ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Ավիավթար Իրանում. Հայացք Հայաստանից
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին:
Ավիավթարի ժամանակագրությունը
Տու-154 ինքնաթիռն ուշացումով մեկնել է Թեհրանից տեղական ժամանակով ժամը 12:02-ին, իրանական կողմի տեղեկատվության համաձայն՝ ուշացման պատճառն են եղել տեխնիկական թերություները:
Թռիչքի ժամանակի հաշվարկի արդյունքում՝ այն պետք է հատեր Հայաստանի օդային սահմանը 12:52-ին, սակայն 12:48-ին իրանցի դիսպետչերները տեղեկացրեցին հայկական օդային ծառայություններին, որ ինթնաթիռը կորել է ռադարների էկրաններից, և սահմանի հատման պլանային ժամանակացույցը չեղյալ է համարվում:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) տվյալների համաձայն՝ ինքնաթիռի հետ կապը կորել է օդ բարձրանալուց 16 րոպե անց՝ Թեհրանից 180 կմ դեպի արևմուտք՝ Քազվին քաղաքի մոտակայում, որը Հայաստանի սահմանից մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում:
Նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Ինքնաթիռի անկման վայրում՝ դաշտի մեջտեղում, առաջացել է մեծ ձագարափոս՝ մինչև տասը մետր խորությամբ: Ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որի մարումից հետո սկսվել է ինքնաթիռի բեկորների տակից զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացը:
Տեխնիկական տվյալներ
Տու-154 ինքնաթիռը շահագործման մեջ է եղել 15 տարի: Ինքնաթիռը գրանցված է Իրանում և շահագործվում էր Caspian Airlines իրանական ընկերության կողմից, ինչպես նաև անցել է բոլոր տեխնիկական ստուգումներն ու նորմատիվներն Իրանի տարածքում:
ՀՀ ՔԱԳՎ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում տեղադրված բոլոր սարքավորումները համապատասխանում են IKAO-ի պահանջներին:
Փորձագետների գնահատմամբ՝ այս տիպի ինքնաթիռի համար, որը հարաբերականորեն նոր էր, շահագործման 15 տարին չափազանց ընդունելի և նորմալ թիվ է:
Աղետի առաջին վարկածները
Փորձագետների գնահատմամբ՝ ենթադրաբար աղետի առաջին պատճառներից էր ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհի բռնկումը:
Սակայն ինչպես նշեցին ՀՀ ՔԱԳՎ-ից, բռնկման մասին կոնկրետ տվյալներ հայկական կողմը չունի՝ չնայած նման իրավիճակը կարող էր աղետի պատճառ հանդիսանալ, իսկ ինքնաթիռի անկման վայրը վկայում է այն մասին, որ օդաչուները հավանաբար փորձում էին վթարային վայրէջք կատարել Քազվին քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայաններից մեկում:
Սակայն, ինչպես նշել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, մինչ չգտնվեն և չվերծանվեն «սև արկղերը», վաղ է խոսել ավիավթարի հնարավոր պատճառների մասին:
Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանի գնահատմամբ՝ ՏՈՒ-154 ինքնաթիռները գերհուսալի են, և 14 նման ինքնաթիռներ թռիչքներ են իրականացրել Հայաստանում 1976 թ.-ից մինչև 2000 թթ.-ի սկիզբը՝ գրեթե առանց վթարների:
Ավիավթարի զոհերը
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 153 ուղևոր է եղել, որոնցից երկուսը երեխաներ էին, ինչպես նաև՝ անձնակազմի 15 անդամներ:
Ինքնաթիռում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս հակասական է, մասնավորապես՝ ՔԱԳՎ-ի տվյալներով՝ ինքնաթիռում ՀՀ 6 քաղաքացի և ազգությամբ հայ 35 մարդ կար, սակայն ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվում էր շուրջ 40 հայ, որոնցից 5-ը՝ ՀՀ քաղաքացի:
Զոհվածների թվում են նաև Վրաստանի երկու քաղաքացիներ, մասնավորապես՝ Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիավթարի զոհ են դարձել Իրանում վրացական առաքելության ղեկավարի կինն ու Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական մենեջերը:
Չնայած ինքնաթիռում ՌԴ քաղաքացիների մասին տեղեկատվության բացակայությանը՝ Հայաստանում ՌԴ դեսպանատունը լրացուցիչ ստուգել է ավիավթարի զոհերի ցուցակը:
Զոհված ՀՀ քաղաքացիներից երկուսը ավիատեխնիկներն էին, ովքեր թռիչքներ էին իրականացնում իրանական անձնակազմի կազմում: Ուղևորների հիմնական մասը Իրանի քաղաքացիներ էին:
Ինչ վերաբերում է ինքնաթիռում գտնվող երեխաներին, ապա հայկական կողմի ունեցած տեղեկատվությունը բավականին սահմանափակ է, հայտնի է միայն, որ նրանք երկուսն էին և Իրանի քաղաքացիներ էին, սակայն նրանց տարիքի մասին տվյալներ ոչ ՔԱԳՎ-ն, ոչ ավիաընկերության ներկայացուցիչները չունեն:
Պաշտոնական քայլեր.
Ինքնաթիռի ավիավթարի մասին տեղեկատվություն ստանալուց անմիջապես մի քանի րոպե անց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է ժամանակավոր շտաբ՝ Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տեղում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում ինչպես «Ավիամեդ» ՓԲԸ-ի մասնագետները, որը բժշկական ծառայություններ է մատուցում օդանավակայանի տարածքում, այնպես էլ «Շտապօգնության» բժիշկները:
Զոհվածների մտերիմներին տրամադրվում էին դեղորայքներ, հոգեբանի և նյարդաբանի ծառայություններ: «Շտապօգնության» օպերատիվ կանչեր էին գրանցվում նաև Երևանում: Բժիշկների աշխատանքի ընթացքում միայն մեկ մարդ է տեղափոխվել հիվանդանոց՝ նյարդային սթրես ախտորոշմամբ: Սակայն, ինչպես ակնկալում են բժիշկները, կանչերի թիվը կարող էր ավելանալ գիշերը, ընդ որում չէր բացառվում նաև իրավիճակի վատթարացում՝ ընդհուպ մինչև սրտի կամ ուղեղի կաթվածային վիճակներ:
Caspian Airlines ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է ինքնաթիռում գտնվող ուղևորների ցուցակները, որոնք փակցվել էին օդանավակայանում:
ՀՀ ԱԳՆ-ում «Թեժ գիծ» էր բացվել, որով զոհվածների բարեկամներն ու մտերիմները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ:
ՀՀ նախագահը աղետի կապակցությամբ ընդհատել է Սպիտակ կատարած իր աշխատանքային այցն ու վերադարձել է Երևան, որտեղ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Շտաբը կհավաքի աղետի մասին ողջ տեղեկատվությունն ու կհամակարգի կառավարության աշխատանքը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել անցկացնել իրանական ինքնաթիռի ավիավթարի հանգամանքների արագ հետաքննություն, իսկ երկրի բանակային ստորաբաժանումները սկսել են որոնել աղետի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերը»:
Միջպետական ավիացիայի կոմիտեի (ՄԱԿ) մասնագետները մեկնել են Իրան՝ ինքնաթիռի ավիավթարի պատճառները հետաքննելու նպատակով, խումբը գլխավորում է ԽՍՀՄ Վաստակավոր օդաչու Գեորգի Յաչմենևը:
Զոհվածների ընտանիքներին իրենց ցավակցություններն են հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Վրաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Եվրամիությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ հուլիսի 16-ը հանրապետությունում սգո օր է հայտարարված:-0-

