ԼՂՀ նախագահն ու ՀՀ սփյուռքի նախարարը քննարկել են Հայրենիք-սփյուռք հարաբերությունները

14.10.2010, 14:28
ԼՂՀ նախագահն ու ՀՀ սփյուռքի նախարարը քննարկել են Հայրենիք-սփյուռք հարաբերությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել հինգշաբթի Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը կարևորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:

Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատև բնույթ:

«21-րդ դարի մարտահրավերներ՝ տեղեկատվական անվտանգությունը և հայկական զանգվածային լրատվամիջոցները» համաժողովն առաջին անգամ է անցկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում։  Համաժողովին մասնակցում են մոտ 200 լրագրողներ 27 երկրից, մասնավորապես, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կանադայից, Սիրիայից։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի սփյուռքի նախարարությունը, ԶԼՄ-ների համահայկական ասոցիացիան և Հայաստանի ժուռնալիստների միությունը։ -0-