Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը. Մխիթարյան

16.07.2020, 23:11
Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը. Մխիթարյան
Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին և իր զորակցությունը հայտնել հայ զինվորներին:

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ: Հենո»,- հայտնել է նա Facebook-յան էջում:


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-