Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել

25.06.2021, 10:15
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կազմակերպվող ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը` Sevan Startup Summit–ն, այս տարի չի անցկացվի համապատասխան տարածք չտրամադրելու պատճառով։ Այս մասին նշվել է Seaside Startup Summit–ի Facebook–յան էջում, հաղորդում է «ԱՌԿԱ Տելեկոմ» հեռահաղորդակցական պորտալը։

Ի՞նչ է Sevan Startup Summit–ը

Sevan Startup Summit–ն ավանդաբար անցկացվում է ամռանը Սևանա լճի ափին։ Sevan Startup Summit–ը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանդատուս Վենչուրսի» կողմից «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ–ի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «ԵՄ–ն բիզնեսի համար» Եվրամիության նախաձեռնության մի մասն է։

Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն տեղական ՏՏ ընկերություններ, այլև արտերկրից հրավիրված մասնագետներ, մենթորներ և վենչուրային հիմնադրամներ, պոտենցիալ ներդրողներ, ինչպես նաև բազմաթիվ ստարտափեր աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից։ Sevan Startup Summit–ին ներկայացված բազմաթիվ հայկական ստարտափեր կարողացել են հետագայում ներգրավել ներդրումներ և ձեռք բերել միջազգային համբավ։

Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա

Սակայն, ինչպես նշել են կազմակերպիչները, այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։

«Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել», – նշել են կազմակերպիչները։

Նրանք նաև նշել են, որ տվյալ տարածքը 2009-2019թթ. եղել է թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019թթ. Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ կազմակերպիչների կողմից իրականացվել է բարեկարգման և մաքրման հսկայական ծավալի աշխատանք։

«Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի», – նշվում է հայտարարության մեջ

2016-2019թթ. Sevan Startup Summit–ը հյուրընկալել է ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բացառության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի, թե՛ ֆորմատի և թե՛ բովանդակության վերաբերյալ։

Ինչևէ, ինչպես խոստանում են կազմակերպիչները, Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձևաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձևաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game և այլն։

«Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում սամմիթի հիմնական և նոր մշակված ձևաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա և այլն։ Այս ընթացքում մեր գործընկերներից շատերի հետ քննարկել ենք SSS21-ի շրջանակներում համագործակցելու և միասին աշխատելու տարբերակներ։ Բավականին մեծ թվով մարդիկ գնել են մասնակցության տոմսեր։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։ Տոմսերի վճարները մոտակա օրերի ընթացքում հետ կվերադարձվեն», – նշել են կազմակերպիչները։

Իշխանությունների դիրքորոշումը

Ի պատասխան սամմիթի կազմակերպիչների հայտարարությանը` իրավիճակը մեկնաբանել է ՀՀ շրջական միջավայրի նախարարությունը` նշելով, որ «Seaside Startup Summit» –ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին։

Նախարարությունից նշել են, որ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։ Առաջին գրությանն ի պատասխան, նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքներ, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում

Նշվում է, որ Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում:

«Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը: Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։ Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։ Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ

Ինչպես նշել են նախարարությունից, հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ թույլատրվել է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

«Ցավում ենք, որ կազմակերպիչները Սամմիթը չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ», – նշել են նախարարությունից։–0–