Առաջին անգամ առաջին դասարան. սեպտեմբերի 1-ի բերկրանքն ու հոգսերը

01.09.2009, 17:30
Առաջին անգամ առաջին դասարան. սեպտեմբերի 1-ի բերկրանքն ու հոգսերը
Առաջին անգամ առաջին դասարան. սեպտեմբերի 1-ի բերկրանքն ու հոգսերը

Ահա և եկավ երկար սպասված հուզիչ օրը. երեխան դպրոց է գնում: Դպրոցի շենքի մուտքին «Բարի գալուստ» գրությունն է փակցված, և երեխաները ծնողների ձեռքը բռնած սրտի թրթիռով մտնում են բաղձալի դռներից ներս: Ծնողներին բազում հարցեր են տանջում՝ «կհարմարվի՞ արդյոք երեխան դպրոցին», «հեշտ կլինի՞ արդյոք սովորելը», «կկարողանա՞ արդյոք լավ ընկերներ ձեռք բերել»:  

Ծնողների մտահոգությունն ի զուր չէ, չէ՞ որ ոչ մի երեխա մյուսին նման չէ. յուրաքանչյուրն իր ներաշխարհն ունի, իր վախերն ու իր, առայժմ չբացահայտված տաղանդները: Բոլոր այս հատկությունները պետք է դրսևորվեն հենց դպրոցում, և երևի թե դժվար է գերագնահատել շրջակա միջավայրի դերը անհատի ձևավորման, ուսուցիչների ազդեցությունը ապագա մասնագիտության ընտրության, տարեկիցների հետ շփումը անհատական հատկանիշների ձևավորման վրա:

Դպրոցական առաջին օրերը հեշտ չեն լինում առաջին դասարանցու համար. նա սովոր չէ դպրոցական խիստ ռեժիմին, իր կյանքի հիմնական զբաղմունքը մինչ օրս խաղն է եղել, իսկ ուշադրությունը կենտրոնացնելը չափազանց դժվար է, շրջապատում ամեն ինչ նոր է ու հետաքրքիր:  

Անանիա Շիրակացու անվան վարժարանի միջին դպրոցի տնօրեն, հոգեբան Հասմիկ Վարդանյանի կարծիքով, մանկապարտեզ գնացած երեխաները շատ ավելի հեշտությամբ են հարմարվում դպրոցին:

«Մանկապարտեզում երեխան շփվում է իր տարեկիցների հետ, ինչի արդյունքում նրա մոտ զարգանում են հաղորդակցվելու հմտությունները»,- նշեց Վարդանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում:   

Հոգեբանն ընդգծեց, որ դպրոցին հեշտ հարամարվելու համար երեխային անհրաժեշտ է որոշակի մտավոր և անհատական պատրաստվածություն, ինչպես նաև կամային հատկությունների զարգացվածություն: Ընդ որում նա նշեց, որ մտավոր պատրաստվածության տակ պետք է հասկանալ ոչ թե երեխայի գրել-կարդալու իմացությունը, այլև վերլուծելու, ամփոփելու, համեմատելու ունակությունը: Նրա խոսքերով, այս հատկանիշների զարգացմանը մեծապես նպաստում են տարբեր ինտելեկտուալ խաղերը:

Վարդանյանը նշեց, որ երեխայի նախադպրոցական զարգացումը ենթադրում է ճիշտ պատրաստվածություն դպրոցին, դասերին, ուսուցիչներին, իսկ կամային պատրաստվածությունը՝ մեծերին լսելու ունակություն, կարգապահություն, սեփական անձի առջև առաջադրանքներ դնելու և դրանց հասնելու կարողություն:

«Նման պատրաստվածության բացակայությունը կարող է երեխայի մոտ լարվածություն, վախ, անհանգստություն ու սովորելու հետ կապված այլ դժվարություններ առաջ բերել»,- ասաց հոգեբանը:

Փորձագետը խորհուրդ տվեց ծնողներին ոչ մի դեպքում սկզբից ևեթ երեխայի ուշադրությունը չսևեռել գնահատականների վրա:

«Սա կարող է լրացուցիչ վախ հարուցել: Հակառակը, ծնողները պետք է օգնեն երեխային չվախենալ դժվարություններից, օրինակ, ասել. «Եթե դու սովորելու հետ կապված դժվարություններ ունենաս, մենք միասին կհաղթահարենք դրանք»: Լավ կլինի նաև, եթե ծնողը նախապես երեխայի հետ այցելի դպրոց, որպեսզի երեխան մինչև սեպտեմբերի 1-ը ծանոթ լինի իրադրությանը»,- նշեց Վարդանյանը:   

Ընդ որում նա հավելեց, որ ոչ մի դեպքում չի կարելի նախատել կամ ամոթանք տալ երեխային սեփական վախերի համար, պետք է ըմբռնում ու հոգատարություն ցուցաբերել:

«Հետո շատ կարևոր է ժամանակին երեխայի ետևից դպրոց գալը, ծնողի ուշացումը երբեմն իսկական սթրես է երեխայի համար: Երեխաների մեծամասնությունը, հատկապես ամենափոքրերը, սրտի խորքում վախենում են, որ մայրիկը կմոռանա իրեն վերցնել դպրոցից»,- ասաց հոգեբանը: 

Մեր կողմից հարցված գրեթե բոլոր առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները ամենայն մանրամասնությամբ ու հուզմունքով են պատրաստվել դպրոցի առաջին օրվան:  

Առաջին անգամ դպրոց գնացող Արփիի մայրիկը՝ Շուշանը, ասաց, որ աղջկա համար դպրոցական լավագույն պիտույքներն է գնել:   

Դպրոցին պատրաստվելու հուզմունքից զատ, այդ գործընթացը նաև մեծ ծախսեր է պահանջում: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմեց Շուշանը, դպրոցին պատրաստվելն իրենց ընտանեկան բյուջեի վրա շուրջ 100 հազար դրամ նստեց /մոտ 270 դոլար/:

«Հագուստի վրա մենք շուրջ 40 հազար ենք ծախսել, գրենական պիտույքների վրա՝ շուրջ 20 հազար: Արփին նաև նոր գրասեղան ունի»,- ասաց Շուշանը:

Երեխային դպրոցի նախապատրաստելու ծախսերը խիստ տարբերվում են ընտանիքներում՝ կախված եկամուտների մակարդակից: Այսպիսով, սպիտակ վերնաշապիկ երևանյան խանութներում կարելի է գնել 2-20 հազար դրամի սահմաններում:

Ընդ որում ծնողների համար որոշակի թեթևություն էր այն, որ իրենք ստիպված չեն վճարել գոնե դասագրքերի համար: ՀՀ Գիտության և կրթության նախարարությունը անվճար դասագրքեր է տրամադրում առաջին դասարանցիներին:    

«Առաջինից երրորդ դասարանների աշակերտներին մայրենի լեզվի ու մաթեմատիկայի անվճար դասագրքեր են տրամադրվում»,- «Նովոստի- Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կրթության նախարարությունից:

Դե ինչ, դպրոցական հագուստները, պայուսակներն ու տետրերն արդեն գնված են, իսկ դպրոցի բակը զարդարված է փուչիկներով, և նստարանների հավասար շարքերը սպասում են առաջին դասարանցիներին՝ նրանց կյանքում առաջին ուսումնական տարին սկսելու համար: -0-