Քոչարյանի ազատ արձակումը վկայում է այն մասին, որ Հայաստանի իրավաբանական համակարգն անկախություն է ձեռք բերել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա փաստաբանների միջնորդության բավարարումը Վերաքննիչ դատարանի կողմից վկայում է այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դարձել է անկախ գործադիր իշխանությունից, կարծում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։
Վերաքննիչ դատարանը երկուշաբթի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ովքեր բողոքարկել էին նրա կալանքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարվել է` հաշվի առնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ է արձակվել։
Իրավաբանական համակարգի անկախությունը
«Իրավաբանական համակարգը ցուցադրեց իր անկախությունը։ Իշխանությունն ապացուցեց, որ դատավորը կախված չէ վերևից արվող զանգերից, և իշխանությունը պատրաստ է գնալ անկախ դատական համակարգի ձևավորման ճանապարհով անգամ եթե դա չի բխում նրա շահերից։ Մենք նաև ականատեսը եղանք, որ փաստաբաններն ավելի պատրաստված էին, քան պետական ապարատը», – ասաց Աբովյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Փորձագետի խոսքով, նախկին նախագահի անձեռնմխելիության հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը հարց է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի կալանքի իրավաբանական հիմնավորման մասին։
«Եթե կալանքն ու առաջադրված մեղադրանքը հնարավոր էր հասկանալ իրավաբանական տեսակետից, ապա մնացած քայլերը մնում են անհասկանալի։ Դժվար է ասել` այսօրվա իրավիճակը ինչ–որ պայմանավորվածությունների կամ իրավաբանական բանավեճերի արդյունք է, թե ոչ», – ասաց նա։
Քոչարյանի վերադարձը
Աբովյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն ամբողջովին այլ երանգ է հաղորդում ներքաղաքական այս «խաղին»։
«Նախկին նախագահին աջակցող ընտրազանգվածի մի մասը դատարանի որոշումը կներկայացնի որպես սեփական հաղթանակ, իսկ մյուս մասը, որն աջակցում էր կալանքին և որոշակի սպասումներ ուներ մարտիմեկյան իրադարձությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում, կհիասթափվի, հատկապես օգոստոսի 17–ին նախատեսված հանրահավաքի նախաշեմին», – ասաց նա։
Այս կապակցությամբ Աբովյանը նշեց, որ կառավարության ղեկավարն ամենայն հավանականությամբ դատարանի որոշումը կբացատրի նրանով, որ իշխանությունը որևէ կերպ չի միջամտում իրավաբանական ընթացակարգերի մեջ, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է, և դատարանի որոշումն անկախ է։ «Հայկական ընտրազանգվածը, սակայն, բավարարված չի լինի այդ բացատրությունով», – ասաց փորձագետը։
Քաղաքական մեկնաբանը նաև ընդգծեց, որ անկախ մեղադրանքի իրավաբանական բաղկացուցչից, Քոչարյանը չի կարող հեռու մնալ քաղաքականությունից, և դատարանի որոշումից հետո նրա ակտիվ վերադարձը քաղաքականություն դառնում է անխուսափելի։
«Նախկին քաղաքական գործիչներ չեն լինում։ Իսկ Քոչարյանը քաղաքական գործիչ է, ով գտնվում է քաղաքական դիմակայանության ակտիվ փուլում։ Բնական է, որ նա կօգտագործի այս գործոնն ու դատարանի որոշումը կներկայացնի որպես «հակահեղափոխական ուժերի» առաջին քաղաքական հաղթանակը, ինչը կուռճացվի։ Սխալ է սա անվանել կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն», – նշեց նա։
Աբովյանը կարծում է, որ բևեռների ձևավորման համատեքստում ՀՀ–ում տիրող իրավիճակը կզարգանա ավելի սրընթաց ու դինամիկ։ Մասնավորապես, նրա խոսքով, Փաշինյանի կողմը կձգտեն բոլոր «հեղափոխական» ուժերը, իսկ Քոչարյանի կողմը` նրանց ընդդիմախոսները։
«Հիմա մենք տեսնում ենք քաղաքական դաշտի հստակ սահմանափակման ձևավորում։ Անկասկած Քոչարյանը հետագայում կզարգացնի իր քաղաքական ակտիվությունը, քանի որ դա այն բանի երաշխիքն է, որ նա չի վերադառնա բանտախուց։ Անձեռնմխելիության հարցի պատճառով իրավաբանական համակարգը հայտնվում է փակուղային իրավիճակում, քանի որ պարզ չեն այս թեմայի զարգացման հնարավորությունները», – նշեց նա։
Նախկին նախագահի անձեռնմխելիությունը
Մեկնաբանի կարծիքով, ակտուալ կարող է դառնալ խորհրդարանի կողմից Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ինչպես նաև այն, թե որքանով է օրենսդիր մարմինը պատրաստ գնալ այդ քայլի, անգամ Սահմանադրությունը փոխելու միջոցով։
«Սահմանադրության ցանկացած փոփոխություն հնարավորություն կտա իրավաբանական համակարգին առաջադրել այլ մեղադրանքներ, այդ թվում` ֆինանսական, ինչը ավելի նման կլինի քաղաքական հետապնդման։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական դաշտին, ապա այն գործում է` կախված իրավիճակից և ենթարկված է վտանգավոր գործոնների։ Եվ հարցը ոչ թե Քոչարյանի մեղավորության կամ Փաշինյանի իրավացի լինելու մեջ է։ Հարցը նախկին նախագահի նկատմամբ գործողությունների իրավաբանական հիմնավորման մեջ է», – ասաց նա։
Հարցի պատմությունը
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-

