Հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24.04.2009, 10:28
Հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ողջ աշխարհի հայությունը 2009 թ. ապրիլի 24-ին՝ ուրբաթ, նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը։

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածների հիշատակը։

«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր կայցելեն ՀՀ նախագահը, կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները, հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, սփյուռքի ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական և մշակույթի գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ տարբեր երկրներից։

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից`բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանությունը պահպանելու նպատակով կայսրության կառավարությունն իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և գագաթնակետին հասել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Թուրք ջարդարարներին հաջողվեց հեշտորեն իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, և դա մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխներին աշխարհի տարբեր ծայրերում գտել և ոչնչացրել են հայ հայրենասերները։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլոք։

Այժմյան Թուրքիան 94 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։

1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Հայոց ցեղասպանության այս տարելիցը տարբերվում է մի շարք առանձնահատկություններով, որոք կապված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի հետ։ Դեռևս 2008 թ.-ի սեպտեմբերին սկսված բարձր մակարդակով ինտենսիվ հայ-թուրքական երկխոսությունը հանգեցրեց որոշակի արդյունքների։ Մասնավորապես, չորեքշաբթի երեկոյան Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունները հանդես եկան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և «ճանապարհային քարտեզի» մշակման վերաբերյալ հայտարարությամբ։

Մյուս առանձնահատկությունը Թուրքիայի գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեծ հավանականությունն է։ ԱՄՆ իշխանության գրեթե բոլոր ճյուղերի ներկայիս ղեկավարները, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել են Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Ավելին, գտնվելով Թուրքիայում՝ Օբաման հայտարարել է, որ իր հայացքները չեն փոխվել։ Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահներն ամենամյա ուղերձով դիմում են հայ ժողովրդին՝ 1915 թ.-ի ողբերգության կապակցությամբ, և ամերիկահայերը հուսով են, որ այս տարի Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը։

Հայոց ցեղասպանությունը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթին։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ -0-