Խոհարարությունը՝ որպես արվեստի բարձր տեսակ․ արվեստագետ Չեխը՝ Երևանում նախատեսված վարպետության դասի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Խոհարարությունը կարելի է համարել արվեստ, քանի որ այն, հատկապես բարձր խոհանոցը, պահանջում է շատ լուրջ աշխատանք, երևակայություն և ստեղծագործական ունակություններ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց հայտնի արվեստագետ Արթուր Չեխը Երևանում հունիսի 7-9-ը անցկացվող Yerevan Gastronomic Days–ի նախաշեմին։
«Այս ամենը պետք է մտածել, գտնել համային միացություններ, որոնք կարող են զարմացնել: Չպետք է մոռանալ, որ եթե խոսքը վիզուալ արվեստի մասին է, որով ես զբաղվում եմ, ապա խոհարարությունը ևս պահանջում է մեծ մշակում մատուցման առումով։ Եվ այն պետք է նաև էսթետիկ տեսք ունենա՝ գրավիչ, ախորժելի: Այսինքն՝ խոհարարությունն ինքնին աշխատանք է վիզուալ ձևերի հետ։ Ավելին, այսօր սնունդն ու սնունդ ընդունումն օգտագործվում են որպես արվեստի գործեր։ Ուստի, խոհարարությունը և, այսպես կոչված, ֆուդ–պոռնոն հեշտությամբ կարելի է համարել արվեստի գործեր»,- ասաց Չեխը։
Նրա խոսքով, շնորհիվ այն բանի, որ արվեստը միշտ խոսել է մարդու համար ամենասուրբ և նշանակալի երևույթների մասին, միշտ անդրադարձել է կյանքի թեմաներին, գաստրոնոմիան միանգամից դարձավ դրա մի մասը։
«Այսինքն՝ մենք առաջին իսկ աշխատություններում հանդիպում ենք նույն քարանձավային գեղանկարչությանը, որսի տեսարաններին, սնունդ հայթայթելուն, սպառման ապրանքներին։ Հետևաբար սնունդը շատ խորն է ընդգրկվել մշակույթի պատմության մեջ, այն եղել է հենց սկզբից»,- ասաց Չեխը։
Նա նշեց, որ սնունդը շատ կարևոր դեր է խաղում արվեստի պատմության մեջ, քանի որ այն շատ հաճախ ֆիքսվում է։ Միգուցե սնունդից, ինչպես կնոջից է սկսվում արվեստը։
«Սնունդը շքեղության դրսևորում էր, եթե խոսքը հռոմեական խճանկարների մասին է։ Սնունդը ծիսական արտադրանք էր, եթե խոսում ենք հին եգիպտական որմնանկարների մասին, որոնք նկարագրում են պաշտամունքային ծեսերը կամ հետմահու խնջույքները, որոնք շատ հաճախ պատկերվում էին գերեզմանների պատերին: Սնունդը նաև կյանքի չափանիշ էր, պարզ մարդկային գոյության արժեքը»,- ասաց Չեխը:
Որպես օրինակ՝ նա բերեց հոլանդական գեղանկարչության «ոսկե» դարաշրջանի նատյուրմորտը, երբ հեղափոխություն արած հասարակ բուրժուաներն իրենց համար պատվիրում էին նախաճաշով նատյուրմորտներ՝ իրենց ճաշասենյակներում և խոհանոցներում կախելու համար, որպեսզի դրանք ամեն օր հիշեցնեն իրենց հպարտության, այն բանի մասին, ինչն իրենց գոյության հիմքն է։
«Բացի այդ, մենք պետք է հիշենք, որ ուռճացված, չափից ավելի սպառման մշակույթը ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և տարածվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սա մտորումների շատ կարևոր թեմա է, որը մեզ անընդհատ հիշեցնում է իր մասին փոփ-արտի տեսքով Թիբոյի, Օլդենբերգի, Ուորհոլի գործերի միջոցով։ Նրանք զարմանալիորեն մտորում են այն մասին, թե ինչ ենք մենք սպառում, ինչպես ենք սպառում։ Արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ կան՝ սննդի օգտագործմամբ»,- ասաց Չեխը։
