«Եվրատեսիլ 2010». Հայաստանի հնարավորությունները
Մայիսի 25-ին Օսլոյում մեկնարկեց տարվա կարևորագույն երաժշտական իրադարձություններից մեկը՝ «Եվրատեսիլ 2010»-ը: 39 երկրի ներկայացուցիչները կփորձեն գրավել ողջ Եվրոպայի հեռուստադիտողների և երաժշտագետների ուշադրությունը, իսկ նորվեգացի կազմակերպիչները կփորձեն ինչ-որ կերպ մոտենալ նախորդ տարի Մոսկվայի կողմից կազմակերպված հիասքանչ շոուի բարձր նշանաձողին:
Ինչպես բուքմեյքերների, այնպես էլ մասնագետների կանխատեսումների համաձայն, Եվրատեսիլի 2010-ի գլխավոր ֆավորիտներն են Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան և Իսրայելը: Ըստ նրանց, հենց այս երկրներից մեկը հաջորդ տարի կհյուրընկալի երաժշտական մրցույթը:
Առաջին կիսաեզրափակիչ
Первый полуфинал
Մայիսի 25-ին առաջին կիսաեզրափակչում որոշվեցին տասը երկրները, որոնք միացել են եզրափակչում նրանց սպասող մրցույթի հիմնադիր չորս երկրներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային և Մեծ Բրիտանիային, ինչպես նաև Նորվեգիային, ով հայտնվել է եզրափակչում որպես մրցույթի նախորդ տարվա հաղթող:
«Եվրատեսիլի» հաղթողին որոշելու կանոնները չեն փոխվել: Ինչպես 2009թ.-ին, հաղթողը կորոշվի հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:
Մասնակից ամեն երկրում ընտրվել է երաժշտության ոլորտի 5 պրոֆեսիոնալ ՝ կոմպոզիտորներ, երգչուհիներ և պրոդյուսերներ, ովքեր պետք է գնահատեն երգիչներին հետևյալ չափորոշիչներով՝ վոկալ, երգի որակ և ինքնատիպություն, երգչի համարի թողած ընդհանուր տպավորություն: Պրոֆեսիոնալները դնում են իրենց միավորները, որոնք պահվում են մասնակից ամեն երկրի անկախ նոտարի մոտ և հրապարակվում են միայն ձայների հաշվարկի ժամանակ:
Առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ անցան Բոսնիա և Հերցեգովինան (Վուկաշին Բրայիչ, «Lightning and Thunder»), Մոլդովան (Օլյա Տիրա և Sun Stroke Project, «Run Away»), Ռուսաստանը (Պետր Նալիչի երաժշտական համույթը, «Lost and Forgotten»), Հունաստանը (George Alkaios&Friends, «Opa»), Պորտուգալիան (Filipa Azevedo, «Há dias assim»), Բելառուսը (3+2, «Butterflies»), Սերբիան (Միլան Ստանկովիչ, «Ово је Балкан»), Բելգիան (Tom Dice, «Me and my guitar»), Ալբանիան (Յուլիանա Պաշա, «It's all about you»), Իսլանդիան (Hera Björk, «Je ne sais quoi»):
Ֆավորիտների պայքարը
Սակայն հարկ է նշել, որ առաջին կիսաեզրափակչի մասնակիցները, բոլոր մասնագետների կարծիքով, բավականին զիջում էին երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցներին. երկրորդի ժամանակ հանդես կգան մրցույթի գրեթե բոլոր ֆավորիտները:
Այսպես, Նորվեգիայի հանրային հեռարձակողի կարծիքով, Եվրատեսիլ 2010-ի լավագույն մասնակիցների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Սաֆուրա (Ադրբեջան), Լենա Մայեր-Լանդրուտ (Գերմանիա), Եվա Ռիվաս (Հայաստան), Սոֆո Նիջարաձե (Վրաստան), Աննա Բերգենդալ (Շվեդիա):
Այս ցանկի համաձայն, բացի Գերմանիայի ներկայացուցչից, ով ուղղակիորեն հայտնվել է եզրափակչում, բոլոր ֆավորիտները, նորվեգացիների կարծիքով, հայտնվել են երկրորդ կիսաեզրափակչում:
Այս ցանկին կարելի է ավելացնել բուքմեյքերական ևս մեկ ֆավորիտի՝ Իսրայելը ներկայացնող Արել Սկաատին:
