Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը

02.11.2016, 17:58
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։

Խնդրագիր դպրոցի օգտին

Ինքը` դպրոցը, բավականին հայտնի է։ Դրա պատմութունը սկիզբ է առնում նախորդ դարի 80–ական թվականների վերջից։ 1989 թվականին Մոսկվայի «Լենինսկիե Գորկի» վերականգնողական կենտրոնում Օֆելիա Առաքելյանը կազմակերպել էր Հայաստանի երկրաշարժից տուժած երեխաների ուսուցում։ Եվ կենտրոնի հենքի վրա 1990 թվականին բացվեց կիրակնօրյա բազմազգ դպրոցը` երկրում առաջին Բազմամշակութային կենտրոնը լեզուների, պատմության և տարբեր ժողովուրդների մշակույթի ուսումնասիրությամբ։ Իսկ 1991 թվականին փորձարարական բազմազգ դպրոց` լեզուների, պատմության և տարբեր ժողովուրդների մշակույթի խորացված ուսուցմամբ։

change.org կայքում օրեր առաջ հայտնվել է «Փրկենք Մոսկվայի Հայկական դպրոցը (ՄՀԴ թիվ 1650) միաձուլումից»։ «Մոսկվայի միակ դպրոցը, որտեղ մեր երեխաները կարող էին պահպանել իրենց մշակույթը, պատմությունը և մայրենի լեզուն, փակվում է։ Միաձուլվելու է մեկ այլ դպրոցի հետ։ Թույլ չենք տա փակել Հայրենիքի մասնիկը»,– ասվում է խնդրագրում, որն արդեն ավելի քան 400 մարդ է ստորագրել։

Միաժամանակ պետք է նշել, որ դա բացառապես հայկական և Մոսկվայի միակ հայկական դպրոցը չէ։ Այն բազմազգ է, և հայոց լեզվի ուսուցումն այնտեղ ֆակուլտատիվ էր։

Իսկ Մոսկվայի միակ հայկական դպրոցը «Լազարևների անվան թիվ 2042 դպրոցն է` արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ», որտեղ հայերենի գնահատականն անցնում է դպրոցական ատեստատ։

Աշակերտների ծնողների դիրքորոշումը

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը որոշել է տեղում պարզել այդ հարցը, շփվել դպրոցի աշակերտների ծնողների հետ։ Թիվ 1650 դպրոցի կառավարող խորհրդի նախագահ Իրինա Ռուբանովայի խոսքով, խնդիրները սկսվել են դեռևս նախորդ տարի, երբ Մոսկվայի կրթության դեպարտամենտում դպրոցի տնօրեն Թերեզա Ծատուրյանի (Օֆելիա Առաքելյանի դուստրը) ուշադրությունն են հրավիրել դպրոցի աշակերտների փոքր թվի վրա։


Դեպարտամենտում նրան հստակ հասկացրել են, որ, քանի որ դպրոցական բյուջեն ձևավորվում է, հաշվի առնելով սովորողների թիվը, ապա դպրոցի գոյության հարցը վիճելի է դառնում։ Դպրոցի նորմալ գործունեության համար, ըստ Ռուբանովայի, պետք է ցույց տալ հաշվի վչա ռկա մոտ 2 միլիոն ռուբլի։

Նա հայտնեց, որ Խորհրդի անդամները դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի օգնությանը։ Դեսպանը խոստացել է ամենամոտ ժամանակում այցելել դպրոց։ Նա նշել է, որ դեսպանությունը ցույց կտա իր ներկայությունը, հետաքրքրվածությունը, որ կհավաքի մշակույթի գործիչներին, գործարարներին, կկազմակերպի կլոր սեղան` միասին լուծում գտնելու համար։

Ռուբանովայի խոսքով, դեսպանին խոստացել են, որ դպրոցը չեն փակի։

«Այդ արտահայտությունը բավականին հետաքրքիր է` դպրոցը չեն փակի։ Ազատում են տնօրենին, երեխաներին այլևս դպրոց չեն ընդունում։ Այժմ ասում են, թե դպրոցը կտեղափոխեն երկու հարկ վերև, մյուս երեք հարկերում ինչ–որ վարչական շենք է լինելու»,– ասել է նա։ Ռուբանովան հայտնել է նաև, որ իրենք նաև դիմել են Ռուսաստանի հայերի միություն, և կազմակերպության արձագանքը հետևյալն էր. «Մենք կողմ ենք։ Մենք ձեզ սիրում ենք։ Դուք մեզ պետք եք»։

