Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք

11.02.2017, 16:35
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android ՕՀ–ով և առանձնանում է գրավիչ գնով, հաղորդում է newsru.com-ը:

Իր տեսակի մեջ առաջին լափթոփն ունի 12,2 դյույմանոց սենսորային HD էկրան, Intel Atom X5 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ հիմնական հիշողություն: Սովորական ստեղնաշարի փոխարեն Yoga A12-ն օժտված է սենսորային պանելով` շոշափելի հետահարմամբ, որը ունակ է սովորել և հարմարվել տիրոջ կողմից տեքստի հավաքման ձևին: Նմանատիպ որոշում առաջին անգամ կիրառվել էր աշնանը ներկայացված Lenovo Yoga Book-ում:

Երկու դինամիկ ունեցող նոութբուքը առանձնանում է նաև բարակ կորպուսով. նրա նվազագույն հաստությունը կազմում է ընդամենը 5,4 մմ, Yoga A12-ը կշռում է կիլոգրամից պակաս: Սարքն ավտոնոմ աշխատում է 13 ժամ:

Ինչպես նշում են ընկերությունից, նորույթն առաջին հերթին նախատեսված է զարգացող շուկաների համար և ուղղված է Android սարքերի ակտիվ օգտատերերին: Lenovo Yoga A12-ի վաճառքի մեկնարկը մոխրագույն և վարդագույն գույներով ակնկալվում է փետրվարի 8-ին, իսկ հիբրիդային նոութբուքի նվազագույն արժեքը կկազմի ընդամենը 299 ԱՄՆ դոլար: -0-