Ինչ վերաբերում է երաժշտությանը, նա հիշեցրեց, որ «ուտելի» փոխաբերությունը հարատև է, հատկապես սիրային լիրիկայում, սիրային երգերում, քանի որ անհիշելի ժամանակներից սնունդը սիրում են իր հյութեղության, համի, հարստության և շքեղության համար։ Այդ պատճառով մարդիկ շատ հաճախ համեմատում են իրենց սիրելիներին, ամենաթանկը հենց սնունդի հետ։ Երաժշտության մեջ կարելի է գտնել բազմաթիվ հիշատակումներ գաստրոնոմիայի մասին, մասնավորապես՝ հայտնի «Warrant» ռոք խմբի «She's my cherry pie» ստեղծագործությունը։
«Խոհարարությունը, որպես արվեստ, տարբերվում է խոհարարությունից՝ որպես արհեստ միայն մոտեցումներով, որոնցով խոհարարը ստեղծում է իր պրոդուկտը։ Որովհետև արվեստի գաղափարը գոյություն չունի օբյեկտիվորեն և անկախ: Արվեստն ինքնատիպ մշակութային պարադիգմ է, որը գոյություն ունի այն բանի հաշվին, որ մենք մշտապես ձևավորում ենք այն։ Հենց այս կամ այն շեֆ խոհարարը կամ խոհարարը սկսում է իր աշխատանքին վերաբերվել որպես արվեստի գործի, ինչպես նաև ստեղծում է այն ցուցադրության, սննդի ցուցահանդեսների համար կամ օգնում է նկարիչներին ստեղծել արվեստի գործեր, նա ինքնաբերաբար դառնում է այն բանի մասնակիցը, ինչը կոչում ենք հրաշալիի բառով՝ «արվեստ», - ասաց Չեխը:
Նա խոստացավ Yerevan Gastronomic Days–ի շրջանակում նախատեսված դասախոսության ժամանակ համառոտ խոսել կերպարվեստում սննդի, արվեստում սննդի պատկերների միգրացիայի, բոլոր սիմվոլիկ գիտելիքների մասին, որոնք արվեստի ստեղծագործություններում օգտագործվել և ներկայացվել են սննդի տեսքով։
Ֆուդ–ֆլորիստիկա՝ վայելք ոչ միայն համի, այլև աչքերի համար
Հայտնի ֆլորիստ-դիզայներ Արայիկ Գալստյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց, որ ֆլորիստիկան ինքնարտահայտվելու արվեստ է, դրա անբաժանելի մասնիկը։
«Ծաղիկների հետ աշխատանքի և կոմպոզիցիաների ստեղծման միջոցով կարելի է փոխանցել աշխարհի մասին սեփական կարծիքը, կարևոր նշանակություն և խորը զգացմունքներ ներդնել աշխատանքում։ Ֆլորիստը, ով տիրապետում է նման նուրբ արվեստին, ստեղծագործական մղումով, հմտորեն փոխանցում է իր երևակայությունը ծաղկային կոմպոզիցիային: Իսկ ավելի ուշ այդ երևակայությունը ստեղծողի ձեռքից անցնում է նվիրողին, ով ծաղկեփունջն ուղարկում է՝ կոնկրետ առաքելությամբ, օրինակ՝ ստացողին խոստովանելով զգացմունքները, փոխանցելով տրամադրություն կամ պարզապես ստեղծելով հաճելի հիշողություններ», – ասաց Գալստյանը։
Նրա խոսքով, ֆլորիստիկայի դերը ծաղիկների միջոցով համեղ ճաշատեսակներ ստեղծելու մի ամբողջ արվեստ է, որոնք բացի գեղագիտությունից և հմայքից կարող են նաև հաղորդել յուրահատուկ համ և նուրբ բույր։
