Գիտնականները պարզել են ծխելու գլխավոր վտանգը

20.08.2016, 12:15
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:
Գիտնականները պարզել են ծխելու գլխավոր վտանգը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆին գիտնականները պարզել են, որ ծխախոտի դեմ իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս էապես նվազեցնել սուբարախնոիդալ արյունազեղման հաճախականությունը, որը ուղեղի կաթվածի մահացու ձևն է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում, գրում է Lenta.ru–ն։

Բժիշկները գնահատել են ուղեղի կաթվածների հաճախականությունը 15 տարվա ընթացքում։ Պարզվել է, որ արյունազեղումների հաճախականությունն ուղղակիորեն կախված է ծխողների թվից։ Ուղեղի կաթված ստացած մարդկանց թիվը նվազել է 45 տոկոսով 50 տարեկանից բարձր կանանց և 26 տոկոսով նույն տարիքի տղամարդկանց շրջանում։ Միաժամանակ, Ֆինլանդիայում 15–64 տարեկան ծխողների թիվը նվազել է 30 տոկոսով։

Գիտնականների խոսքերով` արդյունքները չեն ներկայացնում պատճառահետևանքային փոխկապակցվածությունը, սակայն մեծ է այն փաստի հավանականությունը, որ ծխելու դեմ պայքարին ուղղված իշխանությունների ջանքերն ազդել են սուբարախնոիդալ արյունազեղման դեպքերի հաճախականության ցուցանիշների վրա։

Սուբարախնոիդալ արյունազեղումն արյան կուտակումն է ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անևրիզմի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։ Գլխուղեղի անոթների անևրիզմ ունեն 70 տարեկանից բարձր մարդկանց 10 տոկոսը, սակայն մեծամասնության դեպքերում այն չի պատռվում։ Միաժամանակ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելն արյունազեղման ռիսկի կարևոր գործոններից մեկն է։ –0–