Ճաշատեսակների պատրաստման և պահելու կանոններն Ամանորին ընդառաջ

28.12.2016, 13:07
Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է տոնական ճաշատեսակների պատրաստման որոշ կանոններ։
 Ճաշատեսակների պատրաստման և պահելու կանոններն Ամանորին ընդառաջ
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է տոնական ճաշատեսակների պատրաստման որոշ կանոններ։

Ըստ ուղեցույցի, սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե գործ ունենք հում մթերքի, մասնավորապես` հում մսի հետ: Պետք է մաքուր պահել այն մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ, հատկապես հում միս մշակելու դեպքում։ Թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից:

Հում մթերքի հետ աաշխատելիս անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն:

Գնումների ժամանակ նույնպես հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին պետք է դրվեն մյուս սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև: Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում: Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն:

Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման, քանի որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:

Պատրաստի կերակուրը պետք է տաքացնել հանգամանորեն։ Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի:

Արագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ: Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է լավ լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով: Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց կամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել 15-20 րոպե: Եթե կասկած կա ջրի անվտանգության վերաբերյալ, ապա օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել:

Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սունկ։ Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Վատ ինքնազգացողության կամ սրտխառնոցի առկայության, որովայնի շրջանում ցավի, մարսողության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստելուց։ -0-