2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր

01.03.2017, 16:47
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Ինը տարի առաջ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ին վերածվեցին անկարգությունների և բախումների իրավապահ մարմինների ու ցուցարարների միջև, ինչի հետևանքով զոհվեց տասը մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։

Այդ օրերի իրադարձություններին ի հիշատակ`Հայ ազգային կոնգրեսն այսօր Ազատության հրապարակում կկազմակերպի իր ավանդական հանրահավաքը։ Այս ողբերգական ամսաթվին նվիրված միջոցառումներ են նախատեսել նաև մի շարք այլ քաղաքական ուժեր։

 - рис.1

Պահանջվեց մի քանի տարի, որպեսզի ինչ–որ կերպ հնարավոր լինի մեղմել հայ հասարակության մեջ առաջացած պառակտումը մարտի 1–ի դեպքերի հետևանքով։ Երբ անգամ բարեկամական և ընկերական կապերը «չէին դիմանում» քաղաքական նախապատվությունների փորձություններին։ Իսկ բողոքի ակցիայի արյունոտ ցրումը, արտակարգ դրության ներդրումը և ընդդիմադիրների զանգվածային ձերբակալությունները կասկածի տակ դրեցին գործող իշխանության լեգիտիմությունը, ինչը հանգեցրեց ԵԽԽՎ–ի բանաձևերին։

Միաժամանակ այս ողբերգական իրադարձություններին հաջորդած տարիների ընթացքում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ Հայաստանի քաղաքական դաշտում։

Եվ դատելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակիներից` այն իրադարձությունների մասնակիցները վաղուց շրջել են մարտի 1–ի էջը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն օրերին տարբեր ճամբարներում գտնվող մարդկանց հարևանությունը նույն ցուցակներում։

 - рис.2

Օրինակ, այս ընտրություններին իշխանությունն ու ընդդիմությունը մոտենում է միանգամայն տարբեր պայմաններում, որոնք պայմանավորված են, այդ թվում, այն հետևություններով, որոնք կողմերն արել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններից։

Իշխանություններն արմատապես փոխել են իրենց մոտեցումներն իրենց գլխավոր ներքաղաքական խնդրին` իշխանության պահպանմանը։ Ճնշման կոշտ մեթոդների փոխարեն սկսելով իրականացնել ավելի ճկուն և մեղմ եղանակներ ընտրություններում անհրաժեշտ արդյունք ունենալու համար։ Եվ, ամենակարևորը, կտրուկ փոխելով իրենց քաղաքականությունը տեղեկատվական դաշտում։ Մարտի 1–ի իրադարձությունները հասկացրին, որ հեռուստաաշտարակի վերահսկողությունն արդեն մարդկանց ուղեղների վերահսկողություն չի ապահովում։ Եվ սկսեցին ավելի ակտիվ աշխատել էլեկտրոնային մեդիաոլորտում։

Հենց այդ պատճառով էլ իշխող իշխանությունն ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության առաջիկա ընտրություններին մոտենում որպես ակնհայտ ֆավորիտ։ Եվ իշխանության պայթարը երկրում ծավալվում է ոչ թե քաղաքական այլ ուժերի միջև, այլ հենց ՀՀԿ–ի ներսում։

 - рис.3

Քաղաքական դաշտի ընդդիմադիր մասին միաժամանակ այդպես էլ չհաջողվեց լուծել այն խնդիրները, որոնք ավանդաբար խանգարում են նրան ընդդիմական ընտրազանգվածի համախմբման համար։ Նախևառաջ, գոնե որոշ ժամանակով, մոռանալ սեփական հավակնությունների մասին և հանուն հռչակվող նպատակի` հասնել իշխանափոխության։ Արդյունքում ընդդիմադիր առաջնորդները ստիպված են կամ գործակցություն փնտրել, կամ ուղղակի ընդգրկվել իշխանությունից նորեկ ընդդիմադիրներ դարձածների ցուցակներում։

Ընդդիմության հետընթացի մասին ավելի պարզ խոսում է այն հանգամանքը, որ բողոքի տրամադրությունների առաջնորդները 2008 թվականի մարտին այժմ քննադատում են միմյանց։ Եվ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը թույլ չի տվել ելույթ ունենալ այսօրվա իր հանրահավաքում այն օրերի գլխավոր դեմքերից մեկին` Նիկոլ Փաշինյանին։

Ինքը` Փաշինյանը, ով ակտիվ դերակատարում ուներ մարտի 1–ի իրադարձություններում, ով այն ժամանակ իրավապահ ուժերի հետ բախումների ժամանակ բողոքողների շարքերում էր, «պարտք չմնաց» և նախօրեին պատասխանեց ՀԱԿ–ին` ակնարկելով այն օրերին դրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի տարօրինակ պահվածքը, ով, իր հաղթանակի համար պայքարող ժողովրդին գլխավորելու փոխարեն ժամերով նստած էր իր տանը։

«Ստացվում է, որ մարտի 1–ի հանրահավաքի ամբիոնում կլինեն մարդիկ, ովքեր 2008 թվականի մարտի մեկին ոչ թե ամբիոնում էին, այլ տանը թեյ էին խմում»,– նկատել է Փաշինյանը։

ՀԱԿ–ի համար այսօրվա հանրահավաքը կարևոր նշանակություն ունի։ Մասնակիցների թիվը պետք է ցույց տա, արդյո՞ք, առաջվա պես ՀԱԿ–ն ընդդիմադիր դաշտի առաջնորդ է, թե նրան փոխարինելու է եկել ընդդիմադիրների նոր սերունդ։ Մասնավորապես, նույն Փաշինյանը, ով ՀԱԿ–ից է դուրս եկել, այժմ «Ելք»–ի առաջնորդներից է, որը ՀԱԿ–ի գլխավոր մրցակիցն է։

Ամեն դեպքում մնում է հուսալ, որ և իշխանությունը, և ընդդիմությունը հետևություն են կատարել 2008 թվականի մարտի իրադարձություններից, և առաջիկա ընտրությունները կանցկացվեն առանց հետընտրական սրման և բախումների։

Դա ոչ միայն լուրջ խոչընդոտ կդառնա երկրի զարգացման, սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման համար, այլ, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության սրումը, առճակատման նոր փուլ կարող է ստեղծել։ Ընդհուպ մինչև նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների կրկնություն։

 - рис.4

Եվ, նախևառաջ, հենց գործող իշխանությունները չպետք է թույլ տան դրության սրում` անցկացնելով ընտրությունները պատշաճ մակարդակով, առանց կոպիտ խախտումների։

Ինչպես ցույց տվեցին Երևանում հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի գրավման իրադարձությունները, հասարակությունը կրկին պառակտվել է։ Եվ դրանում հիմնականում մեղավոր են գործող իշխանությունները, որոնք ընդունակ չեն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները։ -0-

Հայկ Խալաթյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության քաղաքական մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