Հայաստանում որքա՞ն կծախսի առաջին դասարանցու ծնողը

29.08.2008, 18:04
Հայաստանում որքա՞ն կծախսի առաջին դասարանցու ծնողը

Գիտելիքի օրը նշանավորվում է նոր փուլի սկզբով ոչ միայն երեխաների, այլև ծնողների կյանքում, որոնց համար երեխային դպրոց ուղարկելը գլխացավանք է դառնում հաջորդ 12 տարում։

Միջին եկամուտներով ընտանիքի ծախսերի տողում հայտնվում է նոր սյունակ՝ «դպրոց», իսկ դրա տակ մտնում են մի շարք ենթակետեր՝ հագուստի, գույքի և սովորողի համար անհրաժեշտ բոլոր պարագաների գնում։  

Առանձնահատուկ խանդավառությամբ գնումներ կատարում են առաջին դասարանցիների ծնողները, նրանք հագուստի տոնավաճառներից սուրում են գրենական պիտույքների խանութներ, իսկ աչքերում մի շարք հարցեր՝ որտեղի՞ց և ինչ գնել։ Ինչպե՞ս տնտեսել դրամն ու ժամանակը։

Ինչպես պատմում է Ելենան՝ առաջին դասարանցի Դավիթի մայրիկը, որդուն դպրոց գնալուն նախապատրաստելու համար իրենից հատուկ այդ նպատակի համար արձակուրդ վերցված մեկ շաբաթ պահանջվեց։ 

«Ուրախալի է այն փաստը, որ նման պատասխանատու գործի համար, ինչպիսին երեխային դպրոցի համար նախապատրաստելն է, ապրանքի լայն տեսականի է առաջարկվում տարբեր առումներով՝ որակական, քանակական, և իհարկե գնային»,- ասաց ծնողը։ 

Գրենական պիտույքների վաճառքում մասնագիտացված խանութների մեծամասնությունը, չհապաղեցին օգտվել դրանից՝ երկու-երեք անգամ ավելացնելով առաջարկվող ապրանքի տեսականին ու քանակը։

Խանութների վաճառասեղանները լեփ-լեցուն են դպրոցականների համար անհրաժեշտ ամեն ինչի բազմազանությամբ՝ պայուսակներ, տետրեր, ալբոմներ, գրչատուփեր, գրիչներ, մատիտներ և նույնիսկ ռետիններ։ Իսկ ծնողները մեկնարկային մրցավազքում գրավում են խանութներն ու երբեմն գնում ձեռքի տակ ընկած ամեն ինչ, հաճախ նաև անպետք իրեր՝ վատնելով բավականին մեծ միջոցներ։  

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի կողմից իրականացված հետազոտության արդյունքներով, Հայաստանում առաջին դասարանցուն դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ գումարը շուրջ 200 ԱՄՆ դոլար (60 000 դրամ) է կազմում։

Այսպիսով, միջին վիճակագրական հայ ընտանիքի համար դպրոցական պարագաների՝ գրիչների, օրագրի, գունավոր մատիտների և ֆլոմաստերների, պլաստիլինի, նկարչական ալբոմի, ջրաներկի, գրչատուփի, մկրատի, մատիտ-սոսնձի, տետրերի ու գրքերի կազմերի և այլնի գնումը մոտավորապես 4-8 հազար դրամ է նստում (13-26 ԱՄՆ դոլար)։ Եվ այդ ամենը պետք է դասավորել դպրոցական պայուսակում, որը կարժենա շուրջ 1,5- 7 հազար դրամ (5-23 ԱՄն դոլար)։

Եվ իհարկե, պետք չէ մոռանալ նաև դպրոցական համազգեստի մասին։ Խանութներում և կրպակներում անցկացրած սոցհարցման համաձայն, դպրոցական համազգեստի և կոշիկի գնման համար (վերնաշապիկ, տաբատ կամ կիսաշրջազգեստ) ծնողը պետք է շուրջ 20-25 հազար դրամ ծախսի (63-86 ԱՄն դոլար)։

Այս բոլոր ծախսերի ֆոնին միակ մխիթարանքն այն է, որ կրթության և գիտության նախարարությունն անվճար դասագրքեր է տրամադրում դպրոցականներին։

Պարզվում է՝ ֆինանսական դժվարություններից բացի ծնողներին ևս մեկն է սպասվում՝ դպրոցի ընտրությունը։ «Այս հարցում ամենաբարդը դպրոցն ու առաջին ուսուցչին ճիշտ ընտրելն է։ Չէ՞ որ նրանից է կախված երեխայի՝ կրթությունը շարունակելու հետագա ցանկությունը»,- ասում է Ելենան։   

Դե իհարկե, երեխաներն ընդհանրապես չեն մտածում մեծերի խնդիրների մասին, նրանք շարունակում են ուրախ խաղալ։ Նրանցից ոմանք անհամբեր սպասում են ուսումնական տարվա սկզբին, քիչ գիտակցելով, թե ինչպիսի աշխատանքային օրեր են սպասվում իրենց առջևում։ «Դավիթը շատ ոգեշնչված է, արդեն մինչև սեպտեմբերի 1-ը մնացած օրերն է հաշվում»,- ասաց առաջին դասարանցու մայրիկը։

ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալներով սեպտեմբերի 1-ին Հայաստանի դպրոցներ կգնան 32 հազար 485 երեխաներ։ --0--

Էլեոնորա Արարատյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» թղթակից