Կարևորը` ուրախ սրտով սեղան նստեք

26.12.2015, 10:10
Վերջին տարիներին պատեհ-անպատեհ անողոք քննադատվում է Ամանորի անցկացման հայկական տարբերակը: Հատկապես անարգանքի սյունին է գամվում հայերիս «բդասիրությունը», ավելի շատ խոսվում է ավելորդ ծախսերի, ճոխ սեղանների, շռայլությունների մասին, քան մենք, իրականում, մեզ թույլ ենք տալիս:
Կարևորը` ուրախ սրտով սեղան նստեք

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Աղջիկ ջան, ինչ կարող ես, էն էլ դիր սեղանին, կարևորը` ուրախ սրտով սեղան նստեք», - օրերս այսպիսի ջերմ բարեմաղթանք հղեց ընկույզ վաճառող տարեց կինը: Առաջին հայացքից, ամենասովորական խոսք է էլի, բայց իրականում շատ մեծ իմաստ է պարունակում: Իսկապես կարևորը Ամանորը ուրախ, ջերմ ընտանեկան մթոլորտում դիմավորելն է, այն, ինչ ժամանակին արել են մեր հայրերն ու պապերը, վստահ եմ, առանց ներկայիս սեղանների ճոխության:

Վերջին տարիներին պատեհ-անպատեհ անողոք քննադատվում է Ամանորի անցկացման հայկական տարբերակը (առհասարակ հայկական և Հայաստանում կատարովող ամեն ինչն է քննադատվում, բայց դա քննարկման այլ թեմա է, և կարծում եմ` դրան կանդրադառնամ հետագայում): Հատկապես անարգանքի սյունին է գամվում հայերիս «բդասիրությունը», իմ կարծիքով, ավելի շատ խոսվում է ավելորդ ծախսերի, ճոխ սեղանների, շռայլությունների մասին, քան մենք, իրականում, մեզ թույլ ենք տալիս:

Ամեն տարի դեկտեմբերի սկզբից մինչև հունվարի վերջ դիետոլոգները սկսում են խորհորդներ տալ ինչպես սնվել, ինչքան սնվել, հետո հերթը գալիս է վարակաբաններին, թե ինչ անել, որ սննդից չթունավորվել, այս շքերթը եզրափակում են հոգեբանները, թե ինչ անել, որպեսզի նախ խուսափել այդքան մեծ ծախսերից, ապա հետտոնական  դեպրեսիաներից: Այս ամենի մասին ասում-խոսում,  անվերջ քննարկում են սոցիալական կայքերում: Ու ամբողջ աշխարհով մեկ տպավորություն  է ստեղծվում,  կարծես թե Հայաստանում «հրեշաբար» են տոնում նոր տարին: Իրականում սա հրաշալի առիթ է ընտանիքով սեղանի շուրջ հավաքվելու, հարազատներին ու ընկերներին այցելելու, բարեմաղթանքներ հղելու ու ուրախանալու համար: Հատկապես, որ վերջին տարիներին հեռացել ենք միմյանց տուն հյուր գնալու մեր հայկական բացառիկ լավ սովորույթից:

Ամեն տարի ԱՄՆ նախագահները Գովաբանության տոնին մեծ շուքով ու հանդիսավորությամբ են պատրաստվում, ամբողջ աշխարհի առաջ հնդուհավ են տապակում, մեկին էլ պարտադիր «Կյանք շնորհում»: Աշխարհը դա նայում է, հիանում, ոգևորվում, շատերն էլ նույնիսկ իրենց երկրներում են կրկնում հնդուհավի տապակման արարողությունը: Խոսքը Գովաբանության տոնի մասին չէ, այլ այն, որ այդ տոնին հնդուհավ են ուտում և դա ներկայացնում որպես բարի ավանդույթ: Ամենակարևորը ներկայացման մեջ է, ներկայիս տերմիններով ասած PR-ը: Հնդուհավ ուտելն Ամերիկայում համարվում է երախտագիտության նշան, և դա  աշխարհն այդպես էլ ընկալում է, իսկ Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում միայն Ամանորին են ճոխ սեղաններ բացվում, խոզի բուդ կամ նույն ամերիկյան հնդուհավ են մատուցում, քննադատությունների պատճառով այն հասարակության ու նաև աշխարհի հայկական մասի համար որպես վայրի երևույթ է ընկալվում:

Նախորդ օրը շատ դիպուկ դիտարկում արեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը.  «Չեմ հիշում մի դեպք, որ Նոր տարվա տոներից հետո ամբողջ հայ ազգն ընկնի հիվանդանոց, այնպես որ, բերեք մարդկանց չհարամենք, նորմալ ուտեն, իրենց Նոր տարին անցկացնեն»: Նոր տարվա գնումների թեմային անդրադարձավ նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը` ասելով, որ այն հայ ժողովրդի ամենասիրած տոնն է. «Այդ գնումների մեջ ի՞նչ վատ բան կա, մենք ուրիշի դդմի տոնը կարևորում ենք, սակայն լավ բաներին արհամարհանքով ենք նայում»,-ասաց գրականագետը։

Ուրեմն, եկե՛ք գնումներ անենք, համեղ ուտեստներ պատրաստենք, ուրախ սրտով սեղան նստենք, հյուրեր ընդունենք ինչպես մեր ծնողներն ու նախնիները: Չնեղվենք, չփնթփնթանք, ուրախ-զվարթ անցկացնենք Ամանորի տոները, որ տարին էլ ուրախ ու հաջող լինի: Չէ՞ որ հայ ժողովուրդն առանձնանում է իր բացառիկ հյուրընկալությամբ, ինչու՞ օտարների համար կարող ենք գրկաբաց լինել, իսկ ինքներս մեզ համար կազմակերպվող ընտանեկան ջերմ, ուրախ տոնը փնթփնթոցներով ու դժգոհություններով լցնենք: Եկե՛ք  Ամանորն առաջին հերթին մեր ընտանիքներում դիմավորենք բարձր տրամադրությամբ, հեքիաթ պարգևենք մեր երեխաներին, ուրախանանք ու ուրախացնենք, նույնիսկ եթե սեղանը ճկվում է առատությունից, ոչինչ, նոր սեղան կգնենք:-0-

Լուսինե Մարգարյան