«Օրինակ, այժմ գնալով ավելի տարածված է դառնում տարբեր տեսակի աղցաններին ծաղկաթերթեր ավելացնելը: Եվ իհարկե, խոհարարության մեջ օգտագործվող բույսերն ի սկզբանե հատուկ աճեցվում են այդ նպատակով: Ֆուդ–ֆլորիստներն ամենապարզ, մեզ ծանոթ ուտեստը վերածում են իսկական արվեստի գործի։ Ֆլորիստիկան շատ կարևոր դեր է խաղացել խոհարարության մեջ՝ այն հասցնելով բոլորովին այլ մակարդակի»,- ասաց Գալստյանը։
Նա նաև կարևորեց համագործակցությունը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ։
«Ծաղիկներն ու բույսերը փոխարինեցին ներկերին, վրձիններին և ներկապնակին՝ իմ ձեռքերին ու երևակայությանը: Իսկ իմ կտավը բնությունն է։ Այս համագործակցությունն ինձ համար շատ մեծ հեռանկարներ է բացում։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նկարիչների գործունեությանը։ Եվ սա բացառիկ հնարավորություն է՝ հաղորդակցվել բարձր արվեստի հետ», – ասաց Գալստյանը։
Ցանկացած ռեստորան ներկայացում է, իսկ խոհարարները՝ դերասաններ
Միջազգային մրցույթների դափնեկիր, HoReCa ինտերիերի դիզայներ, IMAGEMAN ստուդիայի հիմնադիր և տնօրեն, Հայաստանի նկարիչների և դիզայներների միության անդամ Միքայել Կարսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշեց, որ գրեթե ցանկացած ռեստորան ներկայացում է, որտեղ հյուրերը հանդիսատեսներ են, իսկ խոհարարներն ու սպասարկող անձնակազմը՝ դերասաններ:
«Հաջողված ներկայացումը ոչ միայն լավ սցենարն է, այլև թեմատիկ, հետաքրքիր դեկորը, երաժշտական և լուսային ձևավորումը։ Նույնը տեղի է ունենում ռեստորանում, որտեղ հյուրերը գալիս են ոչ միայն ուտելու, այլև էմոցիաների համար։ Գրագետ նախագծված և կոնցեպտուալ ձևավորված ռեստորանը միշտ գրավում է ոչ միայն նոր այցելուների, այլև մշտապես վերադարձնում է մշտական հյուրերին: Այն փոքրիկ «թատրոն» է, որտեղ անընդհատ ուզում ես վերադառնալ՝ փնտրելով նոր հույզեր և գաստրոնոմիկ տպավորություններ»,- ասաց Կարսյանը։
Ըստ նրա՝ ռեստորանի իմիջն առաջին հերթին որակյալ սպասարկումն է ու համեղ սնունդը, առանց որոնց նույնիսկ ամենահնարամտորեն մտածված դիզայներական նախագիծը ոչինչ չարժե։ Բայց, իհարկե, այս երկու բաղադրիչների առկայության դեպքում դիզայնը մեծ դեր է խաղում:
«Բոլոր տարրերը սերտորեն փոխկապակցված են բուն հաստատության հայեցակարգի հետ, բայց, իհարկե, կարևոր դեր են խաղում գրագետ նախագծումն ու գոտիավորումը, ինչպես նաև լուսավորությունն ու ճիշտ ընտրված կահույքը», - ասաց Կարսյանը:
Yerevan Gastronomic Days–ի շրջանակում նա խոստացավ կարդալ «Զգացմունքային տարածքներ» դասախոսությունը, որի թիրախային լսարանը ճարտարապետական բուհերի ուսանողներն են, ինտերիերի դիզայներները, ինչպես նաև պոտենցիալ ձեռներեցները, ովքեր նախատեսում են ռեստորան բացել։
«Սա դասախոսություն է այն մասին, թե ինչպես ճիշտ և գրագետ սկսել նախագիծը՝ դիզայների և ռեստորատորների հետ աշխատանքի փուլերը, սեփական ապրանքանիշի ու ոճի ստեղծումը, ինչպես նաև ռեստորանի կառուցման և գործարկման գործընթացը», - ասաց Կարսյանը:
Արթուր Չեխի վարպետության դասը՝ հունիսի 7, 20։30
Արայիկ Գալստյանի վարպետության դասը՝ հունիսի 8, 21։45
Միքայել Կարսյանի վարպետության դասը՝ հունիսի 8, 21։45
Տոմսերը՝ հետևյալ հղմամբ։