Հեծանվորդ Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել Հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 9-ին Ուզբեկստանի Նամանգան քաղաքում անցկացվող SILK WAY NAMANGAN CL2 հեծանվահրապարակի միջազգային մրցաշարի շրջանակում Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Վարելջյան, «Սկրեչ» մրցաձևում փայլուն ելույթով, նվաճել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ դառնալով ոսկե մեդալակիր, հայտնում է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը։
«Սկրեչ» մրցաձևում Արթուրը մրցել է մարզիկների հետ Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից,Բելառուսից, Ղրղզստանից, Ադրբեջանից և Լատվիայից՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և մարտական ոգի՝ հավասարը չունենալով մրցակիցների շրջանում։
Մարզադպրոցից հայտնում են, որ մրցաշարի շրջանակում արդեն երկրորդ օրն է, որ Արթուր Վարելջյանը վաստակում է մրցանակային տեղ․ մեկ օր առաջ նա «Օմնիում» մրցաձևում գրավել էր երրորդ հորիզոնականը՝ պարգևատրվելով բրոնզե մեդալով։
Հայաստանի հեծանվասպորտի մեծահասակների հավաքականի կազմում Նամանգանում հանդես է գալիս նաև մարզիկ Վահե Վիրաբյանը (Հայաստան մարզական միություն),տղաներին ուղեկցում է մարզադպրոցի ավագ մարզիչ Դավիթ Մկրտչյանը։
Մայիսի 12–ին Հայաստանի թիմը մեկնելու է Ղազախստան՝ կրկին հեծանվահրապարակի մրցելույթների։