահին:
Պաշտոնական Երևանը միանշանակ դիրքորոշում է զբաղեցնում նաև ղարաբաղյան հակամարտության հարցում: Այն է` հակամարտության կարգավորման գործընթացում փոխզիջումները պետք է փոխադարձ լինեն, և անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել անկախությունից:
Նախագահ Սարգսյանի արտաքին-քաղաքական ուղղվածությունն, ընդհանուր առմամբ, անփոփոխ է մնում՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցություն, ինչպես նաև գործընկերություն և համագործակցություն ազդեցիկ այլ կենտրոնների, մասնավորապես՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:-0-

