ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական հասարակության շրջանում չի հանդարտվում տեղեկությունների արտահոսքի շուրջ առաջացած սկանդալը, ըստ որոնց` ստորագրման է պատրաստվում փաստաթուղթ Ադրբեջանին հայկական գյուղերի փոխանցման մասին։ Ընդ որում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ մտադիր է ստորագրել այդ փաստաթուղթը, ինչի մասին նա հայտարարել է մայիսի 20–ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցներն ու օպերատորը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ–ի կողմից Տավուշի մարզ կազմակերպված լրագրողական ուղևորության շրջանակում եղել են մարզի այն գյուղերում, որոնք, գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, հնարավոր է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այցի նպատակն էր սեփական աչքերով տեսնել, թե ինչ է տեղի ունենում Տավուշում և ինչպես է տեղի բնակչությունն արձագանքում ստեղծված իրավիճակին։
Ազատամուտ

Ազատամուտ գյուղը հիմնադրվել է 1970–ականներին` ադրբեջանական էքսպանսիային հակազդելու նպատակով, որը դրսևորվում էր 1930–ականներին Սոֆուլու և Բարխուդարլու անկլավների ձևավորման տեսքով։ Ազատամուտցիները լրագրողների նկատմամբ անբարեհամբույր էին։ Նրանք ոչ միայն չէին ցանկանում պատասխանել հարցերի և արգելում էին նկարահանել, այլև սպառնում էին կոտրել տեխնիկան։ Ավելին, նրանք մեղադրում էին լրագրողներին, որ վերջիններս մտադիր են «վաճառել իրենց հողը»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի խոսքով, խորհրդային քարտեզներով կամ այսպես կոչված GPS–ներով սահմանագիծ անցկացնելու դեպքում Ազատամուտի, Ոսկեպար, Կիրանց և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են։ Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300–500 մետր հեռավորության վրա` հայտնվելով փաստացի շրջափակման մեջ։
Ազատամուտում Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն երեք ոչ բնակելի շինություն, որոնք տեղակայված են հենց ԱԻՆ բաժանմունքի շենքի մոտ։

Էլբակյանը հիշեցրեց, որ 1992թ.–ին ադրբեջանցիներն ինքնակամ չհանձնեցին Սոֆուտլու և Բարխուդարլու գյուղերը։ Նույն թվականի մարտին այդ գյուղերի համար մղվում էին կատաղի մարտեր։ Եթե ադրբեջանցիները կրկին վերադառնան այդ գյուղեր, ապա ազատավանցիների անվտանգության ապահովման խնդիրը կդառնա գրեթե անլուծելի։
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
«Բոլոր վեց գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից և դաշտերից, որոնք բնակիչների եկամտի միակ աղբյուրն են, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափման», – ասաց Էլբակյանը։

Քաղաքագետը հնարավոր համարեց նաև այն, որ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կհանձնեն ոչ միայն նախկին ադրբեջանական անկլավները, այլև դեպի դրանց տանող ճանապարհները։
Նա ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ կապող Իջևան–Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05կմ հատվածն անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս–Կապան ճանապարհի Գորիս–Որոտան–Շուռնուխ–Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և «մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում»։
«Այս ամենի հետևանքով Հայաստանը կհայտնվի ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից», – կարծում է Էլբակյանը։
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
Կայան

Կայանն Ադրբեջանի հետ սահմանին գտնվող վերջին հայկական գյուղն է, որը մշտապես ենթարկվում է կրակահերթերի հակառակորդի կողմից։ Անահիտը, ով բնակվում է Կայանի տներից մեկում, որոնք GPS–ի տվյալների համաձայն, պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, «Նովոստի–Արմենիա»–ին հայտարարեց, որ իր համագյուղացիները չեն պատրաստվում իրենց հողը հանձնել թշնամուն։

Անահիտի խոսքով, այսքան կորուստներից հետո հայերը պետք է համախմբվեն, ընդ որում կարևոր չէ, թե ում շուրջ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանի։
Անահիտի տան պատուհաններից երևում են հակառակորդի դիրքերը, ինչպես նաև օրերս տեղի ունեցած վերջին կրակահերթերի հետքերը, որոնք նա ցույց տվեց մեզ։
«Ամբողջ կյանքն աշխատել ենք։ Սա մեր տունն է։ Ու՞ր գնանք», – հարցրեց նա։
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
Ինչպես նշեց Էլբակյանը, Տավուշի խնդիրը միայն անկլավները չեն։

Ադրբեջանը, պնդելով, որ սահմանները պետք է հաստատվեն հին քարտեզներով և GPS–ներով, փորձում է բարելավել իր դիրքերը` շարժվելով դեպի արևմուտք։
Անհերքելի ապացույցներ

Ասֆալտապատ ճանապարհով մոտ կես կիլոմետր շարժվելով դժվարանցելի լեռնային արահետով` կարելի է տեսնել այն, ինչ մնացել է XIII դարի Գոմաձորի եկեղեցուց, որը կառուցվել է Վերին Ոսկեպարում։
Էլբակյանի խոսքով, չնայած ադրբեջանցիները, ղեկավարվելով GPS–ով, հավակնում են այս տարածքին, XIII դարի հայկական եկեղեցու պատերը վկայում են բոլորովին հակառակի մասին։ Փաստ է, որ հայերն ապրել են այստեղ շատ ավելի վաղ ժամանակներից։
Տարածքը նշանառության տակ է

Ոսկեպար գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի կատարած այցը բավականին վտանգավոր նախաձեռնություն էր։
Էլբակյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները կարող են, ելնելով «աշխարհագրական նպատակահարմարությունից», այն ամբողջությամբ Ադրբեջանին փոխանցել ` Վերին Ոսկեպար անկլավի հետ ցամաքային կապ ապահովելու համար։
«Տարածքը դիտարկվում է» ցուցանակը նշանակում է, որ եկեղեցու շուրջ գտնվող տարածքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։ Իսկ եկեղեցու անմիջապես հետևում` փշալարից այն կողմ, գտնվում են ՀՀ Զինված ուժերի դիրքերը։ Ավելին, մեզ խստորեն զգուշացրեցին. ոչ մի դեպքում չհեռանալ ճապանարհից դեպի եկեղեցի տանող արահետից, քանի որ տարածքն ականապատված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` նկարահանումներն արգելված էին, այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում կադրեր եկեղեցու ներսից, որոնք թույլատրված են ուժայինների կողմից։

Ոսկեպարի գերեզմանատունը, որտեղ կատարում էին հուղարկավորություններ XVII-XIX դարերում, տուժել է քոչվորների ավերիչ գործողությունների հետևանքով։ Այս դարերի ընթացքում վանդալները ոչնչացրել են մշակութային և պատմական արժեք ունեցող խաչքարերը, վնասել են գերեզմանաքարերը։ Գյուղը ևս շատ է տուժել արցախյան առաջին պատերազմի հետևանքով։

Հուշարձանագետ Սասուն Դանիելյանը հայտարարեց, որ ադրբեջանական նախկին անկլավների, ավելին` Ոսկեպարի հանձնման հետևանքով ոչ միայն կոչնչացվի հայկական մշակութային ժառանգությունն ու տեղի կունենա բնակչության զանգվածային արտագաղթ, այլև կստեղծվեն հայկական անկլավներ հենց Հայաստանի ներսում։–0–