ԼՂՀ-ում իրականացվում է իշխանության քաղաքակիրթ փոխանցում. ռուս փորձագետ

20.07.2007, 13:37
ԼՂՀ-ում իրականացվում է իշխանության քաղաքակիրթ փոխանցում. ռուս փորձագետ

ԼՂՀ նախագահական ընտրությունների առաջին արդյունքն ակնհայտ է և կարևոր։ Դա այն է, որ Ղարաբաղում իրականացվում է իշխանության քաղաքակիրթ փոխանցում՝ մի առաջնորդից մյուսին։ Դա, անկեղծ ասած, ողջ հետխորհրդային տարածքի ամենացավոտ կետն է. եթե մեկը  իշխանությունն իր ձեռքն է վերցրել, պահում է այն, քանի դեռ նրան իր պաշտոնից չեն հանել հորիզոնական դիրքով։ Այստեղ՝ Ղարաբաղում, նման բան չկա, և դա առաջին արդյունքն է։

Երկրորդ արդյունքը, որ ես տեսա, և իմ գործընկերները կհաստատեն, ընտրողների մասնակցության բարձր տոկոսն էր։ Ռուսաստանում ես վաղուց չեմ տեսել, որ ընտրությունն սկսվելուց կես ժամ առաջ ընտրատեղամասի մոտ հերթ գոյանա։ Այսինքն, մարդկանց պետք են այդ ընտրությունները, և դա դատարկ ձևականություն չէ, ինչն, անշուշտ, դրական պահ է։

Երրորդ արդյունքն այն է, որ կա թեկնածուների իրական պայքար։ Ղարաբաղի շահերից չի բխում՝ ամեն գնով պահել ճնշումը կամ որևէ քաղաքական ուժի ներկայությունը։ Մենք եղանք Ղարաբաղի մի շարք շրջանների և բուն Ստեփանակերտի տարբեր ընտրատեղամասերում. ամեն ինչ բավականին քաղաքակիրթ էր։

Իմ կանխատեսումներով, նախագահական ընտրությունները չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա։ Ցավոք, հաճախ կարծում են, որ եթե իշխանության գա ժողովրդավարական թեկնածու, ապա նա անմիջապես Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին, բայց դա այդպես չէ։

Ղարաբաղի ժողովրդի կամքը անկախության ճանապարհն է։ Չեմ կարծում, թե ժողովրդավարությունն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի հետ։

Հետխորհրդային տարածքի դե-ֆակտո չճանաչված պետությունների ընտրությունները, որոշ իմաստով, դոգմատիզմի և երեսպաշտության փորձություն են, որովհետև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն  ասում են, որ խաղաղ կարգավորման համար կարևոր է ժողովրդավարացումը։

Ի՞նչ տեսանք այսօր Ղարաբաղում. վերադարձ բռնապետությա՞նը, ինչ-որ բռնատիրական միտումների հաստատու՞մ, թե՞ ժողովրդի կամքի արտահայտություն։ Հավանաբար, ժողովրդավարացումը պետք է ողջունել, եթե խոսում ենք հակամարտության կարգավորման մասին։ Հարցն այն է, թե ինչ ենք հասկանում կարգավորում ասելով՝ տարածքային ամբողջականության վերականգնու՞մ, թե՞, այնուամենայնիվ, հակամարտության կարգավորում։

Ռուսաստանի դիրքորոշումն, անշուշտ, չի կարող միանշանակ լինել։ Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինի ղեկավարը, նա շահագրգիռ է Հայաստանի և Ադրբեջանի հետ տարբերակված հարաբերությունների հաստատմամբ։   

Ռուսաստանի դիրքորոշման մեջ կարևորն է նախ՝ փորձել վարժեցնել միջազգային կազմակերպություններին, որ այս խնդրի արագ լուծումը հնարավոր չէ։ Հասկանու՞մ եք, եթե այն 20 տարի չի լուծվել, ինչու՞ պետք է կարողանանք լուծել մեկ տարում։ Չենք կարող։

Երկրորդ պահը՝ պետք է փոխել բանակցային ձևաչափը։ Բանակցային գործընթացի մեջ պետք է մտնեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ղարաբաղյան կողմը ևս պետք է մասնակցի, առավել ևս, որ նման մասնակցության նախադեպ արդեն կա։ Բանակցային գործընթացը պետք է հասկանալ ոչ այնպես, ինչպես ուզում է ինչ-որ մեկը։ Այս իմաստով, Ռուսաստանը պետք է որևէ բան ձեռնարկի Մինսկի խմբի շրջանակներում կամ դրանից դուրս։

Ինչ վերաբերում է «Կոսովոյի նախադեպ» հասկացությանը, այն ունի երկու չափում. կա կոսովյան նախադեպ՝ ամերիկյան ղեկավարության կամ համաշխարհային հանրության հասկացողությամբ, և կա Կոսովո, որն արդեն ապրում է իր կյանքով։ Այ, Ղարաբաղում «Կոսովոն» կշարունակի ապրել իր կյանքով, ինչ էլ որոշեն տարբեր դիվանագետները։

Եկեք կիրառելիության մասին խոսենք այն ժամանակ, երբ կոսովյան նախադեպը կադառնա իրականություն։ Այն միաժամանակ կարող է և կիրառվել, և չկիրառվել։ Չի կարող՝ ինչ-որ ֆորմալ հիմնավորմամբ, բայց փաստացիորեն՝ կարող է։–0--

Սերգեյ Մարկեդոնով, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար։