Բուշը թուրքերին ժամանակ է տվել

06.11.2007, 16:12
Բուշը թուրքերին ժամանակ է տվել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ջորջ Բուշը hամոզել է արդյոք թուրք վարչապետ Թայիպ Էրդողանին հրաժարվել Իրաքի տարածք ներխուժելուց, թե ոչ, դեռևս գաղտնիք է մնում։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Նախևառաջ այն պատճառով, որ Էրդողանն այս իրավիճակում հանգամանքների պատանդն է։

Հետաքրքիրն այն է, որ ինքը վարչապետը շահագրգռված է կարգավորել իրադրությունն առանց այնպիսի ծայրահեղ միջոցների, ինչպիսին է Իրաք զորք մտցնելը։ Բայց եթե Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմից կազմակերպվող ահաբեկչական գործողությունները շարունակվեն, Էրդողանն  ընտրություն չի ունենա և կթույլատրի ռազմական գործողությունը։ Բայց առայժմ նա ժամանակ ունի։ Այդ թվում ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ։

Հիշեցնենք. հոկտեմբերին թուրքական խորհրդարանը թույլատրեց կառավարությանը Իրաքի Քուրդիստանի տարածքում գործողություն իրականացնել, որտեղ թաքնվում են ՔԱԿ զինյալները։ Թույլատրությունը գործում է տարվա ընթացքում։ Առայժմ թուրքական զինյալները սահմանափակվում են սահմանամերձ շրջաններում ռազմական գործողություններով։

Վաշինգտոնն աջակցել է թուրքական կառավարությանը, հաստատելով, որ ՔԱԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ դա նշանակում է, որ նրա դեմ բոլոր գործողություններն արդարացված են։ Ճիշտ է այն պայմանով, եթե «այդ գործողությունները չեն խախտում տարածաշրջանային կայունությունը»,-այսինքն Թուրքիան ձեռնպահ է մնում Իրաքի տարածք զորք մտցնելուց, համենայն դեպս, առանց Բաղդադի և Իրաքի Քուրդիստանի իշխանությունների թույլատրության։ Փոխարենը Բուշը Էրդողանին խոստացել է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման մեջ և «ամեն կարգի օգնություն»։ Թուրք վարչապետը բանակցություններից հետո խոստովանել է, որ երջանիկ է։

Չնայած Բուշը մանրամասների մեջ չի խորացել, թե հատկապես ինչ օգնություն է տրամադրվելու Անկարային, Էրդողանն, ըստ ամենայնի, մեծ ակնկալիքներ ունի։ «Ես կարծում եմ, որ բացատրելու կարիք չկա, թե ինչ ենք հասկանում «թշնամի» ասելով»,-մեկնաբանել է նա հանդիպման արդյունքները։

Իսկապես, կարելի է և չբացատրել։ Դեռևս Էրդողանի Վաշինգտոն այցի նախօրեին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել էր. չնայած ՔԱԿ-ը գոյություն ուներ նախքան Իրաք ԱՄՆ-ի ներխուժումը, հիմա Վաշինգտոնն է պատասխանատվություն կրում այդ երկրի տարածքում կատարվող ամեն ինչի համար։ ԱՄՆ-ը հավաստում է. Իրաքն ահաբեկչական կազմակերպությունների համար որպես ապաստարան չի ծառայելու, այդ թվում և ՔԱԿ-ի համար։

Չնայած, դա ամենևին չի նշանակում, որ ամերիկացիներն անմիջապես կտեղափոխեն իրենց զորքերն Իրաքի այն մարզերը, որտեղ թաքնվում են ՔԱԿ զինյալները։ Առավել ևս, որ դա մյուս մարզերի համեմատությամբ ամենից հանգիստ շրջանն է։

Այլ հարց է Անկարայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, տնտեսական պատժամիջոցները նրանց նկատմամբ, ովքեր համագործակցում են ՔԱԿ-ի հետ, ինչպես նաև իրաքյան իշխանությունների վրա ճնշում գործադրելը, որպեսզի նրանք աջակցեն Թուրքիային այդ կազմակերպության դեմ պայքարում։ Բացի այդ, Վաշինգտոնը հասկացնում է. տվյալ իրավիճակում ընտրելով երկու դաշնակիցների միջև (իրաքյան քրդերի և Անկարայի), նա վերջինիս կողմն է գրավում այն դեպքում, եթե քրդերն իրենք կարգ ու կանոն չհաստատեն իրենց ենթակա տարածքներում։
 
Բուշը Էրդողանին ուժեղ խաղաքարտեր տվեց դիմակայելու համար երկրի ներքին ճնշումներին։ Վարչապետն այլևս պարտավոր չէ անմիջապես Իրաք զորք մտցնել և  սանձահարել պատերազմ, որը ոչ մեկին, առաջին հերթին թուրքերին հարկավոր չէ։ Հիմա ամեն ինչ կախված է այն բանից, թե կպահե՞ն արդյոք Վաշինգտոնը, Բաղդադը և իրաքյան քրդերը ՔԱԿ-ի ահաբեկչական գործունեությանը վերջ դնելու վերաբերյալ իրենց խոստումները։

Պետք է արժանին մատուցել Էրդողանի դիվանագիտությանը, որը թե թուրք-իրաքյան, թե թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պահին կարողացավ պահպանել գործընկերությունը երկու կողմերի հետ էլ։ Պատերազմ հայտարարեց, բայց պահպանեց խաղաղություն։ Համենայն դեպս՝ առայժմ։ Հանգամանքների հաջող ընթացքի դեպքում տարածաշրջանում նոր ծավալուն պատերազմի մասին կարելի է մոռանալ մինչև գարուն։-0-

Մարիա Ապպակովա, «ՌԻԱ-Նովոստիի» մեկնաբան