Հայաստան և ՀԱՊԿ. հաջող առաքելության մեկ տարին
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին՝ ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնում իրականացրած մեծ և արդյունավետ աշխատանքի համար: Մեդվեդևն այդ մասին հայտարարել է նախօրեին Մոսկվայում՝ ամփոփելով ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները:
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածը, իսկապես, կարելի է չափազանց հաջող և արդյունավետ համարել: Դրանում համոզվելու համար հարկ է հիշատակել միայն Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման մասին համաձայնագիրը: Հենց այդ ուժերի ստեղծմամբ Կազմակերպության առաքելությունը, որը շատերին վերացական էր թվում, իրական բովանդակություն և կոնկրետ նպատակներ է ձեռք բերում:
ՀՀ նախագահը ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին պայմանավորվածությունները կարևորագույն ձեռքբերումներից մեկն է համարում: «Արագ արձագանքման հավաքական ուժերն այն գաղափարների նյութականացումն է, որոնք ընկած են ՀԱՊԿ հիմքում», - ընդգծել է Սարգսյանը ՌԴ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանը, որը մշտապես կողմ է եղել ՀԱՊԿ-ի ռազմական բաղկացուցչի ակտիվացմանը, իրապես հետևողական աշխատանք էր իրականացնում ոչ միայն Հավաքական ուժերի ստեղծման, այլև դրանց համաձայնեցված աշխատանքի համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ հենց Հայաստանի շնորհիվ է, որ փաստաթղթերի վերջնական տարբերակներում ավելացվել են դրույթներ, որոնք առավելագույն հստակեցում են ապահովում Հավաքական ուժերի կիրառման և որոշումների ընդունման մեխանիզմների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: Այդ հստակեցումը թույլ չտվեց վերածել ԱԱՀՈՒ-ն հերթական ձևական կառույցի:
Երկու մոտ դաշնակիցների՝ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն այն հարցի շուրջ, որ ԱԱՀՈՒ-ն պետք է գործուն ուժ լինի, որը պատրաստ է յուրաքանչյուր պահի կատարել իր առջև դրված խնդիրները, լիովին համընկնում են:
Ինչպես նշել է Մեդվեդևը՝ ԱԱՀՈՒ-ի ստեղծումը նշանակում է այն պատկերացումների արմատական փոփոխությունը, թե ինչ պետք է իրենից ներկայացնեն հավաքական ուժերը:
«Իհարկե, դրանք պետք է շարժական լինեն, սակայն միաժամանակ դրանք պետք է բավականացնեն ամենահիմնական, ամենամեծ, ամենաբարդ սպառնալիքներին արձագանքելու համար: Ես նկատի ունեմ և ահաբեկչությունը, և հանցավորությունը, և այլ տարածաշրջանային մարտահրավերներն ու հակամարտությունները: Այդ պատճառով դրանք պետք է կոմպակտ լինեն, սակայն ոչ փոքր: Դրանք պետք է ի վիճակի լինեն լուծել ամենատարբեր խնդիրները: Դրանք պետք է հագեցած լինեն ռազմատեխնիկայի վերջին խոսքով: Դրանք պետք է ունեն անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Նախագահ Սարգսյանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում մեկ այլ կարևորագույն ձեռքբերում է համարել ՀԱՊԿ մասնակից-պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգումը: Հենց այս տարվա ընթացքում ավանդույթ ստեղծվեց անցկացնել Կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդակցություններ միջազգային կարևորագույն միջոցառումների և ֆորումների նախօրեին՝ համաձայնեցված դիրքորոշումների մշակման նպատակով:
Նա ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում հաջողվեց կոնկրետ բովանդակություն հաղորդել ընդունված շատ որոշումների: «Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնեց նախագահությունը, ես ասում էի, որ և Հայաստանը, և ՀԱՊԿ երկրները կաշխատեն ոչ միայն ընդունված որոշումների, այլև նոր գաղափարների վրա` հարստացնելով մեր պայմանագիրը», - ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում զգալի և լուրջ աշխատանք է իրականացվել:
Կարևորագույն եզրահանգումը, որն անում են փորձագետները ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից հետո, այն է, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահուսալի և կանխատեսելի դաշնակիցն է՝ հատկապես հաշվի առնելով ոչ երկիմաստ իրավիճակները, որոնք կապված էին ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից մեկի՝ նիստին չմասնակցելու հետ:
Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

