«Չգրված թուղթ» և «դաստայով» հյուրասիրություն. հետաքրքիր և քիչ հայտնի պատմություններ Չարենցի կյանքից

13.03.2026, 11:37
Չարենցին սիրում են շատերը, բայց քչերին է հայտնի նրա առօրյան՝ «Կարմիր շենքի» պատերից ներս։ Հանճարի 129-ամյակի առթիվ ներկայացնում ենք հետաքրքիր դրվագներ նրա կյանքից, որոնք թույլ կտան նորովի ճանաչել մեծն պոետին՝ իր նախասիրություններով ու 12-րդ բնակարանի ջերմ հիշողություններով
«Չգրված թուղթ» և «դաստայով» հյուրասիրություն. հետաքրքիր և քիչ հայտնի պատմություններ Չարենցի կյանքից

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Չարենցին սիրում են շատերը, բայց քչերին է հայտնի նրա առօրյան՝ «Կարմիր շենքի» պատերից ներս։ Հանճարի 129-ամյակի առթիվ ներկայացնում ենք հետաքրքիր դրվագներ նրա կյանքից, որոնք թույլ կտան նորովի ճանաչել մեծն պոետին՝ իր նախասիրություններով ու 12-րդ բնակարանի ջերմ հիշողություններով։

Այսօր մենք հնարավորություն ունենք բացահայտելու Չարենցի կենցաղն ու անձնական ապրումները նախևառաջ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի շնորհիվ, որը տասնամյակներ շարունակ խնամքով պահպանել է պոետի ձեռագրերը։

Регина Казарян

Հենց այդ «փրկված»  ձեռագրերի շնորհիվ այսօր թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է մի բացառիկ նմուշ՝ բանաստեղծի «Չգրված թուղթը», որը կարծես լրացնում է այս օրերին թանգարանում գործող «Լուռ ներկեր. Ռեգինա Ղազարյան՝ հիշողության պահապան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Чаренц

«Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում է ունեցել Չարենցի գրական ժառանգության պահպանման հարցում։ Չարենցն ինքն է ուզել, որ այդ ամենը վստահվի Ռեգինային՝ երևի գիտակցելով, որ նա շատ հավատարմորեն կպահպանի այդ ձեռագրերը։

Նա, իր կյանքը վտանգելով, 17 տարի Չարենցի ձեռագրերը պահեց տակառի մեջ, մոմլաթե կտորով փաթաթեց ու դրեց այդ տակառի մեջ։ Այն երկար տարիներ պահվեց իր բարեկամուհու տան ներքնահարկում` նկուղում», - պատմում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Чаренц

Տնօրենի խոսքով՝ միայն 17 տարի անց, երբ Չարենցն արդարացվեց, Ռեգինան հանեց տակառը, որի միջից դուրս եկան ձեռագրերն ու այդ թանկարժեք «Չգրված թուղթը», որը Չարենցը դեռ պետք է լրացներ, գրեր, և հենց այս թղթում էր, որ պետք է նոր բանաստեղծություններ ծնվեին։

Մեծն պոետի կերպարն ամբողջանում է նաև նրա առօրյա սովորություններով, որոնք թույլ են տալիս տեսնել բանաստեղծի մարդկային ու երբեմն շատ անմիջական կողմը։ Տնօրենը պատմում է, որ պոետն առանձնահատուկ սեր ուներ «դաստախունի» (չրեղենի) հանդեպ։

Чаренц

«Ինչո՞ւ է կոչվում «դաստախուն». որովհետև ինքը սովորություն ուներ հյուրասիրելու «դաստայով» (մեծ քանակությամբ)։ Նա սիրում էր այդ չորացրած մրգերը և դրանք միշտ ունենում էր իր տանը», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Չարենցի հյուրասիրությունը սահմաններ չուներ նաև այլ հարցերում։ Նա ձմերուկի մեծ սիրահար էր և բացարձակապես խնայող չէր. հենց որոշակի գումար էր վաստակում, անպայման վատնում էր՝ կա՛մ գնում էր ամենաթանկ ու որակյալ ձմերուկը, կա՛մ գումարը պարզապես նվիրում էր նրանց, ովքեր այդ պահին օգնության կարիք ունեին։

Чаренц

Պոետի կյանքը Երևանում լի է եղել թափառումներով, մինչև նա գտավ իր վերջնական հանգրվանը։ 1919-ին Կարսից գալով Երևան՝ նա երկար տարիներ ապրել է հյուրանոցներում։ 30-ականներին, երբ Մաշտոցի պողոտայում կառուցվում էր կարմիր տուֆից հայտնի շենքը, նա անցնելիս ասել էր. «Պիտի մի տուն խնդրեմ այս կարմիր շենքից»։

Чаренц

Նրան հատկացվեց 12-րդ բնակարանը, որտեղ նա ապրեց ընդամենը երկու տարի՝ մինչև 1937 թվականի ձերբակալությունը։

Чаренц

Այսօր թանգարանի 4-րդ հարկում գտնվող այդ բնակարանում ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք էր։

Чаренц

Նրա սեղանը, նրա գրքերը, նրա լռությունը․․․Չարենցը հայ գրականության մեջ մնաց ոչ միայն որպես մեծ արձակագիր ու բանաստեղծ։ Նա մնաց որպես մեծահոգի մարդ, մի անհատականություն, ով գիտեր գրել հրեղեն տողեր և նույնքան առատաձեռնորեն կիսվել նրանց հետ, ովքեր իսկապես ունեին դրա կարիքը։