Հայաստանում նկարահանվում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասը

13.10.2016, 18:16
Հայաստանում ընթանում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
Հայաստանում նկարահանվում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընթանում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը` հիմնականում, թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն` պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության:

Ֆիլմի երկրորդ մասում իրադարձությունները կծավալվեն մեր օրերում` 2016 թ.-ին: Ստեղծագործական թիմը որոշել է ցույց տալ մեծ էկրանին, թե ինչպիսի ճակատագիր է ունեցել հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց:

Ֆիլմի շարունակության ռեժիսորը և սցենարիստը Մհեր Մկրտչյանն է:

«Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է: Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը` արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում: -0-