Տնօրենն ավելացրել է, որ Մոսկվայի ամենակենտրոնում` հայկական դեսպանության կողքին գտնվող թիվ 1650 դպրոցի հինգհարկանի շենքի մասին շատ է խոսվում ԶԼՄ–ներում, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ պարգևատրել է դպրոցի տնօրենին։

Թիվ 1650 դպրոցի Կառավարող խորհրդի նախագահը անկեղծորեն չի հասկանում, թե ինչու հայերը հետաքրքրված չեն դպրոցի պահպանմամբ և չեն կարող գտնել ոչ այդքան մեծ միջոցներ, որպեսզի իրենց երեխաները սովորեն հարմարավետ պայմաններում:

«Ես դեմ եմ թիվ 1650 դպրոցի միաձուլմանը ցանկացած այլ դպրոցի հետ, քանի որ այն կկորցնի իր դեմքը, մթնոլորտը, ջերմ միջավայրը: Այն մի դպրոց է, որը ստեղծվել է Օֆելիա Վազգենի Առաքելյանի կողմից, որտեղ իմ երեխան ձեռք կբերի գիտելիքներ ոչ միայն դպրոցական ծրագրով, այլ նաև կիմանա իր մայրենի լեզուն, պատմությունը, մշակույթը և կծանոթանա տարբեր ազգերի մշակույթներին: Ինձ համար կարևոր է այլ էթնոսների արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակումը: Կապ չունի ո՛չ կոնկրետ շենքը, ո՛չ էլ փողոցը: Ինձ համար, որպես երեք տղաների մոր, կարևոր է նաև նրանց անվտանգությունը: Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք դառնան բազմակողմանի զարգացած, կրթված, հասարակությանը օգտակար մարդ, ինչին, համոզված եմ, նրանք կարող են սովորել հենց բազմամշակութային թիվ1650 դպրոցում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ծնողներից մեկը` Գայանե Իգիթյանը:

Դեսպանատան և Ռուսատանի հայերի միության դիրքորոշումը

ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը մեկնաբանեց տեղեկատվությունն այն մասին, որ դեսպանատունը խոստացել է օգնել դպրոցի պահպանման հարցում։ Նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ նրանք օգնության մասին խնդրանք են ստացել այս տարվա մայիս–հունիսին։ Հունիսի վերջին դեսպանը հանդիպել է Մոսկվայի Կրթության դեպարտամանետի ղեկավարի տեղակալ Վիկտոր Ֆերտմանի հետ և քննարկել այս խնդիրը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որպես Գյումրու երկրաշարժից տուժած երեխաների վերականգնողական կենտրոն ստեղծված դպրոցն առաջիկա տարվա ընթացքում կաշխատի առանց որևէ փոփոխության։ Այսինքն, դպրոցի վերակազմավորում կամ միաձուլում և առավել ևս փակում չի նախատեսվում։ Սակայն միաժամանակ հարկավոր է ձեռնարկել քայլեր դպրոցում երեխաների թիվը հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։ Այս հարցը չափազանց կարևոր է և մինչև օրս չի լուծվել։ Դեսպատան ներկայացուցիչ Մարիա Բաբայանը հունիսի վերջին հանդիպել է դպրոցի աշակերտների ծնողների և կոլեկտիվի հետ ու նրանց հետ քննարկել է այդ հարցերը», – ասաց նա։

Ռուսաստանի հայերի մության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի խոսքով, ՌՀՄ-ում կարեկցանքով են մոտեցել Մոսկվայում պետական բյուջետային հանրակրթական հաստատության` «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցի» շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: ՌՀՄ-ն միշտ համագործակցել է այդ բացառիկ ուսումնական հաստատության հետ և բարձր է գնահատում վերջինիս բազմամյա ղեկավար Օֆելիա Առաքելյանի գործունեությունը:

Նա հայտնեց, որ դպրոցի տնօրեն Թերեզա Ցացուրյանը հանդիպել է ՌՀՄ-ի ղեկավարության հետ, և Միությունը հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել: Սակայն համատեղ գործողությունների ծրագիր կազմելու պայմանավորվածությունից ավել այլևս նախաձեռնություններով հանդես չի եկել:

