Հայտնի ամերիկացի անիմատոր, ReAnimania անիմացիոն փառատոնի միջազգային խորհրդի նախագահ Ֆրենկ Գլադսթոնը դեմ չէ հայ թագավոր Արա Գեղեցիկի և ասորի թագուհի Շամիրամի ողբերգական սիրո մասին հայտնի լեգենդի մոտիվներով անիմացիոն ֆիլմ նկարահանել։
«Ես արդեն ուսումնասիրել եմ Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրո լեգենդար ողբերգական պատմությունը, և դեմ չէի լինի ֆիլմ նկարահանել՝ մի պայմանով, որ սցենարով հայ կինոսցենարիստները զբաղվեն»,- հինգշաբթի ReAnimania (սեպտեմբերի 9-13-ը) երկրորդ փառատոնի շրջանակներում Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գլադսթոնը։
Ըստ նրա՝ այդ պատմությունը միանգամայն կինոմատոգրաֆիական է։
Այդ կապակցությամբ Գլադսթոնն ընդգծեց, որ Հայաստանի մշակութային ժառանգությունն ու հարուստ պատմությունը կարող են «ոսկե երակ» դառնալ հանրապետությունում անիմացիայի զարգացման համար։
«Շատերը կարծում են, որ եթե նրանք հոլիվուդյան կինոնկար նկարահանեն, հաջողությունը նրանց ապահոված է։ Սակայն Հայաստանին դա պետք չէ։ Դուք այնքան հարուստ պամություն և մշակութային ժառանգություն ունեք, որ դա կարող է «ոսկե երակ» դառնալ անիմացիայի զարգացման համար»,- ասաց նա։
Ըստ անիմատորի՝ հայկական անիմացիայի կարևորագույն պայմանը պետք է դառնա ունիվերսալ պատմությունը, որի հիմքում ընկած են բոլորին հասկանալի հարաբերությունները։
Գլադսթոնն ավելացրեց, որ Հայաստանում ևս մեկ կարևոր յուրահատկություն կա՝ այստեղ այնպիսի մասնագետներ կան, ովքեր ցանկություն ունեն և կարող են զբաղվել անիմացիայով։ -0-