Վաշինգտոնյան տրիոն՝ ապագայի կրեդո
Արդեն մի քանի շաբաթ է՝ մի շարք երկրների հասարակական-քաղաքական շրջանակներում շրջանառվում է Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման թեման:
Նման իրարանցումը, բնականաբար, պայմանավորված չէ միայն այն փաստով, որ Միացյալ Նահանգները մտահոգված է միջուկային անվտանգության խնդրի անհապաղ լուծմամբ: Ամերիկյան վարչակազմի համար իսկական գլխացավանք դարձած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման հերթական առիթ ստացավ:
Ժամկետներն ավելի են սեղմվում, եթե հաշվի առնվի այն, որ մինչև ապրիլի 24-ը (Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) հաշված օրեր են մնացել, և աշխարհը շունչը պահած հետևելու է, թե այս անգամ կպահ՞ի, արդյոք, իր նախընտրական խոստումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ գրեթե հարյուր տարվա պատմություն ունեցող ողբերգությունը «ցեղասպանություն» որակելով:
Փաստորեն Սպիտակ տանը սկսեցին հստակ գիտակցել, որ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում ԱՄՆ-ի ջանքերը կարող են հաջողությամբ չպսակվել: Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ մի կողմից Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամի խորացման արդյունքում իշխանության կարող են գալ քեմալականները, որոնք տարբերվում են խիստ հակահայկական հայացքներով, ինչը սպառնում է հայ-թուրքական գործընթացի ձախողմամբ:
Իսկ մյուս կողմից, Անկարայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո ԱՄՆ-ի ղեկավարությունը սկսեց ավելի մեծ զգուշավորություն դրսևորել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ չբացառելով այն հնարավորությունը, որ Թուրքիան կարող է թեքել իր քաղաքական ուղղվածությունը դեպի Ռուսաստան, ավելին, որ դրա համար արդեն համագործակցության տնտեսական հիմքեր են դրվել:
Այս կապակցությամբ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ պաշտոնական Անկարան բացարձակապես չի ցանկանում հրաժարվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից: Սա է վկայում այն փաստը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապրիլի 2-ին պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը վաշինգտոնյան գագաթնաժողովին՝ հայտարարելով, որ Թուրքիայի ղեկավարությունը որոշել է վերադարձնել Թուրքիայի դեսպան Նամիկ Թանին Վաշինգտոն: Հիշեցնենք, որ Թանին ետ էին կանչել Միացյալ Նահանգներից ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից անմիջապես հետո:
Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներում նշվում էին վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցելու՝ Թուրքիայի ղեկավարության երեք թեկնածուների անուններ՝ նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Գագաթնաժողովին Էրդողանի պարտադիր մասնակցությունը, առաջին հերթին, կարելի է բացատրել նրանով, որ նրա բացակայությունը ԱՄՆ-ն կարող էր ընկալել որպես Օբամայի դեմ բողոք, ինչը կհանգեցներ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության հակաարդյունավետ քայլերի: Մասնավորապես, ապրիլի 24-ին ողջ աշխարհն ականատես կլիներ, թե ինչպես է իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահը հնչեցնում «1915 թ.-ի Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:
Թուրքիայի վարչապետի պարտադիր մասնակցության ևս մեկ կարևոր պատճառ է այն, որ գագաթնաժողովն անդրադառնում է մի խնդրի, որում թուրքական գործոնը կարող է գլոբալ դեր խաղալ: Թուրքիան ակտիվ երկիր է համարվում միջուկային զենքի տարածման դեմ պայքարում և նման կերպով պաշտպանում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքները:
Բացի այդ, գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությունը կենսական կարևորություն ունի այդ երկրի համար հենց այն պահին, երբ միջազգային հանրությունը ձգտում է փոխհամաձայնության գալ Իրանի նկատմամբ կիրառվող հնարավոր պատժամիջոցների շուրջ:
Թուրքիան գագաթնաժողովի ժամանակ պետք է ձգտի, որ ամերիկյան կողմը խափանի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ միաժամանակ ցուցաբերելով թուրքական դիվանագիտության տարատեսակ հնարքներն ու տեխնոլոգիաները, որպեսզի համոզի համաշխարհային հանրությանը, որ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մտադրություններն անկեղծ են:
Միաժամանակ Հայաստանը, որն ամերիկյան կողմի հետ մեծ հույսեր է կապում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, կփորձի համոզել պաշտոնական Վաշինգտոնին, որ Անկարան կանխամտածված ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը:
Երևանն այս քայլով Թուրքիային ինքնատիպ վերջնագիր կներկայացնի, որի համաձայն՝ մինչև ապրիլի 24-ը արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում Հայաստանը ստիպված կլինի հայտարարել բանակցային գործընթացից դուրս գալու մասին: Դա բացարձակապես իրական է վերջերս երկրի խորհրդարանի կողմից՝ միջազգային պայմանագրերի մասին օրենքի ընդունման լույսի ներքո, որը թույլ է տալիս Հայաստանին ցանկացած պահի ետ կանչել իր ստորագրությունը դեռ ուժի մեջ չմտած միջազգային ցանկացած պայմանագրից:
Թեև որոշ փորձագետների կարծիքով, Վաշինգտոնում նախատեսված երկու պետությունների առաջնորդների հանդիպումը կդառնա այն ելակետը, որտեղ կգտնվի ամերիկաթուրքական հարաբերություններում տարաձայնությունների սառեցման բանալին և որտեղ, միաժամանակ, փորձ կարվի սառեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ պատճառաբանելով, որ հակառակ դեպքում հայ-թուրքական գործընթացի առաջխաղացումը կդադարեցվի:
Ռոման Մելիքյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

