ՀՀ–ում Հայրերի օր կլինի. հայտնի է`երբ կնշվի այն
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հունիսի 17-ը նշել որպես Հայրերի օր։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7-ին, գործող կարգավորումները սակայն չեն սահմանում Հայրերի օրը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ փոփոխություններ կատարելու «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17-ը ՀՀ-ում նշելով որպես Հայրերի օր։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը։

