Ընտրությունները Հայաստանում. Անցյալով ապագայի չես հասնի

13.02.2008, 16:00
Ընտրությունները Հայաստանում. Անցյալով ապագայի չես հասնի

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է Մոսկվայում, սակայն այստեղ աջակցություն չի գտել։ Ռուսաստանի բարձր պաշտոնյաներից ոչ ոք նրան պարզապես չի ընդունել։ Պատճառներն ակնհայտ են։ Ռուսաստանը իր բարեկամ Հայաստանի համար նորմալ ապագա է ցանկանում, բայց ամենևին վստահ չէ, որ դրան տանող ուղին անցնում է վատ անցյալի միջով։ Իսկ Տեր-Պետրոսյանի հետևից դեռևս նախորդ նախագահությունից ձգվում է վատ մենեջերի և անհաջողակ քաղաքական գործչի հետագիծ։ Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ իմաստ կարող են ունենալ հանդիպումները։

Ի դեպ, Մոսկվայի դիրքորոշումը, կարծես, լիովին համահունչ է այն հանգամանքին, թե ընտրությունների նախաշեմին ինչ է մտածում հայերի մեծ մասը։ Վերջին սոցհարցումները վկայում են, որ ընտրողների կեսից ավելին պատրաստ է ձայն տալ Սերժ Սարգսյանին։

Ավելին։ Ակնհայտորեն ձախողվում է նաև առավել հավանական հաղթող Սերժ Սարգսյանի դեմ Տեր-Պետրոսյանի փորձը իր շուրջը մյուս թեկնածուներին միավորելու ուղղությամբ ։ Ընդդիմադիրների թևում տիրող տրամադրությունների մասին է վկայում, օրինակ, «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանի վերջին ելույթը։ Գլխավոր քննադատությունն ուղղված է ոչ թե Սարգսյանի, այլ նախկին նախագահի դեմ։ Եվ նորից պատճառը նույնն է. դեռևս չափազանց կենդանի են ծանր անցյալի և ցավոտ վիրավորանքների մասին հիշողությունները, որոնք ժամանակին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հասցրել էր Տեր-Պետրոսյանը։

Կարելի է ներկայիս վարչապետ Սարգսյանի հաջողությունները բացատրել բարենպաստ տնտեսական իրավիճակով, բայց չէ՞ որ դրանից էլ պետք է կարողանալ օգտվել։ Ի դեպ, նույն Տեր-Պետրոսյանը ստիպում էր ընդունել, որ իր նախկին նախարարների աշխատակազմում հենց Սերժ Սարգսյանն էր առավել արդյունավետ և ուժեղ դեմքերից մեկը։

Տեր-Պետրոսյանի օգտին չէ նաև նրա ընտրած տոնը, բուն նախընտրական հռետորությունը։ Համեմատել Հայաստանի ներկայիս իրավիճակը «մոնղոլ-թաթարական կառավարման» հետ, վիրավորական է ոչ թե Սարգսյանի, այլ ողջ հայ ժողովրդի համար։ Բացի այդ, դա անհեթեթ է հնչում երկրում առկա նախընտրական գործընթացների համատեքստում, որտեղ «Չինգիզխանի» գահին հավակնում են ինը թեկնածուներ։

Վերջապես, դժվար է ուշադրություն չդարձնել ընտրողի նկատմամբ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի տարբեր վերաբերմունքների վրա։ Եթե առաջին դեպքում նախընտրական քարոզարշավի համար դիմացինին սևացնելու սովորական փորձ է կատարվում, երկրորդ դեպքում երկրի առջև դրվում են կոնկրետ և լիովին իրատեսական խնդիրներ, իսկ ամենակարևորը նշվում են առկա խնդիրների լուծման ուղիները։ Տեր-Պետրոսյանը չի մտածել անգամ Հայաստանի համար այնպիսի կարևոր խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը և Թուրքիայի հանրապետության հետ հարաբերությունների նորմալացումը։

Եվ այստեղ ակնհայտ է Սարգսյանի առավելությունը։ Բացի այդ, պետք է նկատենք, որ անգամ վարչապետ Սարգսյանի ներկայիս դժվարությունները զգալի մասով ձախողակ նախագահ Տեր-Պետրոսյանի ժառանգությունն է։ Ուրեմն ինչու՞ Հայաստանը պետք է գնա ոչ թե ապագա, այլ անցյալ, առավել ևս՝ ձախողված։

--0--

Պյոտոր Ռոմանով, «ՌԻԱ-Նովոստիի» քաղաքական մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