Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այսօր ընդլայնված կազմով քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք կան օրակարգում։
«Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։
«Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»,- նշել է վարչապետը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի համագործակցության, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։
«Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,- նշել է Լավրովը:
Լավրովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը բարձր գնահատական տալու համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։
«Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում»,- նշել է Լավրովը:
Լավրովի խոսքով, այս այցի ընթացքում կդիտարկվի նաև երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։
«Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Այսօր առավոտյան Երևան է ժամանել ռուսական պատվիրակությունը, որի կազմում բացի ՌԴ ԱԳ նախարարից ներառվել են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։–0–