«Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է»․ Շառլ Ազնավուրի որդին կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը դիմել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը։
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։
«Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար», – նշվում է Ազնավուրի ուղերձում։
Նա նշել է, որ Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով:
«Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման։ Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:
Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տանք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել:
Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը», – նշել է Ազնավուրը։
Հայաստանի և աշխարհի արձագանքը
Փետրվարի 27-ին 28 հայկական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ կոչ անելով անհապաղ աջակցել Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինի պահվող մյուս հայ քաղաքական բանտարկյալների ազատմանը։
Նույն օրը «Ազնավուր» հիմնադրամը և ևս 10 հայկական կազմակերպություններ դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ և կոշտ դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի նկատմամբ։
Փետրվարի 28-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արտահայտելով իր մտահոգությունը 23 հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից կազմակերպված «դատական գործընթացների» վերաբերյալ հրապարակումների առնչությամբ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը նույնպես պահանջել է Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ ազատում։
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը նախկինում հստակ հայտարարություններ չէր անում, քանի որ «չէինք ցանկանում հրահրել խոշտանգումներ և արգելված մեթոդների կիրառում»։
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն «եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան»։