Հայաստանում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանում Հայրերի օրը պաշտոնապես նշելու նախագիծը։
Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր:
Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ ներկայումս Հայրերի օրն ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել օրվա ընտրության հարցը քննարկել։
Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ օրվա ընտրության վերաբերյալ կարելի է խորհուրդ հարցնել ազգագրագետներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 15-ին որոշում էր ընդունել հունիսի 17-ը նշել որպես Հայրերի օր։ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում:

