Հայաստանն ու Ադրբեջանը՝ նախագահների հանդիպման սպասումով, և հայ-թուրքական զարգացումները. շաբաթվա արդյունքները

16.11.2009, 11:15
Հայաստանն ու Ադրբեջանը՝ նախագահների հանդիպման սպասումով, և հայ-թուրքական զարգացումները. շաբաթվա արդյունքները
Հայաստանն ու Ադրբեջանը՝ նախագահների հանդիպման սպասումով, և հայ-թուրքական զարգացումները. շաբաթվա արդյունքները

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումն անցկացնել Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում: Հանդիպման կոնկրետ վայրն ու ամսաթիվը կորոշվի առաջիկա օրերի ընթացքում, այս ուղղությամբ արդեն աշխատում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Միաժամանակ Հայաստանի կառավարությունը ներկա պահին նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին: «Կառավարության դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ ներկա պահին մենք նպատակահարմար չենք գտնում այդ օրենքի ընդունումը», - նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Խոսելով ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության միջնորդ չի լինի: Միաժամանակ նա կարծում է, որ հայկական կողմն ամեն դեպքում չի տուժի սահմանի բացումից՝ հույս հայտնելով, որ այն կբացվի մոտ ժամանակներում, ինչից հետո Հայաստանի դերը տարածաշրջանում կբարձրանա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն իր հերթին համոզված է, որ Հայաստանը չպետք է սպասողական դիրք բռնի հայ-թուրքական հարաբերություններում, և հայկական կողմի որոշումը չպետք է կախված կլինի Թուրքիայում անցկացված քվեարկության արդյունքներից:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նպատակահարմար չի համարում դիրքորոշումը, որի համաձայն՝ Հայաստանը պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո:

«Հայաստանը պետք է վավերացնի արձանագրությունները ոչ այն պատճառով, որ մեզ դա պետք է, այլ այն պատճառով, որ դա թելադրում են գլոբալ գործընթացները: Կշահի նա, ով կհասցնի դրանց ավելի արագ արձագանքել», - կարծում է Գրիգորյանը:

Փորձագետի խոսքերով, այսօրվա դրությամբ Թուրքիայի գործողությունները մեծամասամբ կախված են Հայաստանի գործողություններից, և եթե Հայաստանը ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Թուրքիայի խորհրդարանում դրանց հաստատումը կարող է վերջին հաշվով տապալվել:

Միաժամանակ եթե Գրիգորյանը կարծում է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները 2009թ.-ի դեկտեմբերի երկրորդ կեսին – 2010թ.-ի հունվարին, ապա քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ արձանագրությունները կարող են վավերացվել հաջորդ տարվա հունվար-փետրվարին:

«Մենք այժմ հանդարտության կամ ինտենսիվ իրադարձությունների նախապատրաստման ականատեսն ենք: Հավանաբար, հունվար-փետրվարին արձանագրություններն արդեն կվավերացվեն, այսինքն սահմանը կբացվի մինչև ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր)», - ասել է Իսկանդարյանը:

Միաժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ քաղաքական խիզախ քայլ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նա հույս է հայտնել, որ արձանագրությունների վավերացումից հետո դրանք դրական կազդեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Միաժամանակ նրա խոսքերով, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է առավել զգալի դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում, ապա պետք է օգտվի այդ հնարավորությունից և, վավերացնելով արձանագրությունները, ցուցադրի սեփական կամքը:

Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր հերթին տարեկան ժողովի ժամանակ Հայոց ցեղասպանության դատապարտման մասին որոշում է ընդունել: Ընդունված փաստաթղթում նշվում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում, հայերից բացի, ցեղասպանության են ենթարկվել նաև ասորիները:

Կուսակցության գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է առաջընթացի հասնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացում, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նախորդ շաբաթ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք երկրների ներկայացուցիչները:

Մասնավորապես, ինչպես հայտարարել է Հունգարիայի նախագահ Լասլո Շոյան, այդ երկիրն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ նախագահը համոզվել է հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանն ու շարունակական հակամարտությունների լուծմանը դինամիզմ հաղորդելուն ուղղված Հայաստանի վճռական մտադրության մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հաստատել է հայկական կողմի մտադրությունը՝ կարգավորել գոյություն ունեցող խնդիրներն առանց նախապայմանների և խաղաղ ճանապարհով՝ կարգավորելով հարաբերությունները հարևանների հետ տարածաշրջանի կայուն զարգացման ուղղությամբ գոյություն ունեցող ռեսուրսները օգտագործելու նպատակով:

Օլեգ Բարնաշով, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար:-0-