BBC–ին պատմել է Բաքվում հայերի դատերի, խոշտանգումների և Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է Բաքվում տեղի ունեցող դատական նիստը Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ, որոնցից ամենահայտնին նախկին ռուսաստանաբնակ բանկիր Ռուբեն Վարդանյանն է (2022 թվականին նա շուրջ 4 ամիս պաշտոնավարել է Արցախում՝ որպես պետնախարար, խմբ)։
Հոդվածում նշվում է, որ անցած շաբաթվա գլխավոր թեմաներից էր ոչ թե ամբաստանյալների ցուցմունքները, այլ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը, որը զգալիորեն վատթարացել է հացադուլի պատճառով: Փետրվարի 25–ին դատական նիստի ժամանակ բժիշկ է կանչվել, որից հետո նիստը շարունակվել է:
Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի խոսքերով, դատարանը մերժել է լսումները հետաձգելու մասին միջնորդությունը: Վարդանյանի պաշտպանական կողմը դա որակել է որպես միջազգային իրավունքի անտեսում, ինչպես նաև հայտարարել է «ամբաստանյալների նկատմամբ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին»։
Ինչպես նշում է BBC-ին, Վարդանյանն իր ընտանիքին պատմել է, որ իր և փաստաբանի վրա «ճնշում են գործադրել», որպեսզի նրանք ստորագրեն «չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները»։
Անցյալ տարի նրա օտարերկրյա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին պահում են խոշտանգումների պայմաններում, գիշերը լույսը չեն անջատում, թույլ չեն տալիս լվացվել կամ փոխել հագուստը։ Նրանք նաև նշել են, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալին։
Վարդանյանի գործն առանձնացվել է առանձին վարույթով։ Բայց այս նույն օրերին Բաքվում դատում են ևս 15 հոգու։ Նրանց թվում են Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա երկու նախորդները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Բացի հանրապետության ղեկավարներից, Ադրբեջանը պահում է տասնյակ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:
Հայաստանի արձագանքը
Փետրվարի 28-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատավարություններն անվանել է «բեմականացված» և «ուղեկցված դատավարական կոպիտ խախտումներով և խոշտանգումների բացահայտ նշաններով»։
Մինչև վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր չմեկնաբանել Բաքվի դատերը, գրում է BBC-ն։ Բայց նա վերջերս հայտարարեց, որ Երևանը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ «նախկին ղեկավարների նկատմամբ արգելված հոգեմետ դեղեր են օգտագործվում՝ ցուցմունքներ ստանալու համար՝ տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով»։
Սահմանափակ տեղեկատվություն ԶԼՄ–ների համար
Բաքվում կազմակերպվող դատական նիստերի մասին քիչ տեղեկություններ կան։ Տեղի լրագրողական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունները կիսափակ են ընթանում. նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս ներս մտնել (հազվադեպ բացառություններով):
Այնուամենայնիվ, անցած շաբաթվա նիստերից հրապարակված մի քանի կադրեր բուռն քննարկում առաջացրին սոցցանցերում և հանգեցրին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին, երբ հայտնի դարձավ, թե ինչ վատ վիճակում է Ռուբեն Վարդանյանը հացադուլից հետո։ BBC-ն ևս մի քանի անգամ փորձել է հեռախոսով և փոստով կապ հաստատել նրա ադրբեջանցի փաստաբանների հետ, սակայն պատասխան չի ստացել։