Վստահության մակարդակի աճ և նոր հնարավորություններ. Փաշինյանը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործնական կարգավորման մասին
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երկու երկրների միջև փոխադարձ վստահության մակարդակը պետք է բարձրացվի և ստեղծվեն նոր հնարավորություններ երկկողմ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների գործնական կարգավորման վերաբերյալ հարցին։
«Մենք կաշխատենք այս ուղղությամբ, քանի որ մեր հետագա օրակարգը շատ ընդարձակ է։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, մենք պետք է շարունակենք քննարկումները դրա ստորագրման և վավերացման շուրջ», - շաբաթ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են քննարկվել։ Վաշինգտոնում հանդիպումը չի նշանակում երկկողմ ձևաչափով աշխատանքի ավարտ կամ փոխակերպում։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

