Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ աջակցելով Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին։
«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։
Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։
Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։
Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։
Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։
Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։
Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։
Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ...», – գրել է նա նախօրեին Facebook–յան իր էջում։
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։