Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը

19.11.2024, 14:50
Որոշումն ընդունվեց 34 կողմ ձայնով
Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանին այսօր ընդունեց միասնական տոմսային համակարգին անցման պարագայում արտոնություններ տրամադրելու որոշման նախագիծը:

Որոշումն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ այսօր ավագանու նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց տրվող արտոնությունները։

«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների համար՝ 8-18 կամ 17 տարեկան ներառյալ 20% ավելի մատչելի գնով ծառայություն մատուցվի։ Միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30%, ուսանողներին, որոնք ուսանում են Երևանում՝ անկախ հաշվառման վայրից՝ 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի տակ գտնվող մանկատներում և ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և աջակցություն են ստանում պետությունից՝ 20%»,- պարզաբանեց փոխքաղաքապետը։