Հանգիստը Հայաստանում. լավագույն դեղամիջոցը ձմեռային դեպրեսիայից

28.11.2015, 14:00
Ձմռան գալուն հաշված օրեր են մնացել, և ամանորյա արձակուրդները ևս սարերի հետևում չեն։ Գրեթե բոլորն արդեն հիմա սկսում են մտածել այն մասին, թե ինչպես կարելի է ուրախ և արդյունավետ անցկացնել ամանորյա արձակուրդները։
Հանգիստը Հայաստանում. լավագույն դեղամիջոցը ձմեռային դեպրեսիայից

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ձմռան գալուն հաշված օրեր են մնացել, և ամանորյա արձակուրդները ևս սարերի հետևում չեն։ Գրեթե բոլորն արդեն հիմա սկսում են մտածել այն մասին, թե ինչպես կարելի է ուրախ և արդյունավետ անցկացնել ամանորյա արձակուրդները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է այլընտրանքային տարբերակ արտասահմանյան նորաոճ հանգստավայրերին և հրավիրում ճանապարհորդության աշխարհի հնագույն երկրներից մեկում` Հայաստանում։

Տարբերակ առաջին. լեռնադահուկային սպորտ

 - рис.1

Ծաղկաձորը հանգստավայր է, որը գտնվում է Թեղենիս լեռնաշղթայի ստորոտում` գեղատեսիլ հովտում, մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Ծաղկաձորը գրավում է լեռնադահուկային և այլ սպորտաձևերի սիրահարներին։ Ծաղկաձոր են այցելում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաև օտարերկրացի զբոսաշրջիկները, այդ թվում` Ռուսաստանից։

Դատեք ինքներդ. համաշխարհային գների համեմատ բավականին մրցունակ գներ, զարգացած ենթակառուցվածք, դեկտեմբերից մինչև ապրիլ տևող լեռնադահուկային սեզոն։ Դրան ավելացրեք ձմեռային միջին ջերմաստիճան` զրոյից ցածր հինգ աստիճանի սահմանում և տարվա ընթացքում 260–270 արևային օր։

Ծաղկաձորում գործում են մոտ 20 կմ երկարությամբ լեռնադահուկային մայրուղիներ, մի քանի ճոպանուղիներ, մեծ մարզական համալիր, լողավազաններ, մարզադաշտ, ձիանոց, շոգեբաղնիք և բազմաթիվ այլ մարզական շինություններ, ինչպես նաև բարեր, ռեստորաններ և սրճարաններ, որոնք առաջարկում են ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական խոհանոց։ Այս ամենի շնորհիվ Ծաղկաձորում կազմակերպված հանգիստը կդառնա անմոռանալի ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մարզիկների և պարզապես սիրողական սպորտով զբաղվող մարդկանց համար։

Տարբերակ երկրորդ. էքստրիմը շատ չի լինում

  - рис.2

Աշխարհում մեծ թափ է առնում արկածային տուրիզմի ուղղություններից մեկը` զիփլայնը։ Ողջ աշխարհում սնկի պես աճում են արկածային կենտրոնները, որտեղ կարելի է ճոպանի վրա թռչել գլխապտույտ արագությամբ։ Վերջերս նման կենտրոն է բացվել նաև Հայաստանում` Տավուշի մարզում։

Զիփլայն ատրակցիոնի գլխավոր առավելությունն էքստրիմի և սուր զգացողությունների մթնոլորտն է։ Հարկավոր է նշել, որ զիփլայնն ի սկզբանե իրենց ներկայացրել է գրավիտացիոն սարք, որը բաղկացած է եղել մալուխներից և բլոկերից, այն նախատեսված է եղել ձորերի, գետերի, ինչպես նաև անանցանելի վայրերի վրայով մարդկանց և բեռների արագ տեղափոխման համար։

Տարբերակ երրորդ. շքեղ հանգիստ

 - рис.3

Նրանց, ովքեր շատ են սիրում ամառն ու ափսոսում են, որ մարդիկ չեն կարող արջերի պես ձմռան քուն մտնել, առաջարկում ենք հանգստի շքեղ միջով` սպա, մերսում, լողավազան։ Նման ծառայությունների ամբողջական համալիր է գործում Ջերմուկում, որտեղ այդ ամենը կարելի է համատեղել բուժիչ ջրերով և հանքային ջրի լոգանքներով։

Մրցակցությունից դուրս են ձմեռային այն երեկոները, որոնք կարելի է անցկացնել բուխարու առաջ` ընթերցելով սիրված գրքերից մեկը։

Տարբերակ չորրորդ. լեռներից ավելի լավ կարող են լինել միայն Հայաստանի լեռները

 - рис.4

Հայաստանը լեռների երկիր է։ Այնպես որ լեռնային երթուղիների և ալպինիզմի ոլորտում սեզոնային սահմանափակումներ Հայաստանում չկան։ Ինչ վերաբերում է լեռների գագաթներից բացվող գեղատեսիլ տեսարաններին, ապա դրա մասին անգամ չարժե խոսել, դա հարկավոր է տեսնել։ Հայաստանում ալպինիզմը հարուստ ավանդույթներ ունի։

Հայաստանում ամենահայտնի ալպինիստական երթուղիները Հատիս և Արայի լեռներն են, սակայն համապատասխան պատրաստվածության դեպքում շատ հետաքրքիր է բարձրանալ նաև Արագած լեռ ու անցնել Տաթևի երթուղիներով։

Սկսնակ ալպինիստները պետք է հիշեն, որ ձմռանը լեռ բարձրանալն ավելի դժվար է, քան ամռանը, և դա անհրաժեշտ է անել միայն խմբով, ինչպես նաև ուղեկցորդի օգնությամբ։

Տարբերակ հինգերորդ. Հայաստան` թանգարան բաց երկնքի տակ

  - рис.5

Հայաստանն իրավամբ կարելի է համարել թանգարան բաց երկնքի տակ։ Անգամ ամենափոքր գյուղերը կարող են հպարտանալ հնագույն եկեղեցիներով և տաճարներով, որոնք ճարտարապետական գլուխգործոցներ են։

Համեմատաբար մեղմ ձմեռն ու տարվա ընթացքում արևային օրերի առատությունը թույլ են տալիս անգամ ձմռանը զմայլվել Հայաստանի ճարտարապետական գանձերով։ Հայաստանի գլխավոր և ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից հարկավոր է առանձնացնել Գեղարդի վանքը, Նորավանքը, Խոր Վիրապն ու Սանահինը, Գառնիի տաճարը, Օձունի եկեղեցին, Տաթևի վանական համալիրը, Էրեբունի ամրոցը և, իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։–0–