Աստանայի հանդիպումները, Դոմինգոյի միակ համերգն ու հայկական «яндекс»-ը. շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթ Հայաստանի հիմնական քաղաքական իրադարձությունները զարգանում էին Աստանայի գագաթնաժողովից «առաջ» և «հետո» սցենարով: Երևանում հիմնական սպասումները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարության հնարավոր ընդունման հետ էին կապված:
Միաժամանակ հայ փորձագետները տարբեր կարծիքներ ունեին գագաթնաժողովի նշանակության մասին. եթե ոմանք կարծում էին, որ գագաթնաժողովը բեկումնային կդառնա, ապա մյուսները կոչ էին անում որևէ լուրջ սպասում չկապել գագաթնաժողովի հետ:
Աստանա. նախագահ Սարգսյանի հայտարարությունները
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը: Հայտարարություն կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր ուժով ուշադրությունը կենտրոնացնել առկա խնդիրների լուծմանը, որոնք դեռևս Հիմնական սկզբունքներում են մնում, իսկ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ և օժանդակություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:
Համանախագահ-երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհրաժեշտ որոշումների ընդունման գործում՝ խաղաղ կարգավորման հասնելու համար և կոչ են արել ղեկավարներին նոր ուժով կենտրոնացնել ուշադրությունը գոյություն ունեցող խնդիրների լուծման վրա: Բանակցությունների համար լավագույն մթնոլորտ ստեղծելու համար նրանք կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բոլոր ոլորտներում փոխադարձ վստահության ձևավորմանն ուղղված միջոցների իրագործման համար:
Աստանայի գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որի ընթացքում ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին:
ՀՀ նախագահի խոսքերով՝ այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով:
ՀՀ նախագահը խոսել է նաև Նախիջևանում հայկական միջնադարյան գերեզմանոցի ոչնչացման մասին, որը դարձավ հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության գագաթնակետը: ՀՀ նախագահը հիշեցրեց, որ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները և պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ:
«Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան», - ասել է ՀՀ նախագահը:
Հետ չմնաց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով հայտարարեց, որ Հայաստանը «նախընտրում է գնալ հակամարտության էսկալացիայի ճանապարհով, «մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, զորավարժություններ է անցկացնում «օկուպացված տարածքներում», փորձում է վերանվանել քաղաքների և գյուղերի «պատմական» անունները, քաղաքացիական բնակչությանը բնակեցնում է «օկուպացված» տարածքներում:
Փորձագետ Սերգեյ Շաքարյանը հայտարարեց, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը բացահայտ անհեթեթություն էր, անզուսպ և անհավասարակշիռ: Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը զորավարժություններ չի անցկացնում, դրանք անցկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և քանի դեռ Ադրբեջանը համարելու է, որ ԼՂՀ-ն օկուպացված տարածք է, նրա համար այս դեպքում ամեն ինչ հնարավոր է:
Խոսելով բնակավայրերի վերանվանման մասին՝ Շաքարյանցը նշեց, որ խոսքը հայկական հնագույն անվանումների մասին է, որոնք Ադրբեջանը, օգտվելով տարաբնույթ պատմական առիթներից, փոխել է իր ուզածով:
WikiLeaks
Հայաստանում քննարկվող թեմաներից էր նաև WikiLeaks-ի կողմից փաստաթղթերի հերթական խմբաքանակի հրապարակման հետ կապված սկանդալը: Այս հարցին անդրադարձավ նաև ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նշեց, որ ԵԱՀԿ երկրներից ոչ մեկը մտահոգություն չհայտնեց WikiLeaks-ի հրապարակումների կապակցությամբ և չհրաժարվեց համագործակցել ԱՄՆ-ի հետ:
