Բաքու: Արյունոտ հանցագործությունների արձագանքը

13.01.2011, 13:04
Բաքու: Արյունոտ հանցագործությունների արձագանքը
Բաքու: Արյունոտ հանցագործությունների արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սարսափելի ողբերգությունից՝ Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի զանգվածային ջարդերից ավելի քան երկու տասնամյակ է անցել, սակայն ծրագրված և որոշակի նպատակներ հետապնդող արյունոտ հանցագործությունների արձագանքը հասնում է մինչև մեր օրեր և թույլ չի տալիս, որ վերքեր սպիանան և հիշողության մեջ է պահում գազանացած ամբոխի հրեշավոր արարքները:

Կենտրոնական իշխանությունների ամբողջական թողտվությամբ 1990 թ.-ի հունվարի 13-19-ը տևած ջարդերը ցրեցին «բազմազգ Բաքվի» մասին արհեստականորեն հյուսված լեգենդը: Հայերի, ռուսների, հրեաների, այլ ազգությունների ներկայացուցիչների ջարդը ցեղասպանությունների և էթնիկ զտումների շարանի միայն մեկ օղակն էր, որոնք 20-րդ դարի սկզբում սկսվեցին Օսմանյան կայսրության թուրքերի կողմից և վերջում շարունակվեցին նրանց ադրբեջանցի աշակերտների և հետնորդների կողմից: «Բաքու» և «Սումգայիթ» բառերը դարձան ջարդերի, հմուտ սպանությունների, ցեղասպանությունների և օտարատյացության հոմանիշները:

Ադրբեջանի մայրաքաղաքում միայն հայերը չէին զոհի դերում: Գազանացած ամբոխը մորթում և բռնաբարում էր ռուսներին, հափշտակում էր նրանց պատկանող բնակարանները: Ծավալված ահաբեկչության հետևանքով հարյուրհազարավոր ռուսներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ ստիպված էին փախչել Բաքվից՝ թողնելով ողջ ունեցվածքը:

Կարծիք կա, թե 1990թ.-ի «սև հունվարի» հետևում կանգնած էր ոչ այլ ոք, քան հավատարիմ լենինամետ և բրեժնևամետ Հեյդար Ալիևը: Փորձագետների կարծիքով՝ այն ժամանակ թոշակառու Ալիևի արարքի դրդապատճառը պարզ էր՝ հասնել իշխանության՝ չխորշելով արյունահեղությունից և զանգվածային ջարդերից: Որոշ տվյալների համաձայն, հունվարյան ողբերգական օրերին Միխայիլ Գորբաչովը խորհրդակցում էր հենց Ալիևի հետ, փորձագետների կարծիքով՝ հենց Ալիևի ձեռքերում էին անդրկուլիսյան քաղաքական խաղի բոլոր իշխանական լծակները, և նա արյունոտ ողբերգությունն օգտագործում էր կորցրած իշխանությունը վերադարձնելու համար:
Այսօր ալիևյան գահի ժառանգը՝ Իլհամ Ալիևը, շարունակում է հոր գործը՝ փորձելով մոռացության գիրկը նետել արյունոտ ջարդերի ամոթալի էջերը և Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակված ջարդարարների և դահիճների գերեզմանոցը վերածելով այսպես կոչված Շահիդների ծառուղու: Բաքվում Հայոց ցեղասպանության զոհերի թիվը մինչև օրս հայտնի չէ: Ամենամոտավոր տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 300 հայ, տասնյակ հազարավորներ բռնի կերպով տեղահանվել են: Վերջին տարիների ընթացքում հայտնաբերված նոր ապացույցները, փաստաթղթերը, ջարդերի զոհերի անավարտ ցուցակներն ու լուսանկարները ներառվել են «Բաքու, 1990 հունվար. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի թարմացված տարբերակում:

Չարժե մոռանալ, որ այս Ցեղասպանության հետևանքով խախտվել են հայերի տնտեսական իրավունքները ևս: Նրանց կողոպտում էին, հափշտակում սեփականությունը: Բացի այդ, հայկական բնակչությունն Ադրբեջանում հարյուրավոր միլիոն դոլարի ունեցվածք է թողել՝ չստանալով ոչ մի փոխհատուցում: Հայերի բնակարաններն ու տները կբավականացնեին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով այդ երկրի տարբեր շրջաններ տեղափոխված ադրբեջանցիներին բնակարանով ապահովելու համար: Այդ ժամանակ չէր լինի «փախստականների պատյոմկինյան ճամբարներ», որոնք կառուցվել էին միայն մեկ նպատակով՝ «թանկարժեք հյուրերի» համար այնտեղ էքսկուրսիաներ կազմակերպելու համար:

Եվ վերջապես, Ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր՝ դրսևորվելով մոլեգին հայատյացությամբ և Ադրբեջանի ժամանակակից տարածքում հայկական ներկայության հետքերի ամբողջական ոչնչացմամբ: Կարելի է թեկուզ հիշել Նախիջևանում գտնվող հայկական գերեզմանատան բարբարոսական քանդումը:

Բաքվի ջարդերի ողբերգական պատմությունը, Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին հերոսացնելը, չդադարող սպառնալիքները, զենք ճոճելն ու ղարաբաղյան խնդիրը էթնիկ զտումների միջոցով լուծելու խոստումը բացառում են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղղահայաց հարաբերությունների հավանականությունը: Բոլոր առումներով անհեթեթ նմանատիպ որոշմանն աջակցող ուժերն աջակցում են պոտենցիալ Ցեղասպանությանը: Չնայած, անկեղծ ասած, համաշխարհային հանրությունում նման ուժ գրեթե չի մնացել:

Եվ վերջում... Դեռ 90-ականներին ամերիկացի սենատորները, կոչ անելով ԽՍՀՄ-ի ղեկավարությանը դադարեցնել Բաքվում հայերի սպանությունները, նշում էին, որ Ադրբեջանում բռնության սարսափեցնող բռնկումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի 160 հազար հայերի վերամիավորման անհրաժեշտությունը:-0-
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