Շախմատային գերտերություն. 10 փաստ հայկական շախմատի մասին

20.07.2026, 12:51
Հուլիսի 20-ին  նշվող Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 փաստ հայկական շախմատի ֆենոմենի մասին
Շախմատային գերտերություն. 10 փաստ հայկական շախմատի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը։ Այս օրը 1924 թվականին հիմնադրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE): Երկրների մեծ մասի համար սա պարզապես օրացույցում գեղեցիկ ամսաթիվ է։ Բայց Հայաստանի համար շախմատը ազգային ինքնության մի մասն է. այստեղ այս խաղը վաղուց դուրս է եկել սպորտի շրջանակներից և դարձել համազգային հպարտության առարկա: Չնայած երեք միլիոնից մի փոքր ավելի համեստ թվաքանակով բնակչությանը՝ Հայաստանը պարբերաբար դասվում է մոլորակի ուժեղագույն շախմատային տերությունների շարքին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 փաստ այն մասին, թե ինչպես է դա իրականություն դարձել:

1. Հայաստանում շախմատի մասին գիտեին դեռևս Միջնադարում

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու վարկածով՝ շախմատը Հայաստանում կարող էր հայտնի լինել դեռևս IX դարում: Խաղի մասին հիշատակումներ հանդիպում են XII–XIII դարերի հայկական ձեռագրերում, որոնք այսօր պահվում են Մատենադարանում՝ Երևանի հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում։ Ժամանակակից հայկական շախմատային տերմինաբանության մեջ մինչ օրս պահպանվել են հնագույն անվանումներ, օրինակ՝ «ճատրակը»։

2. Հայկական շախմատի «հայրը» ոչ միայն պարտիաներ էր խաղում, այլև էտյուդներ հորինում

Հենրիկ Գասպարյանն այն կերպարն է, ումից ընդունված է հաշվարկել հայկական շախմատի ժամանակակից պատմությունը: 1930 թվականին նա գրել է շախմատային առաջին գիրքը հայերենով, իսկ 1936-ին հայ շախմատիստներից առաջինը ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Գասպարյանը հռչակվել է ոչ միայն որպես խաղացող, այլև որպես շախմատային էտյուդներ կազմող աշխարհի խոշորագույն վարպետներից մեկը։ Նրա կոմպոզիցիաների ժողովածուները մինչ օրս ուսումնասիրում են գրոսմայստերները։

3.  Տիգրան Պետրոսյանի հաղթանակը համաժողովրդական ցնծություն առաջացրեց

1963 թվականին Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը՝ ստանալով «Երկաթե Տիգրան» մականունը իր բացառիկ հուսալի, գրեթե անառիկ խաղաոճի համար։ Խորհրդային շրջանի Հայաստանի համար, որտեղ ազգային հպարտությունը բացահայտորեն դրսևորելու ոչ այնքան շատ ձևեր կային, այս հաղթանակը վերածվեց իսկական տոնախմբության. մարդիկ երգում ու պարում էին փողոցներում։ Հենց Պետրոսյանի տրիումֆը 1960-ական թվականներին հանրապետությունում շախմատային իսկական բում առաջացրեց։

4.  Գարրի Կասպարովը Հայաստանն անվանել է «թիվ մեկ շախմատային տերություն»

Աշխարհի 13-րդ չեմպիոն, լեգենդար Գարրի Կասպարովը մայրական կողմով ունի հայկական արմատներ (ծննդյան պահին նրա ազգանունը Գասպարյան էր), թեև նա երբեք պաշտոնապես չի ներկայացրել Հայաստանը միջազգային մրցաշարերում։ 2012 թվականին հարցազրույցներից մեկում նա բարձր է գնահատել երկրի շախմատային մշակույթը՝ այն անվանելով «թիվ մեկ շախմատային տերություն» և Հայաստանում շախմատի տարածվածությունը համեմատել Լատինական Ամերիկայում ֆուտբոլի հանրաճանաչության հետ։