«Համոզված եմ, որ աշխատանքը, որը մեր դիվանագետներն իրականացնում են ամեն օր, կշարունակվի: Կլինեն ավելի մեծ քանակությամբ հարցեր, որոնք մարդիկ իրավունք ունեն հարցնել, և մենք կպատասխանենք մեր բոլոր գործընկերների հարցերին», - նշել է Քլինթոնը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ WikiLeaks-ի հետ կապված աղմկահարույց իրավիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովում, և պետությունների ղեկավարներին այդքան էլ հաճելի չէ քննարկումներ անցկացնել նման մթնոլորտում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը WikiLeaks-ի վերջին հրապարակումների «աստղն է»:
«Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական գործիչներին հետագայում ավելի դժվար կլինի աշխատել քաղաքական դաշտում: Այժմ փայլում է Իլհամ Ալիևը... Հետագայում կարող է ինչ ուզես ի հայտ գալ, բայց առայժմ աստղային ասպարեզում Ալիևն է իր արտահայտություններով Պուտինի, Մեդվեդևի մասին և այլն»,- ասել է Մարտիրոսյանը:
Երաժշտական Երևան
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում միակ համերգով հանդես է եկել հայտնի իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն, ով Երևան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի աշնանային սեզոնի շրջանակներում:
Իր մամուլի ասուլիսի ժամանակ Դոմինգոն հայտարարել է, որ այս այցին վաղուց է սպասել:
«Ես վաղուց էի ցանկանում լինել Հայաստանում և ծրագրում էի դա, բայց այցը միշտ հետաձգվում էր։ Այդ պատճառով ինձ և իմ ողջ թիմի համար, նրանց համար, ովքեր վաղը երգելու են ինձ հետ, մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։ Ամեն տարի ես ծրագրում եմ իմ այցելությունների ցանկը և դրա մեջ ներառում եմ այն երկրներ այցելությունը, որտեղ չեմ եղել։ Այս անգամ հերթը Հայաստանին էլ հասավ։ Ես այս այցին շատ վաղուց եմ սպասել», - ասել է Դոմինգոն:
Տենորը նշել է, որ նա շատ հայ ընկերներ ունի, և նրանց շարքում առաջինը Շառլ Ազնավուրն է, ում հետ Դոմինգոն բավականին ջերմ հարաբերություններ ունի: «Հայաստանի հետ իմ ծանոթությունը դեռ մանկուց է սկսվել՝ իմ ծնողները երգիչներ էին, և իմ մայրը վոկալի դասեր է վերցրել տիկին Բաբայանից՝ Փարիզում։ Այդ ժամանակվանից ես արդեն ծանոթ եմ հայերին», - ասել է նա:
Իսպանացի տենորը ափսոսանք է հայտնել, որ չի հասցրել տեսարժան վայրեր այցելել, քանի որ նրա այցը շատ կարճատև է: «Կարծում եմ, որ մենք տուրիստական այցերը հաջորդ անգամվա համար կթողնենք, քանի որ այս հրաշալի երկիրը ավելի մեծ ուշադրության է արժանի», - ասել է Դոմինգոն:
Մաեստրոն նաև նշել է, որ պատրաստ է Երևանում համերգ տալ այլ հայտնի երգիչների հետ, այդ թվում նաև՝ մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ:
Հայկական առաջին «яндекс»
Նախորդ շաբաթ «All Media» ՓԲԸ-ն գործարկեց նոր ինտերնետ-նախագիծ՝ www.mediagid.am, որը Հայաստանում լուրերի ավտոմատ մշակման և համակարգման առաջին համակարգն է:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
Ինչպես նշել է նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, այժմ լուրերի որոնման համար պետք չէ մտնել բազմաթիվ կայքեր, բավական է կանոնավոր կերպով այցելել MediaGid։ www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։ Ծրագրվում է նաև նախագիծը մուլտիմեդիոն դարձնել. կայքում կներկայացվի ոչ միայն տեքստային տեղեկատվություն, այլ նաև ֆոտոնյութեր, իսկ հետագայում նաև՝ տեսանյութեր։
Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես։ Կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև բանկերում արժույթի փոխարժեքները:-0-

