ՀՀ նախագահը շեշտադրումներ է արել. Հայաստանի քաղաքական շաբաթվա արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարն, անխոս, նախորդ շաբաթվա կարևորագույն ներքաղաքական իրադարձություններից էր: Հանրապետության ողջ քաղաքական վերնախավը ուշիուշով հետևում էր գործընթացին, երկրի առաջատար կուսակցության պաշտոնական հայտարարություններին և համագումարի արդյունքներին:
Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որում ընդգծեց, որ պետության առաջնային խնդիրները՝ Հայաստանի զարգացումը, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լուծումները լիովին լուծելի են միայն համատեղ ջանքերով:
Հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ Սարգսյանը նշեց, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում Հայաստանը կձեռնարկի համարժեք քայլեր:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի օրինակով Թուրքիան ևս կղեկավարվի միջազգային իրավունքի սկզբունքներով և արժանապատվորեն կկատարի ստանձնած պարտավորությունները:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Սարգսյանը նշեց, որ «հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ»: Սակայն նրա խոսքերով, հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը հույս է ներշնչում, որ հնարավոր է ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել:
Միաժամանակ նախագահը հայտարարեց, որ չնայած Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա և ցանկացած ոտնձգության պատրաստ է արձագանքել ամենակոշտ միջոցներով:
Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա նախագահն այստեղ հայտարարեց կայուն ներքաղաքական համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին:
«Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն: Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից: Մենք պետք է կարողանանք լսել միմյանց և ուրիշներին, այդ թվում նաև ընդդիմախոսներին», - հայտարարել է Սարգսյանը:
ՀՀԿ-ի 12-րդ համագումարի շրջանակներում տեղի են ունեցել կուսակցության ղեկավարության և գործադիր մարմնի ընտրությունները: Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կվերընտրվի ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում: Կուսակցության գործադիր մարմնի շարքերը, որը 12-ից դարձավ 14 հոգի, համալրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
ՀՀԿ-ի համագումարի հետ զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նախաձեռնած՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին Մյունխենում, շարունակում էր քաղաքական մեկնաբանությունների առարկա մնալ:
Չնայած հանդիպման նախաձեռնողների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դրական գնահատականին՝ ընդդիմադիր ՀՅԴ-ն քննադատաբար է վերաբերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպմանը:
Մասնավորապես, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, «ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության» մասին նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունից հետո նախագահ Սարգսյանը պետք է հրաժարվեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին, բացասաբար գնահատելով Ալիևի հայտարարությունը, նշել է պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին, որն իրավաբանորեն պարտավորեցնում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բանակցային գործընթացի անհարթության հետ մեկտեղ, նշել է նախագահների հերթական հանդիպման արդյունքում մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված որոշակի առաջընթացի մասին:
Նախորդ շաբաթվա սպասվելիք իրադարձությունների թվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թափուր պաշտոնին Մխիթար Մնացականյանի նշանակումը, ով զբաղեցրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, ով Մնացականյանի պես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, հրաժարականի մասին դիմում է ներկայացրել առողջական վիճակի կապակցությամբ:
Մարիա Հակոբյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար-0-

