Փորձություն «լողացող փոխարժեքով». Հայաստանը դուրս է գալիս սթրեսից
Ազգային արժույթի «լողացող փոխարժեքի» քաղաքականությանը վերադառնալու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման արդյունքում երեքշաբթի բնակչությանը շրջանում առաջացած խուճապը չորեքշաբթի անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր։
Դրամի թուլացման հետևանքով առաջացած խուճապը հանգեցրեց նրան, որ մարդիկ, զգուշանալով առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճից, սկսեցին գնել բուսական յուղ, շաքարավազ, ալյուր՝ դատարկելով որոշ խանութների վաճառասեղաններն ու ապրանքների հնարավոր դեֆիցիտի լրացուցիչ մտավախություն առաջացնելով։
Սկզբից ևեթ ակնհայտ էր, որ նման «տենդը» ոչնչով հիմնավորված չէր և դեռևս արմատախիլ չեղած վախերի արդյունքն էր, որոնք թեժացվում էին որոշ, ոչ այնքան բարեխիղճ վաճառականների կողմից, ովքեր փորձում էին «յուղոտ ձկնիկ» որսալ «լողացող փոխարժեքում»՝ արհեստականորեն բարձրացնելով գնվող ապրանքների գները։
Երեկ ֆինանսական և առևտրային շուկաներում կարգուկանոնին հետևող կառույցները պարզաբանեցին իրավիճակը։
«Հայաստանում ապրանքի դեֆիցիտ չկա և մոտ ժամանակներս չի լինի», - առանց ծանրակշիռ պատճառների մտահոգված բնակչությանն իր հայտարարությամբ հանգստացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը։
Նա կոչ է արել մարդկանց չմատնվել անհիմն խուճապի և մեծ քանակությամբ չգնել այս պահի դրությամբ ոչ անհրաժեշտ ապրանքներ, քանի որ հանրապետության պահեստներում տասն անգամ պահանջարկը գերազանցող մթերք կա։
Շահնազարյանը զգուշացրեց, որ Հայաստանի ապրանքի շուկայում իրավիճակը լիովին վերահսկվում է, խանութներում հերթեր չկան։
Միաժամանակ նա խոստովանեց, որ 4-5 տեսակի ապրանքների գների 10-12 տոկոսի աճ է գրանցվել, մասնավորապես, շաքարավազի, բենզինի, բուսական յուղի և կարագի։
ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովը երեկվանից ավարտում է նախազգուշացնող փուլն ու այսօրվանից պատժամիջոցներ է կիրառելու իրավախախտների նկատմամբ։
Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում իրավիճակը մեկնաբանեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականությանը կտրուկ վերադարձն անհրաժեշտ էր, որպեսզի ազգային արժույթի արժեզրկման ակնկալիքներն անհապաղ վերացվեին։
Գաբրիելյանը հիշեցրեց, որ մակրոտնտեսական տեսակետից հանրապետության կառավարությունը կամ Կենտրոնական բանկը երբեք չեն հայտարարել այն մասին, որ անցում է կատարվում ֆիքսված փոխարժեքին։
Գաբրիելյանը նաև հավաստեց, որ Հայաստանի բանկային համակարգին ոչինչ չի սպառնում, և ոչ մի բանկ անվճարունակության, միջոցների պակասի հետ կապված խնդիր չի ունենա։
Նա նաև ընդգծեց, որ 2009 թ.-ի արդյունքներով Հայաստանը կկարողանա պահպանել տարածաշրջանում գնաճի ամենացածր մակարդակն ու ապահովել տնտեսական աճ։
Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն իր հերթին հայտարարեց, որ դրամի փոխարժեքի նվազումը կօգնի հայ արտադրողներին։
«Փոխարժեքի սրբագրումը թույլ կտա հայկական ընկերություններին ավելացնել արտահանումը, ինչպես նաև բարձրացնել այն ընկերությունների եկամտաբերությունը, որոնք տուժել են ստեղծված իրավիճակի հետևանքով», - ասաց Վարուդակիսը։
Նրա խոսքերով, հաստատված փոխարժեքը կօգնի շուկայում մրցակցող ընկերություներին, քանի որ կթանկանա ներկրումը, և ընկերություններին ավելի հեշտ կլինի դիմանալ մրցակցությանը։
Միաժամանակ Վարուդակիսն ընդգծեց, որ մրցակցության կարգավորմամբ զբաղվող ՀՀ պետական մարմինները չպետք է գների հայեցողական աճ թույլ տան։
ԿԲ մասնագետների գնահատմամբ՝ 2009 թ.-ին դոլարի միջին կշռված փոխարժեքը ակնկալվում է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։ Երեկ երկրի տարադրամի փոխանակման կետերում փոխարժեքը տատանվում էր այդ շրջանակներում։-0-

