The Mirror-ը պատմել է «ժամանակի միջով ճամփորդող հայի» մասին, ով եղել է 5000 թվականում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. «Ժամանակի միջով ճամփորդող հայը», ով հայտնի է Էդվարդ անունով, եղել է 5000 թվականում ու պատմել է Երկիր մոլորակի տխուր ապագայի մասին, հայտնում է The Mirror պարբերականը:
Ըստ աղբյուրի, Էդվարդը պնդում է, որ 2004 թվականին անցկացված գաղտնի գիտափորձի մասն է եղել, ինչը վկայում է ժամանակի միջով ճամփորդելու հնարավորության մասին։
Ամենայն հավանականությամբ Հայաստանում նկարահանված կադրերում նա նշում է, որ Լոս Անջելեսի լաբորատորիաներից մեկում աշխատելու ժամանակ նրան հանձնարարել են մեկնել ապագա ու լուսանկարներ անել:
«Կանգնած էի մեծ փայտե պլատֆորմի վրա: Շենքերը, շինությունները, ամեն ինչ փայտից էր պատրաստված: Ավելի ուշ հասկացա, որ դա նույն Լոս Անջելեսն է, սակայն ջրի տակ», - պարբերականը մեջբերում է Էդվարդի խոսքերը` հղում անելով Yahoo News-ին:
Ներկայացնելով ապագայում ապրող մի մարդու խոսքերը, ում հետ նրան հաջողվել է զրուցել` Էդվարդը նշել է, որ մարդիկ ստիպված են ապրել ջրի տակ ջրհեղեղի պատճառով, ինչն առաջացել է գլոբալ տաքացման հետևանքով։
«Ջրհեղեղի հետևանքներից մեկը հանցավորության աճն էր: Մարդիկ սպանում էին իրար մի կտոր հացի կամ մեկ շիշ մաքուր ջրի համար: Մարդկությունը սկսել էր ավելի շատ նմանվել կենդանիների: Քաղաքակրթությունը կանգ էր առել, միլիարդավոր մարդիկ են մահացել», - փոխանցել է Էդվարդը ապագայում հանդիպած մարդու խոսքերը:
Որպես իր խոսքերի ապացույց` «ճամփորդը» ցուցադրում է ջրի տակ հայտնված Լոս Անջելեսի լուսանկարը:
Նրա խոսքով, մի քանի շաբաթ անց նա վերադարձել է իր հայրենիք` Հայաստան, քանի որ ցանկանում էր հնարավորինս հեռու մնալ այդ հիշողություններից:-0-