Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը

18.07.2017, 19:08
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն, հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթեր իրականացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

Նշվում է, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթեր է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով:

Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի:

Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից  է։ Ողջ կղզին նաև ազատ առևտրի գոտի է։–0–