Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո

07.12.2016, 14:53
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո

ԵՐԵՎԱՆ, 7դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի:

Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսել է այն մասին, թե, արդյոք, կարողացել են հայերը հաղթահարել աղետի հոգեբանական հետևանքները, ինչպես է այն ազդել ողջ մնացածների վրա և ինչպես հաղթահարել հետտրավմատիկ սինդրոմը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նաև Սպիտակի երկրաշարժի հետ կապված տասը կարևորագույն փաստեր:

Փորձանքը մենակ չի գալիս

«Սարսափելի աղետը վրա հասավ այն ժամանակ, երբ մեր երկիրն արդեն ընդունում էր Ադրբեջանից եկած առաջին փախստականներին (ովքեր փրկվել էին հայկական ջարդերից, խմբ): Երկրաշարժի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ մինչև հիմա զգացվում են», - ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով, հենց երկրաշարժից հետո Հայաստանի բնակչության մոտ սկսեցին արտահայտվել վախեր, սթրեսի հանդեպ անկայունություն: Այդ ամենն էլ ավելի խորացավ ղարաբաղյան պատերազմի, շրջափակման և դրանից առաջացած ծանր տնտեսական իրավիճակի հետևանքով, ինչն իր հերթին հանգեցրեց աղետի գոտուց զանգվածային արտագաղթի։

«Այս ամենի հետևանքով աղետի գոտու բնակիչների մի ամբողջ սերունդ մեծացավ ոչ լիարժեք ընտանիքներում, ինչն իր հետքը թողեց մարդկանց վրա», - ասաց Ծատուրյանը:

 Հայկական ոգին անկոտրում է

«Հայերը պարադոքսային ազգ է, որը կարողանում է հարմարվել ցանկացած պայմանների և հանգամանքների ու առաջ շարժվել։ Հայերը հերթական անգամ հասկացան, որ կարող են համախմբվել», – ասաց Ծատուրյանը։

Նա հիշեց, որ հազվադեպ չեն եղել այն դեպքերը, երբ երկրաշարժի ժամանակ սեփական երեխաներին կորցրած մայրերը կրկին ծննդաբերել են, չնայած տարիքին և առողջական վիճակին։ Երկրաշարժից հետո բոլորը հասկացան, որ չի կարելի մտածել միայն սեփական անձի, բարեկեցության մասին։

«Հայերը հազարամյակներ տևող պատմության ընթացքում սովորել են հաղթահարել տարբեր դժվարություններ, աղետներ, և չնայած այդ ամենն ընդմիշտ մնում է գենետիկ հիշողության մեջ, մենք, ամեն դեպքում, գոյատևում ենք», – նշեց Ծատուրյանը։

Մենք բոլորս պարտական ենք աղետի գոտուն

«Չնայած ձեռք բերած փորձին, Հայաստանը ճիշտ եզրահանգումներ չարեց։ Մենք չպետք է հիշենք աղետի գոտու մասին միայն տարելիցի օրը։ Պետք է հիշել բազմաթիվ հաշմանդամների մասին, որոնց կյանքը շատ բարդ է անբարենպաստ Հայաստանում», – նշեց Ծատուրյանը։ 

Նրա խոսքով, դա, առաջին հերթին, մեզ է անհրաժեշտ, քանի որ ինչ–որ մեկի մասին հոգ տանելը, կարեկցանքը մեզ դարձնում են ավելի լավը, ավելի բարի և գթասիրտ։

Կյանքը շարունակվում է...

Հոգեբանը նշել է այն խորհուրդները, որոնք կօգնեն աստիճանաբար հաղթահարել հետտրավմատիկ սինդրոմը, որն առաջացել է երկրաշարժի հետևանքով։

«Անհնար է անդադար միայն սգալ, հարկավոր է նաև գործել։ Օրինակ, այցելել աղետի գոտի, ինչ–որ բան հավաքել կարիքավորների համար, կազմակերպել մշակութային կամ այլ ծրագրեր», – նշեց Ծատուրյանը։

Տասը փաստ Սպիտակի երկրաշարժի մասին

  • Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը, յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբերին։

  • Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։

  • Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ։ Երկրաշարժից առաջացած ալիքը պտույտ է գործել ողջ Երկրագնդով մեկ, ցնցումներ են գրանցվել անգամ Ասիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։

  • Ավերիչ երկրաշարժից մի քանի օր առաջ գրանցվել էին ցնցումներ։ Տեղական իշխանությունները չէին կարևորել դրանք, չէ՞ որ հաշվի առնելով քաղաքի տեղանքը` նման իրադարձությունները հազվադեպ չեն։

  • Հազարավոր հայեր օգնության հասան տուժածներին։ Տեխնիկայի և անգամ գործիքների բացակայության պայմաններում մարդիկ օր ու գիշեր ձեռքով մաքրում էին փլատակները։

  • 1988 թ.–ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր։ Օդի ջերմաստիճանը կազմում էր զրոյից ցածր 35 աստիճան։ Եվ անգամ նրանք, որոնց հաջողվել էր փրկվել երկրաշարժից, հայտնվեցին մահվան եզրին` մնալով անօթևան։

  • Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը` միջոցներ հավաքելով պատմական հայրենիքին օգնելու համար

  • Ողջ աշխարհը համախմբվեց` Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին հումանիտար օգնություն։

  • Երկրաշարժից հետո առաջին օրերին Հայաստանում կործանվեց փրկարարներ և հումանիտար օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ։

  • Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում ազատված էներգիան հավասարազոր էր տասը ատոմային ռումբերի հզորության։–0–