Ինչու՞ են Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին հիշել Աղդամի իրադարձությունների մասին

27.10.2015, 17:09
Նախորդ շաբաթ հայկական թեման ադրբեջանական ԶԼՄ–ներում մնաց երկրի Ազգային անվտանգության նախարարության շարքերում մասշտաբային «մաքրման» մասին աղմկարահարույց նորության և նախարար Էլդար Մահմուդովի սկանդալային հեռացման ստվերի տակ։
Ինչու՞ են Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին հիշել Աղդամի իրադարձությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախորդ շաբաթ հայկական թեման ադրբեջանական ԶԼՄ–ներում մնաց երկրի Ազգային անվտանգության նախարարության շարքերում մասշտաբային «մաքրման» մասին աղմկարահարույց նորության և նախարար Էլդար Մահմուդովի սկանդալային հեռացման ստվերի տակ։ Առաջ էին քաշվում բազմաթիվ տարբերակներ` «ստվերային կառավարության» ստեղծումից և իշխանությունը զավթելու փորձից մինչև գործարարների դրամաշորթություն և հափշտակություն։ Գեներալները հերթով պաշտոնանկ են արվում, իշխող վերնախավի խելացնորությունը` սրվում...

Պաշտոնական օրակարգը, հակառակը, առանձնանում է Հայաստանին և հայերին վերաբերող հայտարարությունների առատությամբ։ Այս անգամ նման մի հայտարարությամբ է հանդես Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Խիկմեդ Գաջիևը, ով հայտարարել է, թե «հայերը հնագիտական, ազգագրական և մարդաբանական տեսակետից որևէ կապ չունեն Հարավային Կովկասի հետ»։ Մինչև ադրբեջանցիների հայտնվելը տարածաշրջանի պատմության չիմացությունը, իսկ ավելի շուտ իմանալ չցանկանալը բավականին տարածված հիվանդություն է Ադրբեջանի բնակիչների շրջանում։ Պարզապես
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը հակառակի պես համընկավ «European Journal of Genetics»–ում հրապարակված հետազոտության հետ, որը վերաբերում է հայերի գենոմին։ Հայերն, ըստ հրապարակված նյութի, հիմա կենտրոնացած են Կովկասյան տարածաշրջանում, սակայն մինչև Հայոց ցեղասպանությունը զբաղեցրել են ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքն ընդհուպ մինչև Միջերկրական ծով։ Ըստ հետազոտության արդյունքների` հայերն Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, և նրանց գենոմը համընկնում է մ.թ.ա. 2492 թ.–ին Հայաստանի լեգենդար հիմնադրման հետ։ Ավելին, հայերը բրոնզե դարի վերջից սկսած (արդեն 3 հազար տարի) չեն միախառնվել այլ էթնիկ խմբերի հետ։

Ի դեպ, հետազոտության մեջ նաև նշվում է Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հետ թուրքերի գենետիկ ազգակցության մասին, որոնք հիմա զբաղեցնում են հայերի տարածքը։ Այդ պատճառով տարածաշրջանում թուրքական էթնոսի տեղական ծագման մասին խոսք լինել չի կարող, թեև` երբեք էլ չի խոսվել այդ մասին։ Այստեղ այլ հարց է` արդյո՞ք պատրաստ են Ադրբեջանի ներկայիս քաղաքացիները դառնալ անկախ գիտական հետազոտության առարկա։ Չէ՞ որ էթնիկ ներկապնակի պատկերը, որը մասնակցել է, որպես ազգային միավոր, ժամանակակից «ադրբեջանցու» կազմավորման գործում, շատերին ոչ միայն պարզապես կզարմացնի, այլ անգամ կարող է ազդել ինքնագիտակցության վրա։

Դեռ տանելի է սեփական նախնիների շրջանում թուրքերին չհայտնաբերելու փաստը, իսկ եթե այնտեղ նաև հայկական գենոմը բացահայատվի՞, ապա ինչպե՞ս կարելի է ապրել այդ ամենի հետ։ Շատերը, ովքեր իրենց թուրք են համարում, այսօր արդեն բախվել են այդ խնդրի հետ։ Ադրբեջանական գիտությունը, թերևս, չպետք է փորփրի այդ փեթակը, քանի դեռ «հնագույն ադրբեջանցիների» հայեցակարգը նորմալ «մարսվում է» քաղաքացիների շրջանում անգրագիտության և քննադատական մտածողության բացակայության բարեբեր հողի վրա։

Իսկ հետո արդեն կարելի է անգամ ճանաչվել հնագույն հայեր և հավակնել հայերի պատմական և մշակութային ժառանգությանը, ինչի երկչոտ փորձերը վերջերս արդեն նկատվում են։ Այս ամենը հիմա խենթ, կեղծ գիտական անհեթեթություն է թվում, սակայն մոտ 50 տարի առաջ Ադրբեջանի պատմության այսօրվա դասագիրքը կհամարվեր «գիտական» ֆանտաստիկա։ Եվ այսօր էլ այդ դասագրքի բովանդակությունը մեջբերում են երկրի առաջին դեմքերն` առանց  կասկածի նշույլի և ողջ դրության զավեշտականության գիտակցման։ Այնպես որ սարսափով սպասում ենք «ադրբեջանցի գիտնականների» նոր բացահայտումներին։

