«Խորհրդարանական ամբիոնից ոչ ոք երբեք չի հրաժարվել». նախորդ շաբաթը Հայաստանում

15.11.2010, 12:44
«Խորհրդարանական ամբիոնից ոչ ոք երբեք չի հրաժարվել». նախորդ շաբաթը Հայաստանում
«Խորհրդարանական ամբիոնից ոչ ոք երբեք չի հրաժարվել». նախորդ շաբաթը Հայաստանում

Նախորդ շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնը բաժին ընկավ ներքաղաքական ոլորտին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ սկսված նախապատրաստությանը, ինչպես նաև արմատական ընդդիմության ակտիվացած գործողություններին:

Թվում է, թե դեռ շատ ժամանակ կա մինչև քաղաքական ուժերի նախընտրական արշավներն ու 2012 թ.-ի խորհրդարան անցնողների վերաբերյալ կանխատեսումները, սակայն այդ ամենի մասին խոսակցությունները դառնում են բազմաթիվ մամուլի ասուլիսների և քաղաքական հայտարարությունների թեմա: Թեև որևէ արտառոց բան դեռ չի ասվել:

Իհարկե, իշխանությունները համոզված են, որ նրանք կրկին հաղթանակ կտանեն, իսկ ընդդիմությունը պնդում է, որ եթե ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, ապա այն կհավաքի ձայների մեծամասնությունը: Ոմանք նույնիսկ թվեր են ասում:

Այսպես, Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սահակյանը կարծում է, որ Հայաստանում 2012թ.-ին կայանալիք հերթական խորհրդարական ընտրություններին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 20 տոկոսից ավել ձայն կհավաքի, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 50 տոկոսից շատ ձայն:

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները խուսափում են թվերի լեզվով խոսել, նրանք միայն համոզված են, որ ներկայիս բոլոր կոալիցիոն ուժերը կանցնեն Հայաստանի խորհրդարան: «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Սակայն կարծում եմ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայիս բոլոր կոալիցիոն ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում, քանի որ նրանք առանձին-առանձին բոլորն էլ նման ներուժ ունեն»,- ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Միաժամանակ Միասնական աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ֆալստարտ են տվել նախընտրական արշավին՝ ավելի լուրջ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար: «Ցավոք, հայ ժողովուրդը որևէ նպատակ չունի, չկա հստակ մշակված ուղի, այդ պատճառով իշխանությունները ժամանակին ֆալստարտ տվեցին նախընտրական արշավին», - ասել է Արսենյանը:

Ֆալստարտ է դա, թե ոչ, սակայն չի կարելի չընդունել, որ կանխատեսումների համար, ամեն դեպքում, դեռ վաղ է: Քաղաքական ուժերի համար ժամանակն է ոչ թե խոսել, այլ գործել, քարեր հավաքել՝ մեկ տարի անց, երբ սկսվի նախընտրական պայքարը կոնկրետ արդյունքների լեզվով խոսելու համար:

Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է 2013թ.-ին. ընդդիմությունը քնած չէ

Ընդդիմության մասին կարելի է վստահ ասել. նա ձեռքերը ծալած չի նստել: Պայքարի նրանց մեթոդներն ու արդյունավետությունն այլ թեմա է, սակայն որ նրանք մշտապես հիշեցնում են իրենց մասին, փաստ է: Միայն «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը շաբաթվա ընթացքում երեք անգամ հիշեցրեց իր մասին՝ հայտարարելով, որ իր վրա բանտում անընդհատ հարձակվում են: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը հերքել է նրա նկատմամբ բռնություն կիրառելու մասին հայտարարությունները:

Այն մասին, որ ընդդիմադիրները հեռուն գնացող ծրագրեր ունեն, վկայում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը 2013 թ.-ի նախագահական ընտրություններին:

Միաժամանակ նա նշել է, որ արտահերթ ընտրություններն առաջնահերթ խնդիր են: Զուրաբյանն ավելացրել է, որ հոռետեսական սցենարների դեպքում, երբ ընդդիմությունը խորհրդարանում հնարավոր է՝ փոքրամասնություն կազմի, ՀԱԿ-ը դժվար թե հրաժարվի խորհրդարանական ամբիոնից: «Խորհրդարանական ամբիոնից ոչ ոք երբեք չի հրաժարվել», - ասել է Զուրաբյանը:

Պաշտպանության նախարարը հիշեցրել է թշնամուն, որ Հայաստանի ԶՈՒ-ն գերազանց վիճակում է գտնվում:

«Ադրբեջանի ղեկավարությունն այսօր սպառազինությունների ավելացմամբ փորձում է մեր Զինված ուժերի նկատմամբ որևէ առավելության հասնել, բայդ դրանք այն կարևոր ցուցանիշները չեն, որոնք հանգեցնում են ԶՈՒ մարտունակության բարձրացմանը»,- անցյալ շաբաթ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմը վերահսկում է ուժերի հավասարակշռությունը։ Մասնավորապես, նրա խոսքերով, այսօր առանց որևէ երրորդ կողմի, շնորհիվ ոչ թե քանակական, այլ որակական ցուցանիշների և զինծառայողների մարտական ոգու, հաջողվում է պահպանել հրադադարի ռեժիմը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում և արժանի պատասխան տալ սադրանքներին։

ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ հակառակորդի կողմից կազմակերպած ոչ մի սադրանք անպատիժ չի մնացել:

Բաքվի ապակառուցողական մոտեցումը դիվանագետների աչքերով

Այսօր Ադրբեջանում ղարաբաղյան հարցի լուծմանն իրատեսորեն մոտենալու պատրաստակամություն չկա, կարծում է քաղաքագետ, Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումն այսպիսի տեսք կունենա. կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կվերադարձվեն ԼՂՀ-ի շուրջ գտնվող շրջանները, որոնք վերահսկվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից:

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոն Հովակիմյանն իր հերթին կարծում է, որ Ադրբեջանն իր դիրքորոշմամբ, փաստորեն, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աջակցությամբ ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափին:

Նրա խոսքերով՝ անվտանգության և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցները ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժանելի մասն են, ինչը, սակայն, մշտապես հերքվել է Ադրբեջանի կողմից:-0-