Հայաստանում շարունակում են գործել արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը. ոստիկանություն

19.05.2018, 16:26
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:
Հայաստանում շարունակում են գործել արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

«Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:
Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում:-0-