Պաշտոնական լրահոսի մեկ այլ հատկանշական թեմաներից էր անդրադարձը 1992 թ.–ի Աղդամի իրադարձությունների թեմային, որոնք Ադրբեջանում անվանում են «Խոջալուի իրադարձություններ»։ Ինչու՞ Աղդամի իրադարձություններ, քանի որ ադրբեջանական զորամիավորումներից քաղաքի ազատագրման ժամանակ Խոջալուից հումանիտար միջանցքով տեղափոխված խաղաղ բնակիչների մարմինները գտել են Աղդամի մոտակայքում, որն այդ պահին գտնվում էր ադրբեջանական վերահսկողության տակ։ Անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու՞ այդ մարդիկ ժամանակին չեն տարհանվել, չնայած կրակային կետի ճնշման համար պատրաստվող հարձակման մասին հայկական կողմի նախազգուշացմանը։ Ինչու՞ ադրբեջանցի նախկին քաղաքական կատարածուները տեղի ունեցածում մեղադրում են ոչ թե հայերին, այլ իրենց հայրենակիցներին, որոնք նախաձեռնել են իշխանության զավթման համար պայքար խաղաղ բնակիչների արյան միջոցով, որոնցից մի մասն, ի դեպ, թուրք մսխեթցիներ էին, ովքեր տեղակայվել էին Խոջալուում պատերազմից մի քանի տարի առաջ, սա ևս մի հարց է, որի պատասխանը խիզախություն է պահանջում։

Տարրական տրամաբանության հարց է, թե ինչպե՞ս է խաղաղ բնակիչների մեծամասնությունն ամեն դեպքում հասել ադրբեջանական կողմի ենթակայության ներքո գտնվող տարածք, եթե հայերը, ինչպես պնդում է ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան, շրջապատել են քաղաքը` չթողնելով ճանապարհ հեռանալու համար։

Նման հարցերը քիչ չեն, որոնց ի պատասխան Ադրբեջանից խուլ լռություն է լսվում։ Սովորաբար Աղդամի իրադարձությունների մասին Ադրբեջանում հիշում են հերթական տարելիցի նախաշեմին, որը նշվում է ոչ թե հոկտեմբերին, այլ փետրվարին։

Սակայն օրերս թեմային առաջինն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աթաթուրքի VIII միջազգային համաժողովի» մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում։ Հաջորդը նախագահի` հասարակական–քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն է, ով հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, թե հայերը «200 տարի շարունակ ադրբեջանցիներին ցեղասպանության են ենթարկել»։ Սակայն նա, ցավոք, չի բացատրում, թե դրանից հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ տարածաշրջանում հայերի թիվը կազմում է երեք միլիոն, իսկ ադրբեջանցիները կրկնակի ավել են։ Նույն օրը ԶԼՄ–ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Խոջալուից 16 ընտանիքների 23 տարի անց վերջապես բնակելի տարածք են տրամադրել։

Եվ վերջում հրապարակվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխթիևի 94 էջանոց հոդվածը «Եվրոպական կառույցների դեգրադացիայի ակունքների կամ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող երկակի չափանիշների քաղաքականության մասին», որտեղ Մեխթիևը, ինչպես արդեն կարելի էր կռահել վերնագրից, մեղադրել է Արևմուտքին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և սեփական չարիքների նկատմամբ անտարբերության, մասնավորապես` Աղդամի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» չճանաչելու համար։

Մի կողմում թողնենք Ադրբեջանի մոտ որևէ ապացույցների բացակությունը լուրջ առաջընթաց նախաձեռնելու համար, հակառակ դեպքում նրանք ստիպված չէին լինի դիմել կեղծարարությունների, որոնք տարեցտարի բացահայտվում են հայ մասնագետների կողմից։ Ավելին, միջազգային դատարան դիմելու սպառնալիքներն այդպես էլ մնում են հռետորաբանության մակարդակի վրա։

Սակայն Մեխթիևի հոդվածում, ըստ էության, կա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ Խոջալուի մասին հանկարծ հիշեցին հոկտեմբերի կեսին` անօրինական խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, այն էլ «պալատական հեղաշրջումներով» ներիշխանական սկանդալների ֆոնին։ Հավանաբար դա իշխող ռեժիմի նենգանշած խաղաթուղթն է, որի մասին հիշել են այն ժամանակ, երբ Արևմուտքի հասցեին հնչող սպառնալիքներն ու շանտաժը դադարել են գործել;
«Մի՛ սովորեցրեք մեզ ապրել» ներկայացման առաջին մասն արժանացավ խղճուկ ծափահարությունների։ Հիմա սկսվել է երկրորդ մասը` «Դուք հայերին խղճում եք, իսկ մենք ինչո՞վ ենք պակաս»։ Բացի այդ, արդեն դժվար թե հաջողվի 2016 թ.–ի փետրվարին ապահովել հաջող քարոզարշավ տնտեսական ճգնաժամի և անվերահսկելի դիվանագիտական կորպուսի պայմաններում։ Դրանից բացի, հայկական սփյուռքը հաջողությամբ կանխում է նման բանաձևերի ընդունումն ամերիկյան առանձին նահանգներում։ Այդ պատճառով ռեժիմը քամում է վերջին դիվիդենտները` հնարավորինս չարաշահելով թեման։

Անժելա Էլիբեկովա, Հարավայի Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