Հայաստանը Աստանայի սպասումով և «Արևելյան գործընկերության» քննարկումը

29.11.2010, 12:59
Հայաստանը Աստանայի սպասումով և «Արևելյան գործընկերության» քննարկումը
Հայաստանը Աստանայի սպասումով և «Արևելյան գործընկերության» քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ Երևանում մեծ թափով քննարկվում էր Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ ՄԽ գագաթնաժողովը: Հատկանշական է այն փաստը, որ բոլոր հայկական քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, ովքեր բազմաթիվ քաղաքական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունեն, նախանձելի միակամությամբ համաձայնեցին, որ չարժե Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալել:

ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը նշեց, որ այժմ հայ-ադբրեջանական հարաբերություններում բավականին լարված փուլ է սկսվել։

«Չեմ կարծում, թե Աստանայում լուրջ առաջընթաց կարձանագրվի։ Հավանաբար, Աստանայի բանակցությունները կանցնեն նույն ոգով, որով անցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած բանակցությունները»,- ասաց նա։

Նմանատիպ կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով ևս նշել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ տեղաշարժ չի լինի:

Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի մեջ Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին Հայաստանի բարձրագույն ղեկավարության կանոնավոր հայտարարությունները վկայում են այն մասին, որ «բանակցային գործընթացում Ղարաբաղի լիիրավ և լիարժեք մասնակցությունն ավելի մոտ է, քան 1997 թ.-ին, երբ նա «դուրս մղվեց» բանակցություններից»:

Տարատեսակ բանավեճերին որոշակի սրություն հաղորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը Երևան: Հայաստան ժամանած համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին:

Դեմքով դեպի Եվրոպա. «Արևելյան գործընկերության» շրջանակներում համաժողով Երևանում

Երևանը շարունակում է կենդանի շահագրգռվածություն դրսևորել «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ: Այս անգամ ծրագիրը քննարկվեց «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» 6-րդ համաժողովի ընթացքում։

Հայաստանի համար եվրաինտեգրումն այլընտրանք չունի, և այս հարցում կենտրոնական նշանակություն ունի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այդ ծրագրի իրականցման համար անվիճելի է ՀՀ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործումը, տնտեսական զարգացումը, եվրոպական երկրների հետ արտաքին առևտրի ընդլայնումը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը»,- ասել է կառավարության ղեկավարը։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է «Արևելյան գործընկերության» ծրագրի բոլոր մասնակից-երկրների, այդ թվում նաև թուրքիայի եվրաինտեգրմամբ:

Միաժամանակ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որի համաձայն՝ Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը իմիտացիոն բնույթ է կրում:

Նա ընդհանրապես կարծում է, որ հանդիպումներն ու համաժողովները եվրաինտեգրում չէ:

«Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են երկիրը ինտեգրել Եվրոպա, ապա նրանք պետք է փոխեն իրենց վերաբերմունքը ժողովրդի, քաղաքականության, տնտեսության նկատմամբ: Դեռևս դա տեղի չի ունենում, այդ պատճառով հասարակությունը շատ սառն է վերաբերվում «եվրաինտեգրում» հասկացությանը», - ասել է պատգամավորը:

Հայ կանայք պետք է ավելի ակտիվ ինտեգրված լինեն երկրում առկա  գործընթացներին. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում, հանդիպում ունենալով ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ, կարևորել է կանանց դերն ու ակտիվ գործունեությունը երկրի քաղաքական կյանքում:

Նախագահը նշել է, որ չնայած ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, որի արժեքային համակարգում ընտանիքը, երեխաները, իհարկե, ամենակարևոր բաղադիրչներից են, բայց երբեք ոչ իր, և ոչ էլ կուսակցության ղեկավարության մտքով իսկ չի կարող անցնել, որ Հանրապետական կանանց գործունեությունը կամ հայ կանանց գործունեությունը պետք է սահմանափակվի ամուր, լավ ընտանիք ունենալով, երեխաների դաստիարակությամբ, կամ էլ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով:

«Ոչ, բնավ ոչ: Մենք միշտ ընդգծել ենք կանանց ակտիվության անհրաժեշտությունը: Մեզ համար շատ մեծ շռայլություն կլիներ, եթե փորձեինք սահմանափակել կանանց հնարավորությունները», - ասել է ՀՀ նախագահը

 ՀՀԿ-ի կանանց խորհրդի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության 128 հազար անդամներից 64 հազարը կանայք են:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի խորհրդում 4 կին կա, ՀՀ ԱԺ-ում՝ երկու, ևս մեկ կին-հանրապետական կա կառավարությունում:

Նա նաև տեղեկացրել է, որ կին-հանրապետականները գլխավորում են 23 համայնք, կուսակցության 275 ներկայացուցիչ ներառված է տեղական ինքնակառավարման մարմիններում, երկու կին գլխավորում է ՀՀԿ-ի շրջանային կազմակերպությունները, իսկ 288-ը գլխավորում են առաջնային կազմակերպություններ՝ հաջող կերպով տեղում աշխատելով մարդկանց հետ

«Մենք ունենք հզոր ազգային բանակ, սակայն վստահ եղեք, որ ի դեմս Կանանց խորհրդի՝ կա ևս մեկ մարտունակ, ազնիվ և պետությանը նվիրված բանակ», - ասել է Նաղդալյանը:-0-