Բացի այս երկրներից, մայիսի 27-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում «Տելենոր Արենա»-ի բեմ դուրս կգան Լիտվայի, Դանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Հայաստանի հույսերը
«Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Եվա Ռիվասը, ով կերգի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի ռուս երգահան-բանաստեղծ Կարեն Կավալերյանը:
Ռիվասի երգն այն մասին է, թե ինչպես է հողի մեջ գցված ծիրանի կորիզը վերածվում հսկա ծիրանենու՝ Հայաստանի խորհրդանիշի:
Հարկ է նշել, որ երգը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Թուրքիայում, որտեղ հասարակ երգում նկատել են 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ակնարկ, ինչպես նաև կորսված Հայրենիքի նկատմամբ հայերի կարոտը:
Եվա Ռիվասը ծնունդով Դոնի Ռոստովից է, մինչև վերջերս նա առանձնապես հայտնի չէր Հայաստանում, սակայն նրա պրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանի իրականացրած հզոր PR-արշավից հետո Ռիվասը բավականին արագ դարձավ հայկական շոու բիզնեսի ճանաչված դեմքերից մեկը:
«Եվրատեսիլ 2010»-ի ուղեգրի համար մղվող պայքարի հենց ամենասկզբից Ռիվասը անսահման վստահություն է դրսևորել ոչ միայն ազգային ընտրական փուլի ժամանակ, այլև մրցույթի կիսաերզափակչում: «Ես գնում եմ Օսլո հաղթանակի համար», - բազմաթիվ անգամ հայտարարել է Ռիվասը «Եվրատեսիլից» առաջ տված հարցազրույցներում:
Հայ հեռուստադիտողը հաջողության հույսեր է կապում ոչ միայն հայկական սփյուռքի ավանդական հզոր աջակցության, այլև երգչուհու վոկալային լավ տվյալների և բարետես արտաքինի հետ: Երգչուհին իր մոդելային արտաքինով և ավելի քան 190 սմ հասակով (Ռիվասը նախկինում աշխատել է որպես մոդել), անխոս, «Եվրատեսիլ 2010»-ի ամենագեղեցիկ մասնակիցներից մեկն է:
Բացի դրանից մրցույթում հաղթանակի հասնելու նպատակով Ռիվասի պրոդյուսերները երգչուհու թիմում ներգրավել են նաև աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին, ինչպես նաև հայտնի ռուս դասական կիթառահար Արտյոմ Դերվոևդին: Բեք-վոկալը կապահովեն Տիգրան Պետրոսյանը, Դորիանս ռոք-խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ու Մարիամ Մեհրաբովան:
Որքա՞ն արժե Օսլո-2010-ը
Ըստ որոշ տվյալների, Օսլոյի մրցույթը կլինի ամենաէժանը վերջին երեք տարվա ընթացքում: «Արգումենտի ի ֆակտի» թերթի տվյալների համաձայն, Նորվեգիան մրցույթի վրա ծախսել է ընդամենը 17 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի անգամ պակաս է Մոսկվայում կայացած մրցույթի արժեքից, որը շատերը համարեցին մրցույթի ողջ պատմության լավագույն շոուն:
Օսլոն, այնուամենայնիվ, խոստանում է բոլորին զարմացնել որակյալ շոուով: Կազմակերպիչների խոսքերով, Նորվեգիան շեշտը դրել է լուսային ձևավորումների վրա: Էկրանները կփոխարինի պրոժեկտորներից պատրաստված պատը, որոնք տեղադրված են «Տելենոր Արենայի» ողջ պարագծով: «Տելերոն Արենան» Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն փակ մարզահամերգային համալիրն է, որը տեղավորում է 23 հազար հանդիսական: Մայիսի 29-ին կայանալիք եզրափակչի ժամանակ դահլիճում կգործարկվեն ավելի քան 600 լուսային սարքավորումներ: -0-