5.  Հայաստանն առաջինն աշխարհում շախմատը դարձրեց հանրակրթական դպրոցներում ուսումնական առարկա

2011 թվականի ապրիլին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց շախմատը ներառել դպրոցական պարտադիր ծրագրում։ 2011/2012 ուսումնական տարվանից երկրորդից չորրորդ դասարանների աշակերտներն այն ուսումնասիրում են որպես առանձին առարկա՝ մաթեմատիկային կամ ֆիզկուլտուրային հավասար։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը դիմեց նման քայլի, և նրա փորձով հետագայում հետաքրքրվեցին Իսլանդիայում, Ղազախստանում և այլ երկրներում։

6.  Ազգային հավաքականը XXI դարի շախմատային օլիմպիադաների առաջատարներից է

Անկախության հռչակումից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեք անգամ հաղթել է Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում՝ 2006, 2008 և 2012 թվականներին, ինչպես նաև հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999) և աշխարհի թիմային առաջնությունում (2011)։ Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել 2003 թվականին։ Օլիմպիադաներում հաղթանակների քանակով Հայաստանն անվերապահ առաջատարներից մեկն է։

7.  CNN-ը Արոնյանի հանրաճանաչությունը համեմատել է Բեքհեմի հանրաճանաչության հետ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկար տարիներ դասվում է մոլորակի ուժեղագույն շախմատիստների շարքին։ Նա Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում։ CNN հեռուստաալիքը Լևոն Արոնյանի հանրաճանաչությունը համեմատել է համաշխարհային ֆուտբոլում Դևիդ Բեքհեմի ունեցած հանրաճանաչության հետ։

8․ Հայաստանն աշխարհում առաջատարներից է գրոսմայստերների թվով

Հայաստանը մեկ շնչին ընկնող գրոսմայստերների թվով դասվում է համաշխարհային առաջատարների շարքին։ Բնակչության մի փոքր ավելի, քան երեք միլիոն թվաքանակի պայմաններում այստեղ գործում է մանկական շախմատային դպրոցների և խմբակների մեծ ցանց։ Երևանի գրեթե յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր սեփական շախմատային դպրոցը։

9   Երևանի Շախմատի տունը հազարավոր երեխաների է կրթել դեռ խորհրդային տարիներին

Դեռևս խորհրդային ժամանակներում Երևանում բացվեց Շախմատի կենտրոնական տունը՝ հանրապետության այլ քաղաքներում գործող մասնաճյուղերով, իսկ հեռուստատեսությամբ կանոնավոր կերպով հեռարձակվում էին շախմատին նվիրված հաղորդումներ։ Արդեն 1962 թվականին Հայաստանի շախմատային խմբակներում մարզվում էր շուրջ 30 հազար մարդ, որոնց հետ աշխատում էին մոտ երեք հազար հասարակական հրահանգիչներ և մրցավարներ։

10. Հայաստանում շախմատն ունեցել է իր ամսագիրը

1972-ից 2015 թվականներին Հայաստանում հրատարակվում էր «Շախմատային Հայաստան» մասնագիտացված ամսագիրը, որը պատմում էր խաղի տեսության, պատմության, շախմատային կոմպոզիցիայի և մրցավարության մասին: Մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրի համար ավելի քան չորս տասնամյակ նման ամսագրի գոյությունը հազվագյուտ ցուցանիշ է այն բանի, թե որքան խորն է շախմատն արմատավորված ազգային մշակույթում։

Հետգրություն

Այսօր Հայաստանը մնում է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ շախմատը ոչ միայն մարզաձև է, այլև պետական կրթական քաղաքականության մաս։ Հենց բազմամյա ավանդույթների, ուժեղ մարզչական դպրոցի և երեխաների զանգվածային ներգրավվածության համադրումն է թույլ տվել փոքր երկրին դառնալ աշխարհի ճանաչված շախմատային գերտերություններից մեկը։