«Մենք կիսում ենք մտավախություններն այն հարցի շուրջ, որ միաձուլումից հետո դպրոցը կարող է կորցնել սեփական բացառիկությունը` բազմամշակութային բաղկացուցիչը, որի զգալի մասը հայկական է։ Հարկ է նշել, որ այն «հայկական դպրոց չէ», ինչպես նշվում է հիմա համանացանցում տարածվող խնդրագրերում, այն նաև Մոսկվայում գործող միակ հայկական դպրոցը չէ։ Ինչպես հայտնի է, Մոսկվայում գործում է թիվ 2042 հանրակրթական դպրոցը` անմիջական հայկական բաղադրիչով, կան նաև մասնավոր դպրոցներ։ Սակայն սրանով խնդիրը չի լուծվում։ Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի համացանցում տարածվեն ճիշտ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք իրենց հերթին հանգեցնում են հասարակության հնչեղ արձագանքին», – նշեց նա։

ՌՀՄ–ի փոխնախագահը տեղեկացրեց, որ վերջերս Մոսկվայի բազմաթիվ դպրոցներ են միաձուլվում, ինչն արժանացել է հակասական արձագանքի մասնագիտական միջավայրում և աշակերտների շրջանում։ Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ զուր չեն լինի այս բացառիկ բազմամշակութային ուսումնական հաստատության ղեկավարների, ուսուցիչների, աշակերտների և ծնողների բազմամյա ջանքերը, որոնք ուղղված են այդ բացառիկ դպրոցի ստեղծմանը, որն արդեն զբաղեցրել է իր ուրույն տեղը աշխարհի բացառիկ դպրոցների ցանկում։

«Եվ անգամ նոր դպրոցի հետ միաձուլման դեպքում այդ ավանդույթները կշարունակվեն` հայկական և այլ համայնքների աջակցությամբ, և դպրոցը կշարունակի հպարտանալ իր շրջանավարտներով, ովքեր տիրապետում են միջմշակութային հաղորդակցության հմտություններին», – հայտարարեց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Ելքը համայնքի համախմբումն ու զարգացումն է

Հետևելով համացանցում թիվ 1650 դպրոցին վերաբերող բանավեճերին` ակամայից տպավորություն է ստեղծվում, որ խնդրին հարկավոր է մոտենալ շատ ավելի լայն տեսանկյունից, քան պարզապես կոնկրետ ուսումնական հաստատության պահպանման հարցին։ Առաջանում են մի շարք հարցեր` ինչու՞ է այդ դպրոցում սովորում այդքան քիչ աշակերտ, որ մեկ այլ դպրոցի հետ միաձուլման խնդիր է առաջանում, մայրենի լեզուն սովորելու ցանկություն չկա՞, ինչու՞ են համայնքի ներկայացուցիչները հիշում ՌՀՄ–ի և սփյուռքում գործող այլ կառույցների մասին միայն այն ժամանակ, երբ նրանց օգնություն է հարկավոր։

Ռուսաստանի հայկական համայնքը սեփական խնդիրները լուծելու համար պետք է համախմբվի և ավելի ակտիվ մասնակցի սփյուռքում գործող կառույցների և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դպրոցներում հայերենի ուսումնասիրման խնդրին, ապա ռուսական օրենդրությունը տալիս է նման հնարավորություն։ Ցանկացողների բավարար քանակության դեպքում նրանց տրամադրվում է հնարավորություն ֆակուլտատիվ մակարդակով ուսումնասիրել մայրենի լեզուն։

Իսկ ինչ վերաբերում է հենց հայկական դպրոցներին, ապա այստեղ ելքը մեկն է` ստեղծել մասնավոր դպրոցներ, որոնց գործունեությունը հնարավոր կլինի ապահովվել կամ ծնողների հաշվին (ինչն այդքան էլ մատչելի չէ), կամ հովանավորների նվիրատվությունների հաշվին։ Վերջին տարբերակն ավելի նախընտրելի է, հատկապես մեծ թվով հայկական բնակչություն ունեցող շրջանների համար, օրինակ` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը։ –0–

Հայկ Խալաթյան, քաղաքական տեսաբան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